«ՃԱՄՓՈՐԴԻ» ՍԵՄԻՆԱՐԸ ԱՐՑԱԽՈւՄ

8

Անցած տարվա ապրիլյան պատերազմը Հայաստանի մեդիադաշտի համար ևս մեծ փորձություն էր: Ապրիլի 2-ին հաջորդած օրերին, բազմաթիվ լրագրողներ՝ չունենալով պատերազմական ակտիվ իրավիճակներում աշխատելու կենսափորձ՝ մեկնեցին Արցախ: Բարեբախտաբար քառօրյա պատերազմի ժամանակ որևէ լրագրող ֆիզիկապես չտուժեց: Մյուս կողմից թերացումները լուսաբանման ոլորտում, աղբյուրների ընտրության, ռազմական լրագրության նրբությունները հաշվի չառնելու հարցում ահռելի էին: Այս առումով շատ կարևոր էր օրերս Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի, ՀՀ ՊՆ-ի,  ԼՂՀ ՊԲ-ի և «Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի» («Artsakh Human Rights Foundation») կողմից կազմակերպված, «Լրագրողը որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակներում» խորագրի ներքո անցկացված համատեղ սեմինարը: Եռօրյա սեմինարին մասնակցում էին 22 լրագրող Հայաստանի տպագիր, առցանց և հեռուստատեսային լրատվամիջոցներից և վեց լրագրող Արցախից:

«Ճամփորդ» հասարակական հիմնադրամի հիմնադիր Արիանա Կաոլիին սեմինարի սկզբում մասնակիցներին ուղղված տեսաուղերձում նշեց. «Պատերազմական իրավիճակների և կոնֆլիկտների լուսաբանումը՝ հանրային իրազեկման տեսանկյունից անչափ կարևոր է թե՛ մեր ժողովրդի, թե՛ մեր երկրի անվտանգության համար: Թեպետ կիբերանվտանգությունը համեմատաբար ավելի նոր երևույթ է, սակայն այս հոլովույթում այն ևս չպետք է անտեսվի: Հանրության գրագետ իրազեկումն ու լուսաբանվող թեմայի վերաբերյալ գիտելիքի ամբարումը մեծ կարևորություն ունեն, քանի որ մեր կյանքի զգալի մասն այսօր անցնում է օնլայն հարթակում:

«Ճամփորդ» հիմնադրամը վստահեցնում է, որ շարունակելու է ջանքերը՝ լրագրության պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու ուղղությամբ»: Սեմինարն անցավ ակտիվ քննարկման, հարց ու պատասխանի ձևաչափով: Արդիական դիտարկվող մի շարք թեմաների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին հրավիրված 9 փորձագետները: Լրագրողների մի մասն անցած տարվա ապրիլին եղել էր ակտիվ հակամարտության գոտում: Նրանց համար շատ կարևոր էր թե՛ միմյանց, թե՛ փորձագետների հետ ծանոթությունը, կապերի հաստատումը, ինչը ցանկացած սեմինարի կարևոր բաղադրիչներից է:

Երկրորդ օրը մասնակիցները մեկնեցին Ասկերանի շրջանում տեղակայված զորամաս, որտեղ էլ հանդիպեցին թե՛ սպայական անձակազմի, թե՛ մարտական հերթապահության փորձ ունեցող զինվորների, թե՛ դեռ ուսումնական փուլում գտնվող, սակայն արդեն նորակոչիկի կարգավիճակից դուրս եկած տղաների հետ: Ռազմական լրագրությանը անհրաժեշտ է նայել տարբեր տեսանկյուններից:

2222

Երբ առաջին բանախոս, ֆրանսիացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Էրիկ Լամբերտը (նա անցած տարվա քառօրյա պատերազմից հետո այցելել էր Արցախ և հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում») նշեց, թե անհրաժեշտ է օբյեկտիվ լուսաբանել նաև պատերազմը` ներկայացնելով բոլոր կողմերին, մասնակիցները հակադարձեցին` «Լրագրության «ոսկե կանոնն» այստեղ չի գործում, երբ լրագրողը հակամարտող կողմերից մեկի ներկայացուցիչ է, չէ՞ որ հակառակորդի տարածքից լուսաբանելու հնարավորություն չկա, իսկ տեղի աղբյուրները գլխավորապես փաստերի խեղաթյուրմամբ են զբաղվում: Մինչդեռ միջազգային ԶԼՄ-ն կարող է գործուղել լրագրողներ` թե՛ Արցախ, թե՛ Ադրբեջան»: Այնուհանդերձ, օրինակ, Ադրբեջանում քառօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած օրերին եղել են բազմաթիվ դեպքեր, երբ իրավիճակը օբյեկտիվ ներկայացնող լրագրողներին արտաքսել են երկրից:

2

Ռուսաստանցի ռազմական լրագրող Արթուր Մատվեևը եղել է աշխարհի տարբեր թեժ կետերում: Նա իր խոսքում մի քանի անգամ տարբեր օրինակներով ներկայացրեց, թե որքան կարևոր է լրագրողի և խմբագրության իրավասությունները որոշելը կա՛մ մինչ հակամարտության գոտի մեկնելը, կա՛մ ընթացքում: «Ռազմի դաշտում լրագրողն է շեֆը, ոչ թե խմբագիրը: Ինձ բազմիցս խմբագրությունից խնդրել են մեկնել այս կամ այն ուղղությամբ, քանի որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների այնտեղ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, սակայն ես գիտեի, որ այնտեղ այժմ իսկական դժոխք է և բնականաբար մերժում էի առաջարկը»:

