ԴԵՆԴՐՈՊԱՐԿԸ՝ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՋՈՋԵՐԻ ԽՐԱԽՃԱՆԱՏԵՂԻ

1

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա, Գյուլագարակ գյուղի մոտակայքում է գտնվում Հայաստանի հրաշք անկյուններից մեկը` Էդմոն Լեոնովիչի անվան «Սոճուտ» դենդրոայգին: «Ճամփորդի» թիմը վիթխարի, խաղաղ և մաքուր այգում էլ հանդիպեց դենդրոպարկի տնօրենին` 80-ամյա Վիտալի Լեոնովիչին, այգու հիմնադիր` ազգությամբ լեհ Էդմոնդ Լեոնովիչի որդուն:

Պատմությունը

Էդմոնդ Լեոնովիչը որպես տնօրեն աշխատել է մինչև 1984 թվականը, որից հետո նրան փոխարինել է որդին: Հենց նա էլ մինչ օրս ղեկավարում է դենդրոպարկը: Հիմնադրման օրվանից մինչ օրս դենդրոպարկի տարածքում փորձարկվել է աշխարհի տարբեր անկյուններից բերված  2400-2500 տեսակի բուսատեսակ: Նրանցից 400-500-ին է հաջողվել հարմարվել Հայաստանի կլիմայական պայմաններին. բույսեր (ոչ խոտային)` ծաղիկներ, թփեր, ծառեր: Դենդրոպարկը զբաղեցնում է 35 հեկտար տարածք, որից 15 հեկտարը` զբոսայգին է: «Նախապես ոչ մի հեռագնա նպատակ չի եղել: Հիմնադիրը` Էդմոնդ Լեոնովիչը, սովետական հասարակ ծառայող էր, որին 1933 թվականին Թբիլիսիից գործուղել էին աշխատելու այստեղ՝ որպես անտառագետ: Այն ժամանակ տարածքում բնական անտառ էր, իսկ Էդմոնդ Լեոնովիչի պարտականությունն էր պահպանել, հսկել տարածքը: Ժամանակի ընթացքում նա սկսել է հետաքրքրվել, թե ինչ նոր բույսեր կարելի է տնկել: Կապ է հաստատել ԽՍՀՄ տարբեր բուսաբանական այգիների հետ, ստացել տարբեր սերմեր: Սերմեր են ուղարկել նաև աշխարհի տարբեր բուսաբանական այգիներից»,- պատմում է Վիտալի Լեոնովիչը:

4

 Մուտքն այլևս անվճար չէ

Հիմնադրման օրից մինչ այս տարի դենդրոպարկ մուտքը միշտ անվճար է եղել: Սակայն այս ամառվանից բուսաբանական այգի մուտք գործելու համար անհրաժեշտ է վճարել 200 դրամ: Վիտալի Լեոնովիչի դիտարկմամբ` անկախությունից ի վեր աճել է մարդկանց հետաքրքրասիրությունը դենդրոպարկի նկատմամբ: Այժմ շաբաթ և կիրակի օրերին միջինը 500-700, աշխատանքային օրերին` 100-200 մարդ է այցելում այգի: Դենդրոպարկի այցելուների քանակը գագաթնակետին է հասնում մայիս ամսին, երբ սկսվում է ծառերի փոշոտման շրջանը: Հանրության շրջանում տարածված կարծիք կա, որ դենդրոպարկի ծառերի փոշոտման շրջանը բարենպաստ է շնչառական խնդիրներ ունեցողների համար: Սակայն Վիտալի Լեոնովիչի կարծիքով՝ սա միայն տնական բուժման միջոց է համարվում և գիտական որևէ հիմք չունի:

Տնօրենը նշում է, որ կան մի քանի պարզ կանոններ, որոնք պետք է պահպանել այգի մուտք գործելուց հետո: Ամենակարևորը` կրակ չվառել անտառում և այգում, չաղտոտել, ծաղիկ չպոկել, սիզամարգի վրա չպառկել (հանգստանալու համար հատուկ տեղեր կան): Այգին դռները բացում է առավոտյան 10.00-ին և փակում 19.00-ին, իսկ ամառային ամիսներին բաց  է մինչև 20.00-ն: Դենդրոպարկում չկան տաղավարներ կամ խորոված պատրաստելու համար  նախատեսված տեղեր: Եթե նման մտադրությամբ եք գնալու, իմացեք, որ ձեզ  չեն թույլատրելու: «Այստեղ ապրում և աշխատում եմ արդեն 34 տարի: Կարող եմ ասել, որ անհամեմատելի է այն ժամանակվա և ներկայիս դրությունը: Այգին նախատեսված է եղել քիչ քանակության մարդկանց համար: Այժմ, հատկապես շաբաթ և կիրակի օրերին անչափ շատ են այցելուները: Տեսանք, որ չենք կարող լիարժեք վերահսկողություն իրականացնել, ծառերը, բույսերը վնասվում են, խոտերը տրորվում են: Սակայն վճարովի դարձնելու հիմնական պատճառն այլ է, – նշում է տնօրենը:

