ԽՈՐՈՎԱԾԻ ՀՈՏՆ ԸՆԿԵԼ ԷՐ ԱՇԽԱՐՀԸ…

5

Հայ տղամարդկանց խոհարարական տաղանդը հատկապես ուժեղ է դրսևորվում ժամանակային երեք հատվածում: Ցուրտ եղանակին՝ խաշի սեզոնին, դեկտեմբերի 31-ին՝ խոզի բուդը սեփական ձեռքերով մշակելու «պատմական պահին» և տաք եղանակին՝ խորովածի պատրաստմամբ, որը որպես կանոն ուղեկցվում է՝ «Եթե իմ պատրաստած խորովածը չես կերել՝ ուրեմն «գործից» բան չես հասկանում վերդիկտով: Հենց վերջինի մասին էլ խոսելու ենք ստորև:

1

Հայերի ինքնամոռաց սերը խորովածի հանդեպ հասնում է տիեզերական մասշտաբի: Իսկ սերը, ինչպես գիտեք, զոհեր է պահանջում: Հայաստանում ընդհանրապես, ամառը դժնդակ շրջան է խոզերի համար: Ամռան գալուստը ազդարարում է «գիշատիչների խրախճանքի» մեկնարկը: Հիշյալ ժամանակահատվածում հայոց ձորերն ու կիրճերը պարուրում է բուսակերներին խրտնեցնող և մսակերներին գայթակղող  ծխի թանձր շերտը: Ու… Ու սկսվում է խորովածի «ոսկե դաշրջանը»:

Առ խորոված ունեցած սերն էլ տարատեսակ նախապատվությունների շարժառիթ է դարձել: Ոմանք, օրինակ, նախապատվությունը տալիս են ցանցի վրա խորովվող ձկան կամ սնկի համեղ պատառներին: Իսկ շամփուրի հետ հանդիպման ճակատագրին են արժանանում հավի, գառան կամ տավարի բաստուրմացվող կտորները: Ամառանոցում կամ սեփական տան բակի մի անկյունում  հայ տղամարդիկ մշտապես ծրագրված և անակնկալ խորովածների կրակի ապահովման համար նախատեսված չոր փայտ են ամբարում: Մանղալների և թոնիրների առկայությունը ևս շատ կարևոր է: Իհարկե, այս ամենից չի հետևում, թե հնարավոր չէ խորոված պատրաստել պետական շենքում: «Խորովածի ժամին» (երբ հովն ընկնում է, սովորաբար երեկոյան 6-ին մոտ), փորձեք օրինակ այցելել 17-րդ թաղամաս: Դուք այնտեղ դրկից պատշգաբներից հարևանների բնակարաններ սողոսկող խորովածի ծխի ականատեսը կդառնաք: Սեզոնի բացվելուն պես՝ խոզի մսի գինը սկսում է թանկանալ: Սակայն այս տարի թանկացումը հասել է ռեկորդային մակարդակի: Ասում են Վարդավառի օրը՝ խոզի չալաղաջի կիլոգրամը տարբեր տեղերում վաճառվել է 3700-4500 դրամի սահմաններում: Մսի հանդեպ անդիմադրելի թուլություն ունեցող  համադամասերների «էությանը» ծանոթ «բանիմաց» մսավաճառները հենց դա էլ հաշվարկում են:

2

Արդեն 9-րդ տարին անընդմեջ խորովածային տրամադրությունները Հայաստանում «իմի» են բերվում Լոռու մարզի Ախթալա քաղաքում,որը արդեն երկու տարի է, ինչ հռչակվել է խորովածի համաշխարհային մայրաքաղաք: Փառատոնին մասնակցող տարբեր ռեստորանների խոհարարներ և պարզապես անհատներ միաժամանակ պատրաստում են տարբեր մսատեսակների, կարտոֆիլի, սնկի, ամենատարբեր բանջարեղենի, նույնիսկ եգիպացորենի խորոված: Ընդհանուր առմամբ օգոստոս 20-ին Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքում գործող 32 տաղավարները դժվարությամբ էին հասցնում բավարարել փառատոնի մասնակիցների չպարպվող, ավելին՝ երկրաչափական պրոգրեսիայով աճող ախորժակը:

3

Յուրատեսակ տեսքով և «ըմբռնմամբ»  պատրաստված խորովածները մասնակցում էին մրցութային փուլին: Մրցանակներ էին սահմանվել՝ «Լավագույն ձևավորում», «Լավագույն համ» և «Լավագույն գաղափար» անվանակարգերում: Մասնակիցներին միավորներ էր շնորհում  հատուկ  այդ նպատակով ձևավորված, խորովածի «ղադրն» իմացող ժյուրին, որի կազմում էր նաև «Ճամփորդի» հիմնադիր Արիանա Կաոիլին: Ժյուրիի նախագահն էր ռուսաստանաբնակ փորձառու խոհարար Երվանդ Ղալեչյանը: Միջոցառման կազմակերպիչ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանն առավել քան վստահ է, որ խորովածի փառատոնը մեծապես կնպաստի տուրիզմի զարգացմանը: Դրական ու դրվատելի այս նախաձեռնությունը, սակայն, ուներ նաև իր բացասական կողմերը:

4

Չնայած փառատոնը 9-րդ անգամ էր անցկացվում, սակայն կազմակերպչական հարցերում մի քանի բացթողումներ կային: Տարածքում շատ քիչ էին աղբամանները, ինչի պատճառով տեղ-տեղ աղբակույտեր էին գոյանում: Ջրի աղբյուրը մեկն էր, ինչի պատճառով էլ անդադար հերթ էր առաջանում: Չնայած խորովածի պատրաստման համար նախատեսված բազմաթիվ տաղավարների առկայությանը, նրանցից ընդամենը մեկում էր զովացուցիչ ըմպելիք վաճառվում: Անչափ շոգ եղանակի պայմաններում չկային պատսպարող ծածկեր: Եվ վերջինը՝ փառատոնի պաշտոնական մասի ավարտից հետո առաջացած խցանումն էր: Ախթալայի եկեղեցուց դեպի քաղաք տանող ճանապարհին առաջացած փոքրիկ վթարն էր քաոտիկ իրավիճակի պատճառը: Հարց է առաջանում, եթե տարածքում կային շտապ օգնության, հրշեջ ծառայության և ոստիկանության մեքենաներ, ապա ինչու չկային ապահովագրական ընկերությունների գործակալներ: Իսկ ընդհանրապես, տոն էր, տոն, որը միշտ մեզ հետ է…

Նյութն ու լուսանկարները՝

Գարեգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register