Recent Articles նոր
  • 07:43
  • 08:02
  • 13:29
  • 09:45
  • 12:55
  • 08:31
  • 13:34
  • 07:34

ՀԵՏՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԽՈՀԵՐ՝ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

44

Մեծ առաջընթացը երբեմն ակնառու է դառնում անգամ դետալներում, ինչի առկայության մեջ շատ հաճախ համոզվում ես սեփական փորձով։ Հարսանյաց արարողության կազմակերպումը նմանատիպ մի փորձ էր, որը վերստին ապացուցեց, որ առողջ մրցակցությունը՝ զարգացած տնտեսության առաջնահերթ բաղադրիչը, արդեն գոյություն ունի նաև մեզ մոտ, որ մոտ ժամանակներում այն կներթափանցի նաև ոլորտներ, որտեղ այն դեռևս չկա:

Գաղտնիք չէ, որ հարսանիքի կազմակերպման մեջ ներգրավվում են տարատեսակ ընկերություններ, որոնք զբաղվում են հարսանյաց սրահների ու երաժիշտների տրամադրումից, մինչև հարսանյաց մեքենայի վարձույթ, խմիչքներ և սնունդ: Սկզբում տարօրինակ էր հնչում, երբ ծանոթներիցս լսում էի, որ հարսանյաց տոնը կազմակերպելու համար այս կամ այն ընտանիքը վարկ է վերցրել: Բայց իսկապես, եթե ուզում ես սրտիդ ուզած տոնը կազմակերպել, ապա միջին աշխատավարձով ապրող մարդու համար ծախսելիքը շատ է։ Վերջին մի քանի շաբաթները ցույց տվեցին ինձ, թե ուր կարող է հասնել որոշ բիզնեսմենների ագահությունը, և միևնույն ժամանակ որքան մեծահոգի կարող են գտնվել մյուս մատակարարները: Ինձ հաճելիորեն զարմացրեց մեր հայկական գինեգործական ընկերությունների սրտաբացությունն ու խելամիտ կերպով համագործակցելու պատրաստակամությունը:

Այնուամենայնիվ, այլ ոլորտների մատակարարների մեծ մասի վարքը միանգամայն անընդունելի էր, կոպիտ և տրամագծորեն հակառակ լավ կազմակերպության գործելակերպին:

Ենթադրելի էր, որ ամուսնական արարողությունը սպասարկող մատակարարները կարող են համեմատաբար ավելի մեծ գումարներ պահանջել: Ամբողջ աշխարհում է այդպես: Սա յուրահատուկ օր է, պահանջարկը մեծ է, իսկ որոշակի հատուկ ծառայությունների մատակարարները՝ քիչ:  Սակայն կա հավասարակշռության կետ, որտեղ մատակարարի և գնորդի շահերը հատվում են, և գինն այլևս չի բարձրանում: Դա օրինաչափ է աշխարհում, մինչդեռ Հայաստանում նման դեպքերը եզակի բացառություն են:

Դիցուք, երիտասարդ զույգը որոշել է ամուսնանալ ու ցանկանում է շատ համեստ մի արարողություն կազմակերպել։ Որոշ իրեր նման առիթներին պարտադրվածության աստիճան ընդունված են։ Օրինակ, վերցնենք ամենաանհրաժեշտը՝ վրանների, մեքենայի վարձույթի և տպագրական ծառայություններ մատուցող ընկերությունների բիզնես առաջարկները: Տհաճ էր, երբ նրանք իմանալով, որ դա Լևոնի և իմ հարսանիքն է, սովորականից կրկնակի ավել էին պահանջում: Ու գիտեք, ես վստահ եմ, որ նրանք նույն կերպ կվարվեին նաև այլ զույգերի հետ՝ եթե տեսնեին, որ սրտաբաց մարդիկ են կամ նորմալ են վաստակում։

Բայց այս ամենից զատ, անգամ սրա մեջ Հայաստանի տնտեսության համար դրական նորություն կա:  Ես մրցակցություն եմ տեսնում:  Անհիմն կերպով իրենց միօրինակ ծառայությունների և ապրանքների համար անտրամաբանական գներ սահմանող անբարեխիղճ ընկերություններն այսօր մրցակցության մեջ են: Եվ սա 20 տարի առաջվա Հայաստանի համեմատ նկատելի առաջընթաց է: Մրցակցությունը՝ աշխատող տնտեսության նշան է: Իսկ մրցակիցները հրաշալի ծառայություն մատուցող ընկերություններն են։

