Արկածային և մշակութային տուրիզմ Իրանում. Հայախոս Մեհդիի հետ

cover2

Օտարերկրացիների հետ շփումներում, մենք` հայերս, սովոր ենք լեզու գտնել հետները, ոչ թե փոխաբերական, այլ  ուղիղ իմաստով: Իսկ երբևէ՞ հանդիպել եք արտերկրացու, ով բավական վարժ հայերեն է խոսում: Նման մարդը շատերիս մոտ միանգամից հարգանքի ավանս է ստանում: Իհարկե նաև առաջնահերթ հետաքրքրում է, թե ինչպես է ստացվել, որ հայերեն գիտի:

Ստորև կպատմենք իրանցի Մեհդի Գառմիփուռի մասին, ով մեզ (տողերիս հեղինակին և բարեգործական հեծանվարշավի մասնակից Արիանա Կաոիլիին) երեք օրվա ընթացքում ուղեկցել է Իրանում` Կապիկոյից(Թուրքիա-Իրան ցամաքային սամանակետերից մեկը) մինչև Ագարակ:

1

Ո՞վ է Մեհդին

Մեհդին անհավանական հանգիստ մարդ է: Այս աշխարհում, կարծես, որևէ բան չի կարող նրան հունից հանել: 38 տարեկան է, կրթությամբ` կենսաբան, գործի բերումով` տուրիսական ընկերության ղեկավար, հմուտ ուղեկցորդ: 1998 թվականից զբաղվում է ալպինիզմով, Իրանի հավաքականի կազմում երկու անգամ մրցման է մասնակցել. արշավել է Ղրղզստանի ամենաբարձր լեռը` Հաղթանակի պիկը(7460 մետր) և աշխարհի ամենաբարձր լեռնաշղթայի` Հիմալայների, 8000 և ավել բարձրություն ունեցող սարերից` Մակալուն(8485 մետր):

2

Ինչպե՞ս է սովորել հայերեն

2002 թվականին ընդունվել է ԵՊՀի կենսաբանության ֆակուլտետի նախապատրաստական` 0 կուրսը, մեկ տարի հայերեն է սովորել, որից հետո ուսումը շարունակել է և ավարտել ԵՊՀ-ի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոն: Հայաստանում ապրել է մինչև 2006 թվականը, ահա թե ինչ է ասում Մեհդին այս շրջանի մասին.

«Անկեղծ ասած` Հայաստանում ուսման դիմելը մեկ նպատակ ուներ: Այն ինձ համար պետք է «ցատկահարթակ» ծառայեր` Եվրոպայում ուսումս շարունակելու համար: Սակայն, Հայաստանն ինձ այնքան դուր եկավ(առանց չափազանցնելու)` որոշեցի մինչև վերջ շարունակել ուսումս Երևանում:

Շատ լավ հիշողություններ են մնացել Հայաստանից, Երևանից, թեև հայերեն սովորելը շատ դժվար էր, մի լավ չարչարվեցի, բայց հաստատ երբեք չեմ մոռանա(ծիծաղում է,-խմբ.): Հայ ընկերներիս հետ կապն էլ պահպանում եմ, արդեն 15-16 տարի:

Հայաստանում անցկացրած վերջին տարում նաև աշխատում էի ՅՈՒՆԵՍԿՕ-ում. քաղցկեղի բուժման վերաբերյալ ուսումնասիրություն էինք անում: Բայց հարկավոր էր վերադառնալ Իրան: Ընտանեկան պատճառներ կային… հարկավոր էր հորս և մորս կողքը լինել»:

3

Պատժամիջոցների ազդեցության մասին

«Վերադառնալուց հետո պարզեցի, որ ԵՊՀ-ի դիպլոմն Իրանում չի անցնում. տևական ժամանակ իմ մասնագիտությամբ աշխատանք չէի կարողանում գտնել: Հիմնադրեցի ընկերություն, որ տարբեր ապրանքների ներկրմամբ և արտահամամբ էր զբաղվում, բայց այստեղ էլ խանգարեցին ԱՄՆ-ի ահագնացող տնտեսական պատժամիջոցները(որ սկսվել էին 2005 թվականից): Խանգարող հանգամանքները բազմաթիվ էին, օրինակ` իրանցիները Եվրոպայում այլևս բանկային հաշիվ չէին կարող ունենալ:

