ԱՎՏՈՍՏՈՊ.ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՀԵՏՔԵՐՈՎ

1

«Ճամփորդ»-ի լրագրողների կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է որ նրանք միշտ ճանապարհներին են: Լինի Երեւան թե մարզեր, գյուղական թե քաղաքային համայնքներ, տեսախցիկն ուսին՝ նոթատետրը պայուսակում, նրանց կարող եք հանդիպել ճանապարհներին՝ դեռեւս չլուսաբանված կամ քիչ հայտնի մարդկանց/վայրեր բացահայտելու շտապելիս:

Այս անգամ «Ճամփորդի» զրուցակիցը գյումրեցի Հայարփի Պողոսյանն է, ով ճամփորդելու, նորը բացահայտելու եւ ավտոստոպելու մեծ սիրահար է: Հայարփին վերջերս է վերադարձել 7-օրյա ճամփորդությունից: Մի քանի ընկերներների հետ նա հասել է մինչեւ Արցախ, գիշերել վրաններում, եւ ամենակարեւորը՝ ճամփորդել բացառապես ավտոստոպով:«Ճամփորդն» առաջարկել է Հայարփիին կիսվել իր ճամփորդական հիշողություններով: Դրանք ստացվել են ոչ կարճ, բայց ՝ հետաքրքիր:

«Եթե փորձենք ավտոստոպ բառը թարգմանել, կստացվի ձանձրալի մի բան՝  նույնընթաց մեքենայով անվճար ճանապարհորդել, բայց բառի հետևում լիքը հավես բաներ են թաքնված։ Եթե սիրահար ես արկածախնդիր  ճանապարհորդության, խելահեղ ու էքստրեմալ զգացումների, հաճախ ես հայտնվում ճանապարհներին, ապա շարունակիր կարդալ։ Պատմելու եմ ավտոստոպի մասին՝ սեփական փորձով ու աչքերով։

2

Մեր օրերում ճամփորդելու որպես կրեատիվ տարբերակ ու այլընտրանք՝ համարվում է ավտոստոպը, որը նաև միջոց է՝ տնտեսելու, գումար խնայելու, հաճելին օգտակարի հետ համադրելու, նոր մշակույթներ բացահայտելու և ինքնաճանաչման  համար։ Բացի այդ, այն քո առջև կարող է բացել չկրկնվող ու աննկարագրելի զգացումներով մի պատուհան, որով աշխարհին այլ գույներով ես սկսում նայել և մարտահրավեր նետել ինքդ քեզ։ Այն տալիս է հնարավորություն՝ ծանոթանալու ու շփվելու բացարձակ իրարից տարբեր մարդկանց հետ՝ Հայաստանի ու ՀՀ-ից դուրս տարբեր անկյուններից։ Ինչու ոչ, լինել վարորդների հետաքրքիր զրուցակիցն՝ իրենց «ձանձրալի», երկար ճանապարհին: Եթե չունես լավ տրամադրություն կամ ինքնամփոփ ես, եթե պատրաստ չես կամ ցանկություն չունես անծանոթ վարորդի ու անծանոթ ուղևորների հետ ճանապարհ գնալ և զրույցի բռնվել, ապա, ներողություն, ավտոստոպի համար դեռ շուտ է J

Կյանքում մարդիկ ունենում են  երջանկության սեփական բանաձևն ու ինքնառեալիզացման իրենց տարբերակը: Կարծում եմ՝ գտել եմ այդ ձևերից մեկը, որն ինձ երջանկացնում  ու հաճույք է պատճառում։ Իհարկե, պիտի պատրաստ լինել նաև անսպասելի ու բացասական երանգավորմամբ վերաբերմունքի՝ ճանապարհորդելու հենց այս ձևն ընտրելու համար։

1-2 տարի առաջ էր

 Երբ ավտոստոպը դարձավ ճամփորդելու իմ սիրելի ձևը… Երևի թե՝ 1-2 տարի առաջ՝ այն շրջանում, երբ արտասահմանցի կամավորների մենթոր դարձա՝ Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում․երիտասարդներ, ովքեր սովորաբար գալիս են Հայաստան՝ եվրոպական կամավորական ծառայություն իրականացնելու։ Իրենց հետ շփման ընթացքում բացահայտեցի ինձ բոլորովին այլ տեսանկյունից։

Հայտնի է, որ եվրոպացիների մեծ մասը ճանապարհորդում է ավտոստոպով, իրենց լեզվով ասած՝ հիթչայքինգ անելով։ Մոտ 1 ու կես տարի առաջ առաջին անգամ դուրս եկա ավտոստոպի՝ գերմանացի ու էստոնացի աղջիկների հետ՝ Գյումրի-Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի երթուղիով․ այդ շրջանից սկսած այն դարձավ ինձ համար սիմվոլիկ, նաև՝ ուսուցողական, ինքնաբացահայտման ու ինքնաճանաչման բացառիկ ձև։

