ԳԱԶԻԱՆՏԵՊԻ (ԱՅՆԹԱՓԻ) ՓՈՂՈՑՆԵՐՈւՄ (ՖՈՏՈՇԱՐՔ, ՄԱՍ 1)

Արևմտյան Հայաստանում Արիանա Կաոիլիի բարեգործական հեծանվարշավի երկրորդ խոշոր քաղաքը Գազիանտեպն էր (առաջինն Ադանան էր): Հեծանվարշավի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Այնթափում գլխիս թափված մտքերի մասին
Հանուն արդարության պետք է նշել՝ որքան էլ փորձում ես Թուրքիայում խեղդել զգացմունքներդ, կարծես՝ գենային մակարդակում գտնվող հիշողությունները գլուխ են բարձրանում, ու մի պահ դժվարանում ես կառավարել ինքդ քեզ:
Ինձ համար նման պահ եղավ Այնթափում, որն այժմ անվանում են Գազիանտեպ: Ժամանակին այստեղ ապրել են բազմաթիվ հայկական ընտանիքներ, եղել են հայկական եկեղեցիներ, իսկ հարյուր տարի առաջ նրանց ուղղակի մահվան/ապրելու ճանապարհին են ուղարկել՝ Դեր Զոր:
Այժմ Անտեպը հսկայական քաղաք է՝ ակտիվ ֆաբրիկաներով և տուրիստական վայրերով: Սիրիայի պատերազմից հետո այստեղ մեծ քանակությամբ գաղթականներ են հաստատվել, որոնց հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք կա՝ երբ ինչ-որ հարցով դիմում էինք մարդկանց, առաջին հերթին՝ թարս-թարս նայելով՝ հարցնում էին՝ Սիրիայից ենք, թե չէ: Ինչպես Եվրոպայում, այստեղ էլ օդում պտտվում է այն միտքը, թե գաղաթականներին տրվում է ամեն ինչ՝ կացարան, բժշկական ապահովագրություն և այլն: Իսկ աշխատանքի մասով էլ դժգոհություն կա, որ գաղթականները խլում են տեղացիների աշխատատեղերը:
Այդուհանդերձ Գազիանտեպի հասարակ մարդիկ բավական բարեհամբույր էին: Քաղաքում որևէ տեղ մենք որևէ խնդիր չենք ունեցել, երբ ասել ենք, որ Հայաստանից ենք:
Գարեգին Ալեքսանյան