7 ՀԱՐՑ. ՌՈւԴՈԼՖ  ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

1

 Խորագրի հյուրն է «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակից, Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղի պատմության ուսուցիչ Ռուդոլֆ Հարությունյան:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Ինձ համար բացահայտում են Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի գյուղերը: Հատկապես՝ Բլագոդարնոյե գյուղը, որտեղ էլ ներկա պահին դասավանդում և ապրում եմ: Հասնում ես Տաշիր, գրեթե Վրաստանի սահման, թվում է, թե Հայաստանը վերջացավ, բայց ձախ թեքվելով ու դեռ 15 կմ շարժվելով դեպի սարերը, հասնում ես լեռների լանջին  ծվարած, 200 բնակիչ, նորարարական մտածելակերպով երեխաներ, անհավանական համեղ պանիր, մեղր և ուժեղ քամի ունեցող այս հրաշք գյուղը:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

-Չեմ ասի, թե նյարդայնացնում է, բայց կա մի բան, որ ինձ հանգիստ չի տալիս: Երբեք չեմ հասկացել, թե ինչու է երևանցիների գերակշիռ մասը մտածում միայն Երևանում աշխատելու մասին, այն դեպքում, երբ մեր գյուղերը կարիք ունեն թարմ շնչի, գաղափարների ու նորարար մտքերի: Այս հարցի լուծմանն է միտված  «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը, որի շնորհիվ տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ վերապատրաստվում ու գործուղվում են մարզային դպրոցներ: Կարող եմ նշել նաև, որ այժմ ավելի շատ երիտասարդներ են մտածում գյուղատնտեսական նորարարությունների և տուրիզմի միջոցով գյուղական համայնքների զարգացման մասին:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Թեև ունենք աշխարհահռչակ անհատներ, որոնց շնորհիվ հայտնի ենք աշխարհում, այնուհանդերձ, մեզ անհրաժեշտ է արագ վերելք: Վստահ եմ, որ որպես երկիր՝ կարճ ժամանակահատվածում կարող ենք անհավանական հաջողություններ գրանցել, ինչ էլ հրաշալի այցեքարտ կլինի:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

-Կնշեմ Հովհաննես Թումանյանի երեք հեքիաթ, որոնք իմ աշխարհընկալման վրա մեծ ազդեցություն են թողել. «Անխելք մարդը», «Կացին ախպերը» և «Ձախորդ Փանոսը»: Հենց այս հեքիաթներից եմ երբեմն քաղում ճշմարտություններ, որոնք կյանքում այնքան արդիական են:

 – Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Ինձ դրական լիցքեր են փոխանցում Բլագոդարնոյե գյուղի երեխաները, որոնք միշտ մտածում են իրենց ծնողների գործը գյուղատնտեսության մեքենայացմամբ թեթևացնելու և գյուղական տուրիզմի զարգացման մասին:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Կկառուցեի մարզերում, գյուղերում: Հայաստանում անհրաժեշտ է ներդրում անել գյուղերում, որոնք մեզ ընձեռում են բացառիկ հնարավորություններ: Մենք ունենք մեծ ներուժ ունեցող բազմաթիվ գյուղեր: Ներդրման հնարավորություն ունենալու դեպքում` գյուղում կկառուցեի ցուցադրական ֆերմա, որը կխթաներ ագրոտուրիզմը:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը

– Ազատ մտածող երեխան, ով գիտակցում է,որ հենց ինքն է անկախության կրողը, որ անկախությունը սկսվում է իրենից:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register