ԵԽԽՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաշվի են առնվել մարդկանց հիմնարար իրավունքները և ընտրությունները վայելել են հանրային լայն վստահություն, ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության օրերս հրապարակած զեկույցում: Ինչպես և կարգն է, զեկույցը մանրամասն անդրադառնում է նախընտրական և հետընտրական շրջաններին, ինչպես նաև բուն ընտրությունների օրվան՝ առանձնացնելով մի շարք կարևոր շեշտադրումներ:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, ապա այստեղ ևս գերակշռում են դրական գնահատականները, որոնք փաստում են, որ ընտրություններում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել: Մասնավորապես, զեկույցը փաստում է նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերին հատկացված լուսաբանման հավասար հնարավորությունների մասին: Որպես օրինակ՝ զեկույցում նշվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական շրջանում նվազեցրել է իշխող ուժի մասին լուսաբանումները՝ 79 տոկոսից այն հասցնելով 18 տոկոսի: Բազմակարծության ապահովման համատեքստում հատուկ շեշտադրվում է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված հեռուստաբանավեճը կուսակցությունների ցուցակները գլխավորող գործիչների մասնակցությամբ, որը հնարավորություն տվեց ընտրությանը մասնակցող ուժերին հավասար պայմաններում բանավիճել իրենց մրցակիցների հետ:
Նախընտրական շրջանի վերաբերյալ հատկանշական էին նաև զեկույցի շեշտադրումներն առ այն, որ ընտրությունների ժամանակ վարչական լծակների կիրառումը բացառելու նպատակով, գործող իշխանություններն իրականացրել են նախնական զգուշացումներ և բացատրական աշխատանքներ դպրոցների տնօրենների, առողջապահության ոլորտի աշխատակիցների, տեղական իշխանությունների հետ:
Ընտրության օրվա վերաբերյալ զեկույցում զուգահեռներ են անցկացվում 1995 թվականից ի վեր Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների միջև՝ փաստելով, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ բացակայում էին հաճախ պատահող ընտրախախտումները, ինչպես, օրինակ, ձայների համակարգված գնումը, ընտրողների վրա ճնշումների գործադրումը, որոնք նախկինում հանգեցրել են ընտրական գործընթացների վերաբերյալ հանրության անվստահության, վախի և անպատժելիության մթնոլորտի: Համաձայն զեկույցի՝ ընտրությունների օրն անցել է խաղաղ և հանգիստ, առանց ընտրողների դեմ հարկադրանքի և ահաբեկման փորձերի: «2018 թվականի խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել իրենց իրական մրցակցային բնույթով»,-ասվում է զեկույցում:
Հետընտրական շրջանի վերաբերյալ շեշտադրումներում, որպես դրական հանգամանք, գլխավորապես, խոսվում է ներկայիս իշխանությունների մոտ առկա քաղաքական կամքի մասին՝ խստորեն քննելու և պատժելու ձայների գնման ցանկացած դեպք: Որպես դրական հանգամանք նշվում է, որ ընտրախախտումների վերաբերյալ բողոքարկման գործընթացի հետ կապված միջազգային դիտորդների մոտ մտահոգության որևէ պատճառ չի առաջացել: Բացի այդ, շեշտվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալ և թափանցիկ աշխատանքն, ինչի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել սահմանված բոլոր ժամկետները:
Ինչ վերաբերում է զեկույցում տեղ գտած ընտրական գործընթացում արձանագրված թերություններին, ապա պետք է փաստել, որ դրանք հիմնականում կրում են տեխնիկական և մասնավոր բնույթ: Նման թերությունների շարքում են, օրինակ, ընտրական համակարգի բարդությունը, տեսախցիկների ոչ ճիշտ դիրքը, ագրեսիվ հռետորաբանության մասնավոր դեպքերը, որոշ թեկնածուների կողմից իրենց քարոզարշավն անմիջականորեն ֆինանսավորելու դեպքերը, առանձին կուսակցությունների և դիտորդների միջև առկա ուղղակի կապերը և այլն:
Զեկույցում ներկայացված են նաև մի շարք առաջարկներ, որոնք կարող են նպաստել հետագայում ընտրական գործընթացների առավել բարելավմանը:
Ամփոփելով` կարող ենք փաստել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցն իր բնույթով աննախադեպ է և փաստում է Հայաստանի անկախացումից ի վեր ընտրական գործընթացներում տեղի ունեցած ամենամեծ առաջընթացի մասին: