«ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈւՄ ԳՐԿԵՔ ՍԻՐԵԼԻԻՆ»

446465498

«Երջանության մասին մեզնից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի: Մեկն այն կապում է լավ ուսման եւ բարձր վարձատրվող աշխատանքի հետ, մյուսը՝ լավ կին կամ ամուսին ունենալու հետ, երրորդը՝ ընտանիքի շարունակության հետ…

Մեր երջանկության մասին իրենց պատկերացումներն ունեն նաեւ մեր հարազատներն ու ընկերները, մտերիմները, մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ հանդիպել են մեզ… Ընդ որում, հաճախ երջանկության պատկերացումները պտտվում են մեկ իրադարձության՝ հարսանեկան արարողության շուրջ: Հարսանիքը, որպես կյանքի կարեւորագույն օր, միշտ բոլորի ուշադրության կենտրոնում է՝ սկսած հարսանեկան զգեստից ու հարսի ծաղիկներից, վերջացրած մատուցվող ճաշատեսակների ու երաժշտության ընտրությամբ, խնամիների վարքուբարքով, հարսուփեսայի ընտանիքների «լավ» կամ «վատ» (աստված մի արասցե) լինելով…

Հարսանեկան արարողությունը տեւեում է ընդամենը մեկ օր. բայց այն ամիսներով քննարկվող իրադարձություն է: Որքա՞ն արժե հարսանեկան զգեստը, հարսի ծաղիկները բնակա՞ն են թե՞ արհեստական, տարոսիկները էժա՞ն են թե՞ թանկ, ռեստորանում սնունդն առա՞տ էր թե՞ « խնայել էին սննդի վրա», հարսը փեսայից շա՞տ էր կարճ, թե՞ քիչ… Սրանք հարցեր են, որոնք մշտապես հուզում են բոլորին՝ ե՛ւ հարսանիքի օրը, ե՛ւ դրանից հետո:

Ստացվում է այնպես, որ երջանկությունը հաճախ ուղիղ համեմատական է դառնում զգեստի գնի հետ, որն ընդամենը մեկ օր եք կրում, մեքենաների ոսկե պետհամարանիշերի հետ, որոնք, որքան էլ ցավոտ լինի ընդունելը, ձերը չեն, մատուցվող ճաշատեսակների հետ, որոնք կարճ ժամանակ անց տեղավորվում են մարդկանց որովայնում, երաժշտության հետ, որի ռիթմն ամենեւին էլ չի համընկնում ձեր սրտի զարկերի հետ…

Անցողիկ իրադարձությունների ու իրերի հետ կապելով՝ մենք ինքնաբերաբար մեր երջանկությունն անցողիկ ենք դարձնում:  Մինչդեռ երջանկությունը կեղծ օրակարգերից դուրս է՝ փայլող զգեստներից ու առատ սեղաններից, մեքենաների շարասյուներից ու ոսկյա նվերներից, անճանաչելի դիմահարդարումից ու կոշիկների բարձրությունից անկախ: Որովհետեւ ցանկացած զգեստ վաղ թե ուշ կորցնում է իր փայլը, մինչդեռ աչքերի փայլի դեմ ժամանակն անզոր է, որովհետեւ ցածրակրունկ կոշիկներով էլ կարելի է բարձրահասակ լինել՝ նայած թե որքան է ձեր սիրո բարձրությունը…

Ցանկացած անհասկանալի իրավիճակում գրկեք սիրելիին եւ կհասկանաք, որ մնացյալ ամեն ինչ անցողիկ է ու անկարեւոր:

Տաթեւիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register