5

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի բանախոսությունը «Խոսքի ազատության իրավաչափ սահմանները հակամարտության գոտիներում» թեմայով էր: Նրա ելույթում ներառված էին պատերազմական իրավիճակներում լրագրողների իրավունքներին և աշխատելոճի նրբություններին վերաբերող կետեր՝ հիմնված «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մշակած դրույթների հիման վրա: ԼՂՀ օմբուդսմենը ներկայացրեց նաև, թե ինչ իրավունքներ է գործում պատերազմական իրավիճակում՝ խաղաղ բնակիչների և զինվորականների համար:

1

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, «Մեդիամաքս»(mediamax.am) գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն անդրադարձավ «Ողջ մնալու արվեստ լրագրողների համար» և «Ապրիլյան պատերազմի տեղեկատվական սպառնալիքները» վերնագրված թեմաներին: Առաջին զեկույցում նշվում էր, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարի լրագրողը ռազմաճակատ մեկնելուց առաջ, ինչ անհրաժեշտ իրեր պետք է ունենա իր հետ, բանախոսը ներկայացրեց նաև հագուստի ճիշտ և սխալ տարբերակները, սահմանային գոտում ձեռնարկվելիք քայլերը, անվտանգության նկատառումները:

6

Ավելորդ չեմ համարում մեջբերել նաև ելույթի ուշագրավ մտքերից. «Ռազմական լրագրությունը մեդիայի այն բացառիկ ոլորտներից է, երբ մրցակից լրատվամիջոցների լրագրողները ռազմի դաշտում պետք է միմյանց ամեն կերպ օգնեն, այդ թվում և` տեղեկատվությամբ, նույնիսկ եթե այն էքսկլյուզիվ է», «Ռազմաճակատում երբեք զենք մի վերցրեք, նույնիսկ կատակով: Եթե վերցրել եք, պետք է կրակեք, քանի որ դուք՝ արդեն զինվոր եք, այլ ոչ թե լրագրող», «Ռազմաճակատ մեկնում են միայն խիզախ լրագրողները, ովքեր պատրաստ են, սակայն եթե վախի զգացումը ձեզ լքել է, հեռացեք, քանի որ վախը ստիպում է ձեզ միշտ ուշադիր և զգոն լինել»:

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն էլ պատմեց Ստեփանակերտում գործող ՊԲ նոր տեղեկատվական կենտրոնի մասին, որը ճգնաժամային իրավիճակներում տեխնիկա, տարածք և բարձրորակ ինտերնետ է տրամադրում տեղի և դրսեկ լրագրողներին: Քննարկման թեմա դաձավ նաև ԶԼՄ-ների աշխատանքն առաջնագծում 2016 թվականի ապրիլից առաջ և հետո:

4

«Սայբեր Գեյթս»(«Cybergates.org») ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը ներկայացրեց զեկույց «Կիբերանվտանգության մարտահրավերները» թեմայով: Նա ուշագրավ մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել կիբերտարածքում ապրիլյան դեպքերի ժամանակ: Նրա դիտարկմամբ՝ հակերային հարձակումների հիմնական թիրախը մեդիա կայքերն են եղել: Նման հարձակումների հիմնական իմաստը հակառակորդի բնակչությանը խուճապի ենթարկելն է:

samvel

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գլխավոր մասնագետ Սյուզաննա Սողոմոնյանի ելույթն էլ՝ «ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները» թեմայով էր: Նա պատմեց այս տարվա հունվարից գործող կենտրոնի մասին, որն ունի թեժ գիծ(կապ՝ 1-28): Թեժ գիծն ընդունում է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող զանգեր: Տիկին Սողոմոնյանի վստահեցմամբ՝ կենտրոնին դիմում են ոչ միայն զինծառայողները, այլև նրանց հարազատները: Թեժ գծին զանգահարում են ամենատարբեր հարցերով՝ աշխատվարձի ուշացումից՝ մինչև ոչ կանոնադրական հարաբերություններին առնչվող դեպքեր:

3

Սասուն Սիմոնյանը 2017 թվականից ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետն է: Նա ներկայացրեց ՀՀ ՊՆ օրենսդրական նոր նախաձեռնությունները կապված «Ազգ-բանակ» հայեցակարգի հետ:

2-(1)

Նորայր Սմբատյանն էլ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի տեղակալն է: Նա էլ իր հերթին ներկայացրեց ՀՀ զինված ուժերում իրականացվող ռազմական կրթության ծրագրերը, անդրադարձավ նորամուծություններին ու մարտահրավերներին:

7

Հիշեցնենք, որ «Ճամփորդ» հիմնադրամը սկսել է գործել անցած տարվա հուլիսից: Հիմնադրամի հիմնական նպատակներն են՝ անկախ լրագրության զարգացումը, երիտասարդ լրագրողների կայացմանը նպաստելը, մարդու իրավունքների իրազեկումն ու ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը, քաղաքացիական հասարակության զարգացումը և որակյալ տեղեկատվության ապահովումը: Սա լրագրողների համար կազմակերպված թվով երրորդ սեմինարն էր: Հիմնադրամը մինչ այժմ կազմակերպել է սեմինարներ տնտեսական և մշակութային լրագրողների մասնակցությամբ:
Սեմինարի ընթացքին հետևեց՝
Գարեգին Ալեքսանյանը 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register