Օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի մեկնարկը շուտով

«Օրգանական միրգ է, հանգիստ կերեք» կամ «բնական օրգանական արտադրանք» հաճախ այսպիսի արտահայտություններ ենք լսում, որ ֆերմերներն օգտագործում են և հարց է առաջանում ի՞նչ ասել է օրգանական։
Օրգանական գյուղատնտեսությունը արտադրության կառավարման միասնական համակարգ է, որը խթանում և ամրապնդում է առողջ ագրոէկոհամակարգը, այդ թվում՝ կենսաբազմազանությունը, կենսաբանական շրջափուլերը և հողի կենսաբանական ակտիվությունը։ Օրգանական գյուղատնտեսությունը խրախուսում է բնական միջոցների կիրառումը և մերժում սինթետիկ պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը (Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, 2018)։
Ահա այսպես է սահմանում Օրգանական գյուղատնտեսության շարժման միջազգային դաշնությունը (IFOAM Օրգանիկս Ինթերնեշնլ) օրգանական գյուղատնտեսությունը: Կարևոր է նշել, որ օրգանական գյուղատնտեսությունը առաջնորդվում է կենդանի օրգանիզմներին բնորոշ տրամաբանությամբ և սկզբունքներով, որտեղ բոլոր տարրերը (հող, բույս, գյուղատնտեսական կենդանիներ, միջատներ, ֆերմերների գործունեություն և տեղական պայմաններ) սերտորեն կապակցված են միմյանց հետ։ Այն յուրահատուկ էկոհամակարգ է, որի կառավարումը պետք է հարմարեցվի տեղական պայմաններին, շրջակա միջավայրին, մշակույթին և մասշտաբներին (Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, 2018):
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ աշխատանքները սկսվել են մոտ մեկ տասնամյակ առաջ՝ տեղական ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ։ Սակայն օրգանական գյուղատնտեսության և օրգանական մթերքի վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանում էականորեն բարձրացել է վերջին 3 տարիների ընթացքում, երբ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (Austrian Development Agency) կողմից համաֆինանսավորվող նախագծի միջոցով բազմաթիվ փոքր գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններ ստացան աջակցություն օրգանական գյուղատնտեսության գծով։ Նախագիծը նաև հայաստանցի արտադրողներին օգնել է ի հայտ բերել ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններ։ Հայկական արտադրության հավաստագրված օրգանական մթերքները, ինչպիսիք են մեղրը, թեյը, հյութերը, չրերը, երկրի ներսում ժողովրդականություն վայելելուց զատ, նաև մուտք են գործել եվրոպական շուկա։
Հայաստանում օրգանական արտադրության վերաբերյալ իրազեկման և դրա խթանման նպատակով իրականացվել են բազմազան նախագծեր, որոնք գրանցել են դրական արդյունքներ, բայց ավաղ, հարակայուն չեն եղել։
Օրգանական գյուղատնտեսության հանդեպ օրեցօր աճող հետաքրքրությունը խթան է հանդիսացել որպեսզի Վիեննայի BOKU համալսարանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) նախաձեռնեն «Օրգանական գյուղատնտեսության խթանումը Հայաստանում» (BOAA) ծրագիրը: BOAA ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական կրթական ծրագիր, պատրաստել օրգանական գյուղատնտեսության համապատասխան գիտական և գործնական գիտելիքներով զինված մասնագետների և հետազոտողների։
«Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել է Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների (BOKU) համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի համատեղ ջանքերով՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) «Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագիր» (APPEAR) ծրագրի միջոցով «Օրգանական գյուղատնտեսության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:Այս ծրագիրը բացառապես կազմվել է ուսանողների, ֆերմերների, դասախոսների և հենց օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողների կողմից՝ հաշվի առնելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հանդեպ իրենց հետաքրքրությունը։ Ծրագրի կազմավորման կարևորագույն քայլերից մեկը եղել է օրգանական գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կարիքների ուսումնասիրությունը։ Կարևորվել են ֆոկուս խմբային քննարկումները և հարցազրույցները ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում ձևավորվել է շահակիցների խորհուրդ, որում ներգրավված ոլորտի մասնագետների հետ համագործակցությունը հնարավորություն է տվել ստեղծել տեղայնացված և կիրառելի ուսումնական պլան:
Հետևելով ծրագրի ուսանողակենտրոն գաղափարին՝ անհատական և խմբային աշխատանքներ են տարվել ծրագրով հետաքրքրված ուսանողների հետ, որոնք հնարավորություն են ունեցել այցելել օրգանական ֆերմաներ, մասնակցելու օրգանական գյուղատնտեսությանն առընչվող թեմաներով վերապատրաստումների, մշակել նյութեր, մասնակցել քննարկումներին և այդպիսով մեծ ներդրում ունեցել մագիստրոսական ծրագրի վերջնականացման գործում։
Օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում կմեկնարկի 2020թ. սեպտեմբերից: Այս ընթացքում ծրագրի դասախոսական կազմը վերապատրաստվում և նախապատրաստում է արդիական առարկայական ծրագրեր:
Լուսանկարները՝ «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»