Սա Հայաստանն է ու վերջ

Ամեն առավոտ «Կիլիկիա» ավտոկայանում կարելի է Ստեփանակերտ գնացող երթուղային գտնել: Երկու մայր քաղաքներն իրար կապող ճանապարհը ձգվում է երկար-բարակ, ավելի հաճախ՝ ոլոր-մոլոր: Ուղեւորությունը Երեւանից Ստեփանակերտ տեւում է 6-7 ժամ, արժեքը 5000 դրամ է: Արցախ կարելի է հասնել ինչպես Վարդենիսով, այնպես էլ Գորիսով անցնող ճանապարհներով:
Այս սեզոնին Վարդենիսով անցնող ճանապարհն աննկարագրելի գեղեցիկ է: Մի քանի մետր ձգվող ծաղիկների դաշտերը ստիպում են ոչ միայն հիանալ, այլեւ կանգ առնել ու լուսանկարվել:
Արցախի բնությունը յուրօրինակ ու կանչող է անգամ լեռների սովոր հայաստանցիներիս համար: Այստեղ ոտք դնելու առաջին իսկ պահից անտառներն ու ժայռերը, լեռնային հզոր զանգվածները սիրտդ լցնում են յուրօրինակ հպարտությամբ:
Ճանապարհից թարմ ասֆալտի հոտ է գալիս. ակնհայտ է՝ նոր են վերանորոգել: Միայն ափսոս, որ մասնագետները հաշվարկներում մի փոքր սխալվել են ու ձյութի չափաքանակը նախատեսվածից շատ արել… Բարձր ջերմաստիճանի պայմաններում ճանապարհի տարբեր հատվածներում կարելի է ձյութի «լճացումների» հանդիպել: Հուսով ենք՝ մասնագետներն ի վերջո ճիշտ հաշվարկների արդյունքում կկարողանան արդյունավետ եւ արագ լուծումներ գտնել առկա թերությունները վերացնելու համար:
6 ժամ ճամփա գնալն իրականում հոգնեցուցիչ է, հատկապես շոգ եղանակին: Կարելի է ազատ մի քանի անգամ քնել ու արթնանալ մեքենայում՝ ամեն անգամ տարբեր «բնակլիմայական» գոտիների հանդիպելով՝ ամենատոթից մինչեւ զով եղանակ: Վարդենիսն Արցախին կապող ճանապարհին բավականին մոտ է Դադիվանքի վանական համալիրը, որի մասին «Ճամփորդն» արդեն պատմել է: Եթե սեփական մեքենայով գնալու լինեք, խորհուրդ ենք տալիս այն անպայման ներառել ձեր այցելությունների շարքում: Եթե հասարակական տրանսպորտով եք, ապա կարող եք դիտել մեր հրապարակած լուսանկարներն ու գոնե դրանցով «մխիթարվել»:
…Վերջապես Ստեփանակերտում ենք: Երեւանյան շոգերից հետո թվում է՝ ոչինչ չի կարող հիասթափեցնել մեզ: Բայց մեքենայից իջնելու առաջին իսկ պահից դեմքիդ է զարկում խոնավ օդն ու մարմինդ պատում յուրօրինակ… զգացողությամբ: Մի պահ թվում է՝ ծովափնյա քաղաքում ես: Բայց միայն մի պահ: Արագ ուշքի ես գալիս ու փորձում ենք որքան հնարավոր է շուտ ծածկված տարածքում հայտնվել: Նստում ենք ամենամոտ կանգնած տաքսին: Տաքսիների նվազագույն վճարն Ստեփանակերտոում 600 դրամ է, ինչպես Երեւանում կամ այլ քաղաքներում: Բայց ինչպես պարզվում է երթի ընթացքում՝ Արցախում տաքսիստները յուրահատուկ «մշակույթի» տեր են: Կարող են, ասենք, 1-2կմ տեղափոխելու համար 800 դրամ պահանջել, ու վերջում հայտարարել՝ «Սա Հայաստանը չէ, այստեղ գները թանկ են»: Առաջին նման արտահայտությունն, ինչ խոսք, զարմանք, անգամ զայրույթ է առաջացնում, երկրորդ-երրորդը դառնում են սովորական, երրորդ-չորրորդից նման արտահայտություն անող յուրաքանչյուր անհատի ստիպված ենք լինում լայն ժպիտով ասել՝ «Սա Հայաստանն է, ու վերջ»: Մի քանի օրվա ընթացքում հասցրել ենք ոչ միայն իրազեկել բազմաթիվ քաղաքացիների այս մասին, այլեւ տաքսու վարորդների հետ նախապես գին պայմանավորվել, իմանալ՝ որտեղից կարելի է ամենաթարմ միրգ-բանջարեղենը գնել, ուտել ամենահամեղ ժենգյալով հացը, ուր արժի այցելել Ստեփանակերտում, Շուշիում եւ առհասարակ՝ ամբողջ Արցախում…
Արցախը յուրօրինակ հատկություն ունի՝ փոքրիկ տարածքում բազմաթիվ թաքնված գանձեր կան, որ կարելի է բացահայտել ամեն անգամ նորովի, ամեն անգամ նոր սիրով… Արցախի թաքնված գանձերի մասին «Ճամփորդը» կպատմի հաջորդիվ:
Տաթեւիկ Սարգսյան