ՈՐՏԵՂ ՍՈՎՈՐԵԼ ԱՐՎԵՍՏ 

6

Նոր ուսումնական տարվա նախաշեմին  «Ճամփորդ»-ը  այլընտրանքային կրթության կենտրոնների որոնման ընթացքում բացահայտեց  «Մեդիալաբ» արվեստի կրթական անվճար նախագիծը, որը «Ֆոկուս» ՀԿ-ի («focus.org.am») (2007-2016 թվականներին՝ «Ուտոպիանա» ՀԿ) երկարաժամկետ ծրագրերից է: «Մեդիալաբ»-ը զբաղվում  է արվեստով հետաքրքրվող կամ արվեստով  ապրող 15-25 տարեկան պատանի- երիտասարդների կրթությամբ: Կիսամյա  դասընթացի շրջանակում մասնակիցները արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ գիտելիք  են ձեռք բերում, սովորում են կիրառել արվեստի գործիքներ, ձևավորում են քննադատական մոտեցում այդ գործիքների նկատմամբ, աշխատում են թիմով և իրականացնում են խմբային տարաբնույթ ծրագրեր: Այժմ ընդունելության շրջան է, դիմումների ընդունման  վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 10-ն է: Կրթական ծրագրի շուրջ  «Ճամփորդ»-ը զրուցել է «Մեդիալաբ»-ի համակարգող, արվեստագետ Վահե Բուդումյանի հետ:

– Ե՞րբ է ստեղծվել «Մեդիալաբ» նախագիծը: Ովքե՞ր են ծրագրի հիմնական նախաձեռնողները:

-«Մեդիալաբ»-ը գործում է գրեթե 10 տարի: Այն իր թիմով նախաձեռնել է «Ուտոպիանա» ՀԿ-ն: Ես ինքս «Մեդիալաբ»-ի շրջանավարտ եմ և ներգրավվել եմ ծրագրում՝ 2011 թվականից: Ամեն դեպքում, կարևոր է ասել, որ 2007-ի  և այսօրվա «Մեդիալաբ»-երը տարբեր են: Գուցե գաղափարական կորիզը նույնն է մնացել, բայց, օրինակ՝ թիրախային խումբը, որի հետ աշխատում ենք, այլ է: Նախապես «Մեդիալաբ»-ի ուսանողները երիտասարդներ չէին,ավելի կայացած արվեստագետներ էին: Օրինակ՝ Մհեր Ազատյանը, ով ժամանակակից արվեստի  ճանաչված դեմքերից է, կամ ասենք՝արվեստագետ  Հովհաննես Մարգարյանը: 2011/12 թվականներին «Մեդիալաբ»-ը դարձավ երիտասարդներին ուղղված կրթական ծրագիր: «Մեդիալաբ»-ը  միշտ համարվել է փորձարարական: Երբևէ չի եղել մի բան, որը չպետք է փոխվի, մնա հաստատուն: Ընդհակառակը, եղել է ճկուն, շատ անգամ «Մեդիալաբ»-ի ուսումնական ծրագիրը կազմվել է ելնելով ուսանողների պահանջներից, հարմարեցվել է նրանց պահանջներին:

 – Ի՞նչ առարկաներ են անցնում «Մեդիալաբ»-ի ուսանողները, ո՞վքեր են դասվարները:

  – Առաջինը «Ժամանակակից արվեստի պատմություն» ներածական դասընթացն է,որը դասավանդելու է երիտասարդ արվեստաբան Ելենա Այդինյանը: Դրան հաջորդում է «Լուսանկարչության պատմություն և լուսանկարի ընթերցում» դասընթացը, որը վարում է լուսանկարչության պատմության հետազոտող Կարին Գրիգորյանը, ով լուսանկարչության պատմության և տեսության թարգմանությամբ է զբաղվում, վարում է «Ֆոտոբիո» կարևոր բլոգը: Ունենք «Լուսանկարչության տեխնիկական հարցեր և մշակում», «Լուսանկարի քիմիական տպագրության եղանակներ» դասընթացները, որոնք ես եմ վարում: Ունենք կամընտրական՝ «Լուսանկարի մշակում» դասընթացը: «Ստեղծագործական գրություն» դասընթացը վարում է գրող, լուսանկարիչ Աննա Դավթյանը: Չափազանցություն չի լինի եթե ասեմ, որ ամեն տարի այս դասընթացը ամենասիրված, ամենաժողովրդականն է և ունենում է առավելագույն հաճախումներ՝ նաև ազատ լսումների տեսքով: «Ձայնային արվեստ»  դասընթացի ժամանակ, ուսանողները մասնակցում են փորձարկումների: Նրանք  շատ են սիրում մի բան անել իրենց ձեռքերով և տեսնել արդյունքը: Այս դասընթացը վարում են «LSD» միավորման ձայնային արվեստի խմբի երաժիշտներ՝ Արեգ Առաքելյանն ու Վարդան Հարությունյանը: «Ձայնային արվեստ» դասընթացի ժամանակ ուշագրավ դեպք էր տեղի ունեցել: Պրակտիկ դասաժամերը  փոքր-ինչ աղմկոտ են,քանի որ ուսանողները փորձում են միավորել տարբեր իրերից ստացած ձայները, ստանալ «sound»: Շենքի բնակիչներից մեկին այնքան էր հետաքրքրել «պրոցեսը», որ սկսել էր պարբերաբար մասնակցել դասերին: Ունենք նաև  այլ դասընթացներ՝ «Մոնտաժի տեսություն ու պատմություն» (վարող՝ Դավիթ Ստեփանյան), «Գրաֆիկական ձևավորում» (վարող՝ Նորա Գալֆայան), «Անիմացիայի ներածություն» (վարող՝ Գոռ Ենգոյան), «Օպերատորական հմտություններ» (Աշոտ Բոյաջյան):

