ԿԻՆԸ՝ ԲՌՈւՆՑՔԻ ՄԵՋ

8

Կանանց ու տղամարդկանց իրավահավասարության մասին  շատ է խոսվում, վերից վար ու վարից վեր: Ինչքան  շատ է խոսվում, այնքան  անհասկանալի ու անլուծելի խնդիրներ են մնում: Ավելին՝ բռնությունն է ավելանում: Վերջին շրջանում լրահոսերի թեժ թեման սպանություններն են,  ընտանեկան,  կինն՝ ամուսնուն, ամուսինը` կնոջը: Լրատվական չոր-ցամաք նախադասությունների տակ իրականում միայն ընտանեկան ողբերգություններ չեն, այլ՝ պարտություն,  մի ամբողջ հասարկության պարտություն: Հասարակությունն իր մեջ ուժ չի գտնում կնոջ ու տղամարդու, ընդհանրապես՝ մարդկային հարաբերությունները առողջ դաշտում, փոխադարձ  հարգանքի ու սիրո դաշտում կառուցելու համար:

Հայաստանում ամուսնալուծությունների թվով առաջինը Լոռու մարզն է՝ կայուն վիճակագրությամբ: Ու հենց այս մարզի գյուղերից մեկում մանկահասակ երեխաների աչքի առաջ կինը գնդակահարել է ամուսնուն՝ իր իսկ զենքով: Հետո պարզվել է՝ ինքնապաշտպանվել է,  տարիներ շարունակ տարել մականանունավոր ու այսպես կոչված հեղինակություն կոչված ամուսնու նվաստացումները,  բռնությունը: Հարևանները պատմել են, որ անհաշտ են եղել, սակայն կինը չի կարողացել ազատվել ամուսնու ոչ լծից, ոչ՝ բռունցքներից:

Հաջորդ պատմությունը Արմավիրի մարզից էր. մարզպետարանի ճանաչված, թվում է՝ հարգված  պաշտոնյան սեփական տանը քնած ժամանակ կացնահարվում է կնոջ կողմից:

Իսկ հաղորդագրությունից այն կողմ ևս մի ընտանեկան ողբերգություն է, որտեղ տուժող են բոլորը՝ ամուսինը, կինը, բայց ամենաշատը կիրթ ու կայացած մի երիտասարդ,  նրանց որդին, որ ծնողների չստացված հարաբերությունների դառնությունը ճաշակում է ամբողջ ներկապնակով։

Քիչ-քիչ իմացող- ճանաչողներից, «ֆեյսբուքներից» լուրեր են սպրդում՝ հագած-կապած, ժպտադեմ պաշտոնյայի դիմակի տակ իրականում ընտանեկան հրեշ է ապրել: Հանրությանն ի ցույց դրված լուսանկարներում ինքնավստահ տղամարդու կողքին գեղեցկադեմ, բայց աչքերի մեջ ամուր նստած ցավով կինն է, գեղեցիկ սանրվածքով, որ պարզվում է՝ իրենը չէ, եռման ջրով վնասված գանգամաշկը ծածկողը  կեղծամ  է: Կնոջ գլխին եռման ջուր լցնող ամուսինը երևի կեղծամի համար էլ գումար չի խնայել, հո հասարակ  մարդու կին չի, որ էժան կեղծամ  կրի: Այս դեպքում էլ ասում են՝ տարիներ շարունակ կինը չի կարողացել բաժանվել ամուսնուց, իսկ դանակը ոսկորին ու գործը կացնին է հասել, երբ հերթական վեճուծեծից հետո սպառնացել է կնոջը, որ կսպանի նրան ու հաղթած քնել է: Շարունակությունը գիտեք ոստիկանական հաղորդագրություններից:

Եռյակի աշխարհագրությունը հասավ Երևան՝ քաղաքի ամենակենտրոն: Թումանյան փողոցում բռնակալ ամուսինն ավելի օպերատիվ գտնվեց նախորդներից և հասցրեց սեփական բռունցքներով սպանել 34 տարեկան սեփական կնոջը:

Ո՞ւր է տանում մեզ բռնությունը,  ինչո՞ւ են որոշ տղամարդիկ այս կերպ ինքնահաստատվում: Երբեմն միմյանց են սպանում, երբեմն  և որ ամենահեշտն է՝ կանանց: Սա տխուր ու մտահոգիչ վիճակագրություն է , խորքային շատ  խնդիրներ բարձրացնող: Տխուր է, որ քսանմեկերորդ դարում մարդը բռնությամբ հարց է լուծում,  առավել տխուր է, որ տղամարդը կնոջ վրա է ձեռք բարձրացնում: Սա այն խնդիրն է, որ եվրոպական ու այլ աղբյուրներից օրինակ քաղելով չի լուծվի,  իրականում մեր հասարակությունն ինքը պիտի ներսից բուժվի, մաքրվի ու մարդու համար մարդ լինելը հռչակի նախապայման:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register