3

Դրանից հետո այլ՝ ավելի երկար երթուղիներ են եղել, բայց վերջինը՝ օգոստոսի 15-22-ի ընթացքում կատարածս ճամփորդությունն, իմ փորձում եղածներից ամենաերկարն ու տպավորիչն էր։

Նախ՝ երթուղին էր երկար եւ զուգակցված էր վրանային արշավով․ գրեթե 7 օր տևած ճանապարհորոդությունը եղել է բացառապես ավտոստոպյան տարբերակով ու վրանային վայրի հանգստի տեսքով։ Վրանել ենք տարբեր վայրերում՝ նույնիսկ ժայռի գագաթին։ Ընկերներով էինք, մեզ հետ կային նաև արտասահմանցիներ․ ընթացքում 1-2 հոգանոց խմբերի էինք բաժանվում, որպեսզի հեշտ ստացվեր մեքենա կանգնեցնել-նստելը՝ հատկապես մեծ ուսապարկերով ու վրաններով։ Երթուղին մոտավոր սա էր՝ Գյումրի-Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Ենոքավան-Լաստիվեր-Սևան-Մարտունի-Մարտունիի մի քանի գյուղ՝ հատկապես Արծվանիստ գյուղը պիտի առանձնացնեմ, որտեղ գիշերով հասանք, ու տեղի գյուղացի հյուրընկալ տղաներից մեկը թույլ չտվեց շարունակենք՝ ասելով, որ պիտի անպայման գիշերենք իրենց տանը, թե չէ, որ վրան խփեցինք՝ կգա կվախեցնի գիշերովJ  Առավոտյան շարժվեցինք դեպի Վարդենիս, այնուհետև՝ Քարվաճառ-Ստեփանակերտ-Դադիվանք-Տաք ջուր՝ ամբողջ ճանապարհորդության ընթացքում փոխելով ավելի քան 20-23 մեքենա՝ մարդատար ու բեռնատար։

4

Նպատակներիցս մեկը՝ ավտոստոպով հասնել Արցախ, արդեն իրականություն է։ Ճանապարհորդությունը լի էր բազմապիսի արկածներով , և իհարկե դժվարություններով՝ կապված նաև եղանակային պայմանների հետ։

Եթե վերլուծեմ, թե այդ ընթացքում ինչքան տարբեր մարդկանց հետ ենք ծանոթացել ու շփվել՝ տարբեր բնավորության, տեսակի, խարիզմայի ու բնակավայրի պատկանելիության, ապա կարելի է փոքրիկ գիրք գրել՝ յուրաքանչյուր մեքենայի, վարորդի ու ճանապարհային ծիծաղաշարժ, տպավորիչ ու ուսուցողական զրույցների մասին։

Արդարության համար, պիտ նշեմ, որ մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով ու քաղաքական պայմաններով, թվում է, թե այդքան էլ չի նպաստում ավտոստոպով ճանապարհորդելուն , բացի այդ, կա նաև ազգային հոգեբանություն ու մենթալիտետ, որոնք գլխավոր խոչընդոտներից են հենց Հայաստանի տարածքում նման տարբերակով  ճանապարհորդելուն: Բայց արի ու տես, սեփական փորձից ելնելով, կարող եմ փաստել, որ բավականին ապահով եմ զգում Հայատանում ավտոստոպ անելիս, իհարկե, չեմ բացառում ռիսկերն ու ամեն պահի՝ զգույշ և բանիմաց լինելու պարտադիր պայմանը։

5

Ավտոստոպի դեպքում փորձությունները հիմնականում կապված են մեքենաների, մարդկանց ու վայրերի հետ։ Այս դեպքում, լինելով ավելի քան ուշադիր, հեռատես ու խելամիտ, միևնույն ժամանակ՝ դրական էներգիայով ու էնտուզիազմով լի, վստահեցնում եմ, քո բախտը կբերի, ու ամեն մի ավտոստոպյան ուղղություն կպսակվի հաջողությամբ․ միայն թե պիտի տիրապետել նաև ավտոստոպի գրված ու չգրված կանոններին, որոնք սուբյեկտիվ են՝ ելնելով սեփական փորձից, հանգամանքներից ու բնավորությունից։

