Հոգեկան առողջության «դաջվածքային» կողմը

180726174929-01-painted-animal-zoo-exlarge-169 (1)

32-ամյա մոդել Ռիկ Ջենեսթը, որն ավելի հայտնի է Zombie Boy անվամբ, Մոնրեալում ինքնասպանություն է գործել։ Մամուլը նշում է, որ մոդելը հոգեկան առողջության հետ խնդիրներ ուներ, որոնք չի կարողացել հաղթահարել, սա էլ ինքնասպանության պատճառ է հանդիսացել։

Ռիկը հատկապես հայտնի դարձավ Լեդի Գագայի Born this way տեսահոլովակում նկարահանվելուց հետո։ Տեասահոլովակը կարող եք դիտել այստեղ՝

Երիտասարդը Գինեսի երկակի ռեկորդակիր էր՝ որպես  ոսկորների ու  միջատների ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդ։ Ոսկորների թիվը հասնում է 139-ի, միջատներինը՝ 179:

Սոցցանցերում ակտիվ քննարկվում է մոդելի մահը։ Մի մասը նշում է, որ հենց իր  դաջվածքներն էլ ապացուցում էին նրա հագեկան խնդիրների առկայությունը, մյուս մասն էլ նշում է, որ դա կապ չունի, մարդն իրավունք ունի ցանկացած տեսք ունենալ, և անկախ տեսքից՝ հանրությունը պետք է ուշադիր լինի  հարակից մարդկանց նկատմամբ՝ անկախ նրանց տեսքից։

Իրականում, ցանկացած կյանք էլ թանկ է, և անքննարկելի արժեք։ Դերասանի արտաքինը գուցե շատերին դուր չգա, բայց  իր մարմինն էր, իր որոշումը, և  ցավալի է տեսնելը, որ, փաստորեն, ըստ մամուլի վարկածների, տառապել  է միայնությունից ու դեպրեսիաներից։

Հանրությունը զգուշությամբ է վերաբերվում այն մարդկանց, որոնք նման չեն իրենց, սա գուցե օրինաչափ թվա, բայց  իրականում՝ արտաքին տեսքը մարդու իրական որակումների մասին ոչինչ չի պատմում։ Հնարավոր է, որ երիտասարդը շատ բարի ու հաճելի մարդ է եղել, խելացի, հետաքրքիր՝ բազմակողմանի զարգացած զրուցընկեր։ Բայց ստացվում է, որ արտաքին տեսքի պատճառով ունեցել է հոգեկան ապրումներ, որոնք բերել են անդառնալի ելքի։

Մենք սիրում ենք քննադատել մարդկանց արտաքինը՝ փորձելով նրանց համապատասխանեցնել մեր երազած ստանդարտներին։ Երկար չենք կորցնում պիտակավորելուց՝ սա «չաղ» է մյուսը՝ կոլոտ, երրորդը՝ հիմար, քանի որ հարցի մասին այլ պատկերացումներ ունի։ Չորրորդին էլ ինքնահավան ենք կարգում, որովհետև ուղղակի չուզեց մեր հետ շփվել։ Բոլոր-բոլորի համար պիտակներ ունենք, բոլորի՝ հաճախ մեր իսկ հնարած թերությունները խփում ենք ճակատներին՝ ասելով, թե իբր լավ գործ ենք անում, ազնիվ ենք, բայց իրականում ուղղակի վիրավորում ու ցավեցնում ենք մարդկանց։

Սա՝ «առօրյա» մարդկանց մասին է։ Դե պատկերացրեք այսքան դաջվածքներ ունեցող երիտասարդի նկատմամբ նեգատիվի ինչ մեդիաարշավներ կլինեին։ Դրանք հեշտ է գտնել, ուղղակի գրեք տղայի անունը «Գուգլի» որոնողական տողում,  բացեք ցանկացած հոդված կամ տեսանյութ նրա մասնակցությամբ, ու կարդացեք մեկնաբանությունները։

Մինչդեռ տղային հնարավոր կլիներ փրկել, եթե մենք սովորեինք ավելի քիչ պիտակավորել մարդկանց, հասկանայինք, որ ամեն ոք ունի այն տեսքը, որը ցանկանում է ունենալ, և մենք չենք, որ պիտի դատավոր կարգվենք։

Zombie boy-ի մահն ուղղակի ևս մեկ անգամ խորհելու առիթ էր՝ կեղծ նորմերի ու չափից դուրս տարածված նորմերի մասին։ Նաև կարևոր հիշեցում է առ այն, որ հոգեկան առողջությամբ պետք է ուշադիր ու մասնագիտորեն զբաղվել, չանտեսել նախանշանները, որպեսզի դրանք չբերեն ծայրահեղությունների ու չվտանգեն մեր կյանքը։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register