«ՇԱՄՊԱՅՆԸ» ՎԱԽԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԷ…

pordzir2

Սխալվելու վախը մեզ ուղեկցում է ամեն տարիքում: Նոր աշխատանքի դիմելիս, նոր հանձնարարություն ստանալիս, անգամ նոր սանրվածք ու ոճային փոփոխություն անելիս միշտ մտածում ենք՝ իսկ եթե չկարողանա՞մ, իսկ եթե չընդունե՞ն, իսկ եթե չսազի՞, իսկ եթե չստացվի՞, իսկ եթե… «Եթե»-ներից ունեցած վախն էլ շատերիս հետ է պահում անելու այն, ինչն ամիսներ շարունակ ծրագրել ու պլանավորել ենք, ինչի մասին երազել ենք մանկուց…

Վախը կրկնապատկվում է, երբ շրջապատում գտնվում է թեկուզ մեկը, ով կասկածում է մեր ուժերին, ով բարի դեմքով խորհուրդ է տալիս. «Հին սանրվածքդ ինձ ավելի է դուր գալիս», կամ «Աշխատում ես, էլի, ինչի՞ ես գործդ փոխում»: Ավելի «խելամիտներն» ընդդիմանում են անգամ մասնագիտություն ձեռք բերելու որոշմանդ ու խիստ զարմանում, երբ որոշում ես, ասենք, երկրորդ մասնագիտություն ձեռք բերել: «Երկրորդ մագիստրատուրան ի՞նչ ես անում: Ամբողջ կյանքում սովորելու ես, ինչ է, քո տարիքի մարդիկ արդեն երկու երեխա ունեն…»: Սանրվածք ընտրելիս ներկի հետ մեզ «հրամցվում է» սազել-չսազելու, տնօրենի հետ խոսելիս՝ ճիշտ հասկացվել-չհասկացվելու, սիրած էակին սեր խոստովանելիս՝ մերժվելու վախը…

Վստահելուց առաջ քանի՞ անգամ ենք մտածում՝ իսկ արժե՞ արդյոք վստահել, իսկ եթե հիասթափվե՞մ… Հարաբերությունները խզում ենք նոր կյանք սկսելու մտադրությամբ, բայց անընդհատ հետ ենք վերադառնում ու նույն հարցը տալիս՝ «Կկարողանա՞մ ապրել առանց նրա…» : Վախի դեմ պայքարը հաճախ այնքան երկար է ձգվում, որ որոշում կայացնելու կարիք էլ այլևս չի լինում: Ուղղակի սկսում ենք մտածել, որ 10-ամյա սանրվածքն իդեալական է մեզ համար, որ շատ երջանիկ ենք նրա հետ, ով հազվադեպ է ուշադրության ու սիրո նշաններ ցուցաբերում մեր հանդեպ, որ 60.000 դրամ աշխատավարձն այն է, ինչի մասին միշտ երազել ենք՝ «Այնքա՛ն մարդ կա, որ դա էլ չունի…»:

Համակերպվելն ավելի հեշտ է, քան ինչ-որ բան փոխելն, այնպես չէ՞: Ավելի հեշտ է մտածել, որ չես կարող հեծանիվ քշել, քան մեկ անգամ փորձել ու վնասել ծունկը: Ավելի հեշտ է լինել միջին որակի մասնագետ, քան անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել կամ մտածել նոր որակավորում ձեռք բերելու մասին: Սխալվելն այնքան սարսափելի չէ, ինչքան դրա մասին ունեցած մեր պատկերացումները: Ծնկի կապտուկներն էլ իրականում ոչինչ են հեծանիվ քշելու «դրայվի» համեմատ…

«Կատարյալ լինելու» և «չսխալվելու» կաղապարների մեջ ինքներդ ձեզ դնելու մոտեցումները Սովետական միությունում են մնացել: Ցանկալի կյանքով ապրելու համար մեզանից ընդամենը երեք քայլ է պահանջվում՝ փորձել արագ, սխալվել արագ, սովորել արագ:

Տաթևիկ Սարգսյան

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register