Ահա դրանցից մի քանիսը՝

  • Նախ և առաջ պետք է գիտակցել՝ ոչ մի վարորդ պարտավոր չէ քեզ՝ իր հետ վերցնել, եթե չեն կանգնում, ուրեմն նրանք «քոնը» չեն: Մարդիկ, ովքեր պատաստակամություն են հայտնել քեզ վերցնել ճանապարհից, ապա պետք է պարզապես երախտագիտություն հայտնես նրանց՝ լավ վերաբերմունքով։  Կարևոր չէ, թե ինչպես կարտահայտվի այն՝ բառերով, քաղցրավենիքով թե ուղղակի  «շնորհակալություն» ասելով։
  • Ավտոստոպով ճանապարհորդելու համար պետք է ունենալ գոնե մի փոքր երկար ժամանակ, քանզի շտապելու դեպքում այն դառնում է մրցավազք, և 10 րոպե մեքենա կանգնեցնելը հավերժություն է թվում:
  • Հիշիր, ոչ ոք երբեք չի կանգնի և իր հետ չի վերցնի «թթված ու տխուր» դեմքով մեկին: Մարդկանց միշտ հաճելի է երկար ճանապարհին լավ տրամադրություն ունենալը, և վարորդներն էլ ավելի ուրախ կլինեն հաճելի զրուցակից ունենալ ճանապարհ գնալիս։

6

Կան նաև կանոններ, որոնք  անվտանգության համար են: Ահա մի քանիսը՝

  1. Փորձեք մեքենաները կանգնեցնել վարորդներին հարմար տեղում: Այդպես նրանք ավելի շուտ կկանգնեն: Կանգնելու համար հարմար տեղ են բաց տարածքները, որտեղ վարորդները կարող են տեսնել քեզ ու բութ մատդ վեր պահած ձեռքդ։ Առավել հարմար է վազանց թույլատրող ճանապարհների սկիզբը։
  2. Եթե ճանապարհորդում եք 3-ից ավել ընկերներով , այդ դեպքում մի փոքր ավելի բարդ է: Ոչ բոլոր վարորդները կցանկանան իրենց հետ վերցնել 2 կամ 3-ից ավել մարդու, բացի այդ, դա նրանց երբեմն վտանգավոր է թվում: Այս դեպքում լավ տարբերակ է՝ իրարից բաժանվելն ու առանձին տեղ հասնելը։ Իհարկե, անհրաժեշտ է պարբերաբար կապվել իրար հետ, որպեսզի չկորցնեք միմյանց։

7

3․Եթե վարորդը չի գնում քո ուզած վայրը, բայց վարում է հենց այդ նույն ուղղությամբ, ուրեմն հարկ է գնալ նրա հետ՝ հրաժարվելու փոխարեն։  Այդպես ավելի մոտ կգտնվես այն վայրին, ուր պիտի հասնել, և հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն:

4․ Եթե վարորդը շփվող է կամ պարզապես շատախոս, ապա ցանկալի է՝ դու էլ շփվես կամ մի քանի բառ փոխանակես նրա հետ, քանզի կարևոր է, որ նա իմանա ու վստահ լինի, որ հուսալի ուղևոր է իր մեքենայում կամ՝ թե ինչ նպատակով ես նստել իր մեքենան։ Բացի այդ, մեծամասամբ վարորդները քեզ ճանապարհից վերցնում են մի քանի պատճառներով՝  չեն ուզում երկար ճանապարհ անցնելը ձանձրալի լինի, ցանկանում են օգնել ճանապարհին կանգնած ճանապարհորդին՝ տեսնելով հագուկապը, բարեխիղճ են կամ պարզապես՝ լավ մարդ։

  1. Եվ, իհարկե, մի հուսահատվիր, եթե կես ժամվա մեջ չես կարողանում մեքենա կանգնեցնել, որովհետև ոչ բոլոր ճանապարհներն են աշխույժ ու մեքենաշատ։

9

Վերջում, կրկին պիտի ընդգծել՝ մոտիվացիան, դրական տրամադրվածությունը, համարձակությունն ու ուշադրությունը,  նպատակասլաց ու ճամփի/բնության մարդ լինելն այն ցանկալի պայմաններից են, որոնց առկայության դեպքում հաջողությունն անխուսափելիորեն կայցելի քեզ և կընկերակցի ողջ ավտոստոպյան ճանապարհորդության ընթացքում։

10

Այնպես, որ, վեր կաց, վերցրու՛ ուսապարկդ, լավագույն ընկերոջդ ու ընկի ճամփա՝ մեքենաներ, մարդիկ ու նոր ճամփաներ որոնելու։ Չմոռանաս փոքրիկ նոթատետրի ու տեսախցիկի մասին․ սիրուն ու սերոտ հիշողություններն ամենահաճելի էմոցիաներն են պարգևում, հավատա» :

11

Տաթև Սարգսյան  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register