20 տարի առաջ, երբ ամեն դաշտում ընդամենը մեկ-երկու մատակարար էին գործում, սպառողները չունենալով ընտրության այլ հնարավորություն, ստիպված համաձայնում էին՝ ցանկացած պարագայում մեծ վնասներ կրելով: Սակայն այսօր արդեն՝ ամեն օր հաճելիորեն զարմանում ես միևնույն ծառայության կամ ապրանքի համար նոր՝ ավելի ձեռնտու առաջարկներ գտնելով:

Պետք չէ վախենալ անգամ այն դեպքում, եթե մատակարարը միակն է: Սեփական օրինակ բերեմ․իմ դեպքում հարսանյաց հանդիսության վրանների մատակարարը միակն էր, որը տրամադրվելիք վրանների դիմաց՝ աստղաբաշխական գումար էր պահանջում: Իրավիճակից դուրս գալու համար ես միջոց գտա նաև այդ դեպքում: Հարսանեկան արարողության համար անհրաժեշտ վրանները պատրաստեցի ներկրված կտորով: Արդյունքում դա զգալիորեն ավելի մատչելի էր, քան մեկ օրով այդ վրանները վարձելը: Իսկ նման առիթների ժամանակ իմ վրաններն արդեն ես կառաջարկեմ իվենթ մենեջերներին՝ վարձակալության համար շատ ավելի խելամիտ վարձավճարով: Այդ արդեն նախկին միակ մատակարարն էլ՝  ի դեմս ինձ՝ փաստորեն նոր մրցակից կունենա:

Կարծում եմ անբարոյական է հուսահատ հարսանեկան զույգերից, ովքեր հաճախ սուղ միջոցներ են ունենում երաժիշտների, հարսանեկան մեքենայի վարձույթի համար նման գումարներ կորզելը: Իսկ ի՞նչ է պետք անել նման պարագայում: Հարկավ, պետք է դիմել մրցակիցներին:

Եթե մենք զարգացած տնտեսություն ենք ցանկանում ունենալ, ապա ընկերությունները պետք է հաշվի նստեն մրցակիցների և հանրային կարծիքի հետ:

20 տարի առաջվա Հայաստանն ավելի շատ հիմնված էր անձնական ծանոթությունների և ազդեցության ուժի վրա: Դու պետք է ընդունեիր միակ մատակարարի պահանջած ցանկացած գին: Սակայն Հայաստանը զարգանում է՝ ստեղծելով մրցակցություն գրեթե բոլոր ոլորտներում: Սա լավ է տնտեսական ակտիվության և սպառողների համար:

Այնպես որ՝ միանգամից մի՛ վստահեք միակ մատակարարին: Փնտրեք, փորձեք գտնել այլ տարբերակներ: Շատ հավանական է, որ Դուք ավելի լավ և առավել մատչելի տարբերակներ կգտնեք:

Մրցակցությունն առողջարար է: Մի փոքրիկ դիտարկում էլ այն ընկերությունների վերաբերյալ, որոնք դեռ հին տնտեսական օրենքներով են շարժվում.

  1. Մի՛ եղեք երեսպաշտ՝ ձևացնելով, թե ցանկանում եք զարգացնել Հայաստանը, քանի որ Ձեր գործերը տրամագծորեն հակառակն են վկայում:
  2. Զգուշացե՛ք մրցակցությունից։ Հայերը ստեղծագործ և աշխատասեր ժողովուրդ են: Դուք երբեք չեք կարող միակը լինել: Մրցակիցներն ամեն օր դառնում են Ձեզանից լավը:
  3. Ուշադիր եղեք հանրային կարծիքի նկատմամբ։ Որքան շատ մարդիկ են դժգոհում ձեզանից, որքան հանրային կարծիքը ձեր ընկերության նկատմամբ վատանա, այնքան ավելի շատ ձեր բիզնեսը կմոտենա իր վախճանին: Կարծիքը ձեր ընկերության մասին երկարաժամկետ հատվածում շատ ավելի կարևոր է, քան կապերը, որ կարծում եք, թե ունեք:

Տնտեսությունն ավելի ուժեղ է, քան մի ընկերությունը: Իսկ այն իր կուռ օրենքներն ունի։ Մրցակից հայկական ընկերություններն էլ միասին ավելի ուժեղ են, քան մեկ ընկերությունը: Սկսեք մրցակցել և գործեք իրական բիզնեսի տրամաբանությամբ: Հակառակ դեպքում մրցակցությունը և հանրային կարծիքը ձեզ ողջ-ողջ կուտեն:

Եվ վերջում, ես և Լևոնը ուզում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել մեր հարսանիքի կազմակերպիչ ActiTour ընկերությանը, որ օր ու գիշեր աշխատեցին այս ողջ ընթացքում, մեր փոխարեն վարեցին բանակցությունները մատակարարների հետ և կազմակերպեցին մեր հեքիաթային հարսանիքը:

 

Սիրով` ձեր Արիանա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register