Քանի որ ալպինիզմն և տուրիզմը շատ էի սիրում, որոշեցի այս գծով շարունակել: Ստացվեց այնպես, որ արդեն 12 տարի լեռնային(և ոչ միայն) տուրեր ենք կազմակերպում Իրանում և արտերկրում: Ես` ինքս, գրեթե միշտ մասնակցում եմ տուրերին` որպես ուղեկցորդ, ով գիտի հայերեն, անգլերեն, թուրքերեն, պարսկերեն»,- պատմում է Մեհդին:

4

Դամավանդի նվաճումը

Մեհդիի տուրիստական ընկերությանը կոչվում է «Kouhyaran»(kouhyaran.com):  Ընկերության կարևոր «այցեքարտերից» է Դամավանդի(5610 մետր)`   Իրանի ամենաբարձր և ամենահայտնի սարի ամենամյա նվաճումը տարբեր խմբերի հետ:

Քանի որ լեռնային տուրիզմից առանձնապես տեղյակ չէի, խնդրեցի Մեհդիին ամենայն մանրամասնությամբ պատմել Դամավանդի նվաճման հնարավորությունների մասին.

«Դամավանդ բարձրանում ենք 7, 8 կամ 12 օրվա ընթացքում: Եթե պրոֆեսիոնալ ալպինիստ չեք, ապա հարկավոր է երկու օր անցկացնել 3000 մետր բարձրության, ևս երկու օր էլ` 4000 մետր բարձրության վրա, որպեսզի մարմինն ադապտացվի տեղի պայմաններին: Սակայն այդ 7 կամ 8 օրը սարում չենք անցկացնում, առաջին և վերջին օրերը Թեհրանում ենք լինում: Օրինակ` կարող եմ ներկայացնել 7 օրվա գրաֆիկը(սակայն խմբի նվազագույն քանակը պետք է 5-6 մարդ լինի).

Եթե պրոֆեսիոնալ չեք, Դամավանդի տուրը այսպիսին է. 1 օր Թեհրանում, հաջորդ օրը մեքենաներով(ջիպերով) հասնում ենք սարի առաջին կանգառ(camp-ում)՝ Կուսֆանդսարա, որ գտնվում է 3250 մետր բարձրության վրա: Այս բարձրության վրա 2 օր ենք անցկացնում, վերջին օրը բարձրանում ենք երկրորդ կանգառը՝ Բարգահե Սևոմ(4200 մետր), որտեղ ևս երկու օր ենք անցկացնում: 5-րդ օրը երկրրոդ քեմփից շարժվում ենք գիշերը 3-ին, գագաթ ենք բարձրանում 6-7 ժամ, իսկ իջնելն ավելի արագ է ստացվում` 3-4 ժամ: Դամավանդից հետո մեկնում ենք Թեհրան և վերջին օրը զբոսնում ենք այնտեղ,  ցույց ենք տալիս գեղատեսիլ վայրերը՝ Բազարը, Գոլեսթանի պալատը(Գոլեսթան Փալաս), բնության կամուրջը, Ազգային թանգարանը, ոսկու թանգարանը և այլն»:

Եթե խումբը 5-6 հոգանոց է, այս 7-օրյա արշավի արժեքը մեկ մարդու համար սկսվում է 550 ԱՄՆ դոլարից: Մեծ խմբի դեպքում արժեքը կարող է նվազել: Այս գումարի մեջ մտնում է սնունդը, Թեհրանի հյուրանոցները(3 կամ 4 աստղանի), թանգարանների մուտքի տոմսերը, սար բարձրանալուց ուղկեցորդի, բեռները տեղափոխող կենդանիների վարձակալման արժեքը: Կարևոր է իմանալ, որ պատժամիջոցների պատճառով գումարը բանկային փոխանցմամբ հնարավոր չէ փոխանցել, միայն առձեռն:

5

Ո՞վ կարող է Դամավանդ բարձրանալ, ի՞նչ է հարկավոր

Մեհդին նշում է, որ շատ դժվար չէ Դամավանդ բարձրանալը, սակայն մարդիկ մի փոքր պարապած պետք է լինեն և ունենան ալպինիստական հանդերձանք: Տուրերը կազմակերպվում են մայիսի 15-ից մինչև սեպտեմբեր: Առաջին քեմփում, գիշերը 10 աստիճան է լինում, 4000 մետրում մի քիչ ցուրտ, գագաթին ամենաշատը` 0 կամ մինուս 5 աստիճան: Հարկավոր է ունենալ համապատասխան ցրտադիմացկուն քնապարկ(ցանկալի է «-15» կամ «-20» աստիճանի համար նախատեսված):