 

Հիմնական խնդիրները

Դենդրոպարկ հասնելու ճանապարհի վերջին հատվածը սարսափելի վիճակում է: Ավտոմեքենան դժվարությամբ է շրջանցում քանդված հատվածները: Դժվարանցանելի ճանապարհից հետո մտածում ենք, որ դենդրոպարկի խնդիրները միայն ճանապարհի վատ վիճակով  չեն սահմանափակվում: «Զուգարան չկա: Մենք մեր ուժերով պատրաստել ենք 5 փոքրիկ զուգարան, սակայն դա բավարար չէ: Մենք շատ փոքր թիմ ունենք, ընդամենը 9 աշխատող. 3 պահակ, տրակտորիստ, երկու բանվոր(15 հեկտար զբոսայգու և 2 հա տնկարանի համար), դենդրոլոգ(ով նույնպես ժամանակ առ ժամանակ որպես բանվոր է աշխատում) և տեսուչ, ով նույնպես օգնում է բանվորներին, քանի որ նրանց աշխատանքը շատ է, իսկ բանվորները` սակավաթիվ: Մենք ենթարկվում ենք բնապահպանության նախարարությանը, սակայն կա միջանկյալ օղակ` «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը, որի հետ էլ հիմնականում աշխատում ենք: Յուրաքանչյուր աշնանը մենք գրում ենք պահանջագիր, թե հաջորդ տարի ինչ է անհրաժեշտ հիմնարկին: Երևի ժամանակն է այդպիսին, բայց մեր պահանջներն արդեն չեն բավարարվում… Ասում են` դուք, ձեր ձեռքով մի բան վաստակեք, մենք այդ գումարով ձեզ համար կառնենք ինչ անհրաժեշտ է: Մուտքի տոմսերի ընդհանուր գումարը (յուրաքանչյուր ամիս մոտ 500.000 դրամ) մենք ուղարկում ենք Երևան` «Արգելոցապարկային համալիր»: Անցյալ տարվա մեր պահանջում ներառված մանր կետերը` բահեր, ձեռնոցներ, ներկեր և այլն՝ տրամադրել են, սակայն, օրինակ, տրակտորի երկու անիվն ու մարտկոցը (ընդհանուր՝ 120.000 դրամ) նոր է համաձայնեցված, որ պետք է տան: Զուգարանների մասին բազմաթիվ անգամ ասել ենք, գրել ենք, սակայն դրա մասին խոսք չկա: Բնականաբար ճանապարհի վերանորոգման մասին ևս խոսք չկա»,- տարակուսանքով ասում է Վիտալի Լեոնովիչը:

2

Սովետական խորոված

Ասֆալտի մասին խոսակցությունից հետո պարոն Լեոնովիչը ներկայացնում է ուշագրավ փաստեր խորհրդային ժամանակաշրջանից: Նախ հարցնում է` թե մեր կարծիքով, ժամանակին ինչո՞ւ է ասֆալտապատվել այս ճանապարհը: Մեր ենթադրությունները, թե ռեսուրս է եղել, անհրաժեշտ է եղել ռեալիզացնել… չեն հաստատվում. «ԽՍՀՄ օրոք արտերկիր գնալը բավական բարդ էր: Տեղացի ղեկավարները` Մացակ Պապյանը, Անտոն Քոչինյանը, մյուսներն ամեն կերպ գեղեցիկ և համապատասխան տեղեր էին Որոնում ամառանոց ունենալու կամ ընտանիքով ամառային հանգիստն անցկացնելու համար: Իրենց կողմից ընտրված էր աչքի ընկնող մի քանի տեղ, այդ թվում և դենդրոպարկը, որտեղ գալիս էին հանգստանալու: Իրենց գալուց առաջ էլ անմիջապես ճանապարհ էին կառուցում, տներ էին հաճախ կառուցում»: Սակայն ՀՍԽՀ ղեկավարների ամառային հանգստից պարոն Լեոնովիչի մոտ մնացել են ամենաանդուր հիշողությունները.«Իմ մանկությունն անցել է այս այգում: Ամառվա ամիսներին, երբ ջոջերը գալիս էին, մեզ հանում էին մեր տնից, մենք երկու ամիս ապրում էինք վրանում, իսկ նրանք ամեն օր խորոված էին անում և աղմկում: Իրականում դենդրոպարկը երբեք զվարճանալու տեղ չի եղել: Գլխավոր նպատակը մարդու և բնության շփումն է»,- իր միտքն է ամփոփում Վիտալի Լեոնովիչը:

5

Զրույցը գրի առավ՝

Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register