ԵՆՈՔԱՎԱՆԸ ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳՐՔՈՒՄ

1

Օձագալար  ճանապարհը մառախլապատ սարերի միջով լրագրողական 50 հոգանոց  «մատյան գնդին» կրկին առաջնորդում է Ենոքավան: Ավտոբուսում տրամադրությունները տարբեր էին: Պարկի վայելքներին ծանոթ, դրանք  մեկ անգամ արդեն  ճաշակած լրագրողները  փորձում էին կռահել՝ 2-րդ անգամ կունենա՞ն արդյոք զիփլայնով առաջին թռիչքի ժամանակ ունեցած զգացողություններն ու այդ ժամանակ առաջացած ադրենալինի չափաքանակը: Լրագրողների «դավին»  անտեղյակ հատվածն էլ ապրում էր «անորոշի» հետ առաջիկա հանդիպման սպասումով:

Թռչելուց  խուսափելու «համոզիչ» պատրվակներ որոնողներ էլ կային: Նրանք նկատելիորեն ակտիվացան, երբ պարկ մտնելով  լսեցին լեռներից   արձագանքող մարդկանց  ճիչերը: Վերջիվերջո, բոլորն էլ թռան: 300 մետր բարձությունից   սքանչելի կիրճի և ծառերի միջով ճախրելու գայթակղությանը ոչ ոք չդիմացավ: Ես էլ կրկին համոզվեցի, որ ինչքան էլ «Յելլում» զիփլայնով թռչես, միևնույնն է՝ այն քեզ համար  մշտապես մնում է անսովոր: Ունեցածդ զգացողությունների աղբյուրը ոչ թե վախն է, որը հաղթահարելի է, ոչ թե արագությունը, որին արագ ընտելանում ես, այլ ճախրանքի  բերկրանքը, զգացումը, որ ժամանակն ասես դանդաղում է շուրջդ…

3

Դրական   լիցքերի  առաջին  չափաբաժինը ստանալուց  և Ենոքավանի լեռնային օդի թարմությամբ   զմայլվելուց  հետո  եկավ խոտերի վրա պարզապես պառկելու և ամպերի  թավշյա խանձարուրով  պարուրված սարերի  և  դրանց կենտրոնում ծվարած Իջևան քաղաքի տեսարանով բարձունքից հիանալու պահը: Պասիվ հանգիստը,սակայն, երկար  չտևեց: Վրա հասավ հաջորդ փորձության՝  զորբինգի «ժամը»:

Յելլի հերթական նորամուծությունը: Երկուական կամավորի կապում էին թափանցիկ գնդի մեջ և գլորում  զինվորների փորած, խրամատ հիշեցնող ոլորապտույտ արահետով:Տարօրինակ էր, որ մեզանից առաջ շնչակտուր գնդի մեջ հայտնված զույգը ողջ ընթացքում այդպես էլ ոչ մի ճիչ չարձակեց : Չհասցրինք անգամ  մտածել դրա պատճառների  մասին, երբ արդեն մենք հայտնվեցինք  գնդի ներսում: Հաջորդ   վայրկյանից  մենք  ասես  հայտնի՝  «Կարմիր մոլորակը»  ֆիլմի՝  Մարսի վրա անհաջող  վայրեջ  կատարած «Շաթլի» տիեզերագնացները  լինեինք:  Զգացողությունն առավել սուր էր Տաթևիկի մոտ: Նրա բացականչություններից  հավանաբար Տավուշի մարզի թռչունները խուռներամ, սրտաճաք եղած վաղաժամ չվեցին տաք երկրներ կամ ավելի ճիշտ՝ ուր աչքերը կտրի (ի դեպ, հատուկ շնորհակալություն  Նարինե  Իրիցյանին, ով անսասան  մնալով իր տեղում՝ խիզախորեն պահելով իր խոստումը՝  տեսաձայնագրեց մեր այդ փորձությունը): Մինչ Արամ MP3-ի, «Նեմրայի», իջևանցի ռեփերների և կատակերգակ Հայտ  Պետրոսյանի մասնակցությամբ  տոնական  շոու- համերգի սկսվելը մեր  քայլերն  ուղղեցինք  պարկի հիմնական   տարածքից մոտ  400 մետր դուրս, սարի պռնկին կանգնած մետաղյա դեղին աշտարակ:

Պարկի  նախագծի  հեղինակ  և համահիմնադիր  Տիգրան Չիբուխչյանի,  պարկի  գլխավոր  ճարտարապետ  Դերիկ  Գրիգորյանի և «Spring PR» գործակալության ներկայացուցիչ  Մարիամ  Սաֆարյանի հետ երկամյա մանչուկի հաջողություններից էինք խոսում և նայում նրա ապագային՝ դեղին աշտարակին: Իրականացված երկարատև աշխատանքներից հետո՝  եկող  տարի աշխարհում ամենաերկար զիփլայնով հենց այստեղից են իրականացվելու  ամենաէքստրեմալ ու անմոռանալի թռիչքները:

4

Մոտ 10-15 տարի առաջ այս տեղանքը սակավաթիվ մարդկանց էր հայտնի: Սարի գագաթին էլ գոմեր էին և անբարենպաստ համարվող   Ենոքավան գյուղի տարեցտարի պակասող  բնակիչների անասունները:  Տեղաբնակների մոտ  գնալով  մարում էր  գյուղի ապագայի հանդեպ ունեցած հույսը:  Միակ սփոփանքը՝ բարձունքից  բացվող դյութիչ տեսարանն էր: Նախ Չիբուխչյան ընտանիքի նախաձեռնությամբ և միջոցներով հիմնվեց «Ապագա ռեզորթ» հյուրանոցը, ապա  2015-ին  ստեղծվեց «Յելլ էքստրիմ պարկը»: «Ռելիեֆը մի կողմից բարդություն է առաջացնում, մյուս կողմից հետաքրքիր և խենթ  զվարճանքներ ստեղծելու  հնարավորություն»,-  նշում   է   պարկի  գլխավոր ճարտարապետ, Թեհրանից  Հայաստան ներգաղթած Դերիկ Գրիգորյանը: «2  տարվա ընթացքում մեծածավալ աշխատանք կատարվեց:

2

Առանց տեղանքի էկոհամակարգը վնասելու՝ հիմնվեց էքստրեմալ մի օազիս, որը Հայաստանը  տարածաշրջանում մի նոր, խենթ ու էքստրեմալ բնութագրիչով հայտնի դարձրեց»: Տիգրան   Չիբուխչյանի դիտարկմամբ՝ կարևորագույն   ձեռքբերումը Ենոքավան համայնքի   վերակենդանացումն է: Համայնքի բնակչությունը  գնալով ավելանում է: Պարկն ունի 34 աշխատակից, չհաշված «աութսորսով» համագործակցող և շինարարարկան կազմակերպությունները: Որակավորում ունեցող  աշխատակիցների պակասը շատ է   զգացվում: Աշխատակիցների  մրցունակության համար պարկի ղեկավարությունը համաձայնություն  է  ձեռք բերել Դիլիջանի պետական   քոլեջի հետ՝ վերապատրաստման   դասընթացներ իրականացնելու  համար:

5

Պարկի ղեկավարությունը  պատրաստակամություն  է  հայտնել՝ անգամ ֆինասավորմամբ  աջակցել քոլեջին՝  անհրաժեշտ   որակավորման մասնագետներ պատրաստելու համար: «Մենք ամեն ինչ անում ենք, որ վերացնենք սեզոնայնության գործոնը և մեր աշխատակիցներին կլոր տարի ապահովենք  կայուն աշխատանքով»,- ակնարկելով  մոտ ապագայում  «Յելլ պարկում»   նախատեսվող ձմեռային խենթ ու խելառ նոր ատրակցիոնների մասին, նշեց Տիգրան   Չիբուխչյանը: Իհարկե   այս   կարճ   ժամանակահատվածում   Ենոքավանի ենթակառուցվածքային   բոլոր   հիմնախնդիրները   չէ,որ լուծվել : Առաջացած   խնդիրներին  համակարգված  լուծում  տալու  նպատակով Ենոքավանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ մշակվել է զարգացման ծրագիր՝ մինչև 2025 թվականը: Նախկինում  զարգացման որևէ  հեռանկար   չունեցող   այս   շրջանն  այսօր ունի զբոսաշրջիկների 50.000 հոսք: Աշխատանքներ են տարվում՝ այդ հոսքը մոտ ապագայում   հնգապատկելու ուղղությամբ: «Յելլը»   սոցիալական   ձեռնարկության   հայկական   ամենավառ   և ընդօրինակելի նախատիպերից է, երբ բիզնեսը, բնությունն ու  համայնքը զարգանում են ձեռք ձեռքի տված: Այլ կերպ ունեն կայուն ու երաշխավորված ապագա, որը շատերի համար շարունակում է երազանք մնալ …

 

Արարատ Սահակյան

Լուսանկարները՝« Spring PR» գործակալության

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register