Հագուստը` ձմեռային բաճկոն, թեթև բաճկոն, տաբաթ, կոշիկներ և այլն պետք է լինեն «GORE-TEX»(ջրակայուն, քամուց պաշտպանող):  Հարկավոր է ունենալ արևապաշտպան գլխարկ, տաք(ձմեռային), ձեռնոց, արշավական ձեռնափայտեր, պրոֆեսիոնալ(ալպինիստական) ակնոց, լավ ուսապարկ(30 լիտրանոց) և մեծ ուսապարկ(70 լիտր), որը մինչև 2-րդ քեմփ բարձրացնում են կենդանիները: Բնականաբար սա պահանջվող իրերի ամբողջ ցանկը չէ, հարկավոր է ունենալ թերմոներքնազգեստ, արևապաշտպան քսուկներ և այլն: Ինչպես գիտեք` Իրանում, կանայք պետք է գլխաշոր կրեն: Մեհդին նշում է, որ սար բարձրանալիս կանայք կարող են գլխաշորը չկրել:

6

Անապատային արշավներ

Իրանում անապատներ կան, որտեղ հնարավոր է տուրիստական արշավներ կազմակերպել` ուղտերով կամ մեքենաներով(ջիպերով): Անապատային տուրերը հարկավոր է պլանավորել աշնան կամ գարնան համար, երբ համեմատաբար զով է` 30-35 աստիճան: Ուղտերով կա տարբերակ 3 և 6 օր տևողությամբ, կախված` ընտրված ճանապարհից: Հիմանականում երկու տարբերակ կա Շահդադ անապատը(Քերման քաղաքի մոտ) և Մարանծապը(Քաշանի մոտ):

7

Մշակութային տուրեր

Այն մարդկանց համար, ովքեր բարձրությունից վախենում են կամ արկածային տուրիզմի սիրահար չեն, Մեհդիի ընկերությունը կազմակերպում է մշակութային տուրեր Իրանում, նվազագույնը 8 օր է տևում և կրկին խմբով: Օրինակ, կա այսպիսի ծրագիր` Թեհրան, Թավրիզ, Սպահան, Շիրազ, Ղոմ, Մաշադ, Կասպիան ծովի շրջակայք և վերադարձ Թեհրան: Մշակութային տուրերի համար առավել հարմար ժամանակ է գարուն և աշուն` հատկապես սեպտեմբերը:

AY0A7C Palace G and Sculptured Stairway Fragments at Persepolis
AY0A7C Palace G and Sculptured Stairway Fragments at Persepolis

Իրանից դուրս. Արարատ, Հիմալայներ, Կիլիմանջարո

Մեհդին և ընկերները լեռնային տուրեր են կազմակերպում նաև Իրանից դուրս: Երկար ժամանակ արշավել են Արագած: Մեհդին ասում է, որ տարեցտարի իրանցիները սովորեցին առանց ուղեկցորդների, ինքնակազմակերպելով բարձրանալ Արագած: Վրաստանում տուրեր են կազմակերպում և բարձրանում են Կազբեկ(5033 մետր), Ադրբեջանում` Շահդաղ(4243 մետր), Ռուսաստանում` Էլբրուս(5642), Աֆրիկայում՝ Կիլիմանջարո(5895 մետր), Ղրղզստանում`Հաղթանակի պիկը(7460 մետր), Ղրղզստանում` Լենինի պիկը(7100 մետր), Նեպալում(Հիմալայներ)` Մերափիկ(6476 մետր): Մեհդիի ընկերությունը մայիս, հունիս, հուլիս ամիսներին կազմակերպում է տուրեր դեպի Արարատ: Հնարավոր է պայմանավորվել Մեհդիի հետ և խմբով բարձրանալ Արարատ:

Մեհդիի հետ կարող եք կապ հաստատել «WhatsApp»-ով` «+98 9147114520» կամ էլեկտրոնային փոստով` m.garmipour@yahoo.com:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register