 – Որքա՞ն է տևում մեկ ուսումնական փուլը: Խումբը սովորաբար քանի՞ ուսանողից է բաղկացած լինում: Դիմողները շա՞տ են, ինչպե՞ս եք ընտրություն կատարում :

 – Մեր հիմնական խնդիրը միշտ եղել է տարածքը: Նախկինում մենք կարողանում էինք ընդունել 6-7 հոգու. սենյակում կարող էր տեղավորվել ճիշտ այդքան ուսանող:Այժմ «Ֆոկուս» ՀԿ-ն գործում է Չարենցի 4 հասցեում: Հաշվի առնելով դիմորդների քանակը,  մենք այժմ ավելի մեծ լսարան ենք ընտրել և կարող ենք ընդունել 15-20 ուսանողի: Ամբողջ ծրագիրն անցած ուսանողները ստանում են ավարտական վկայականներ: Սա մշտական խմբի մասին է, սակայն մեզ մոտ գործում է նաև ազատ լսումների ձևաչափ: Բացի այդ, լինում են բաց դասեր և հանդիպումներ դրսեկ արվեստագետների հետ: Այս դեպքերում կարող են մասնակցել նաև 25-ից բարձր տարիք ունեցողները: Ստացվում է, որ «Մեդիալաբ»-ը շատերին է հյուրընկալում: Դիմորդների քանակը բավական շատ է, ինչի պատճառով ընտրությունն էլ բարդ է լինում: Մոտ հարյուր էլեկտրոնային հայտ ենք ստանում, ինչը նշանակում է, որ անցնել կարող է յուրաքանչյուր տասներորդը: Հայտը լրացնելիս մի քանի պարզ հարցի է անհրաժեշտ պատասխանել,օրինակ՝  թե ինչու է դիմորդը  ցանկանում մասնակցել «Մեդիալաբ»-ին, և ինչ է ուզում անել դասընթացի ընթացքում,  ինչպես է պատրաստվում օգտագործել ստացած գիտելիքը: Այդ հարցերի պատասխաններն օգնում  են մեզ կատարել առաջին փուլի ընտրությունը: Շատ-շատերը մի փոքր այլ կերպ են պատկերացնում «Մեդիալաբ»-ը, ինչը գուցե նաև մեր խնդիրն է: Օրինակ՝ մարդիկ կան, որ «Մեդիալաբ»-ը  պատկերացնում են մի բան, որն ավելի շատ կապված է լրագրության,քան ասենք՝  արվեստի հետ: Գուցե ինչ-որ մեկը մտածում է, որ կարող է սովորել և դառնալ, օրինակ, հարսանիք նկարող օպերատոր: Այդ պատճառով մենք պետք է համոզված լինենք, որ դիմողները ճիշտ են հասկացել «Մեդիալաբ»-ի իմաստն  ու հետապնդած նպատակը: Արդեն երկրորդ փուլում խմբի մասնակիցներին ընտրում ենք անհատական հարցազրույցների միջոցով:

– Քանի՞ ամիս է տևում դասընթացը, ի՞նչ պարբերականությամբ են հանդիպումներ անցկացվում:

– Դասերը տևողությունը  6-7 ամիս է: Որպես կանոն  դրանք անցկացվում են երեկոյան ժամերին և ունեն ակադեմիական տևողություն ( 1.5-2 ժամ):  Ունենում ենք շաբաթական երկու հանդիպում:

 – Որո՞նք են ակադեմիական և այլընտրանքային կրթության հիմնական տարբերությունները:

– Ակադեմիական կրթությունը ենթադրում է 4 պարբերական ուսումնական տարի, արդեն մշակված ծրագրով, որում շատ քիչ է տեղ է հատկացվում փորձարարությանը: Եթե խոսում ենք Երևանի պետական գեղարվեստական ակադեմիայի մասին, ապա նշեմ, որ այն խորհրդային ակադեմիայի ժառանգորդն է, այնտեղ  գերակայող են խորհրդային շրջանի մոտեցումները: Սա չեմ ասում որպես քննադատություն, բացասական կամ դրական բան, այլ ասում եմ՝ տարբերությունն ընդգծելու համար: Իսկ ժամանանակից արվեստը խոշոր առումով արևմտյան երևույթ է, և այս տեսակ այլընտրանքային կրթական ծրագրերը, «ֆորմալ» նախաձեռնությունները ավելի նոր երևույթ են:

 – Առջևում սեպտեմբերի 1-ն է, սկսվում  է նոր ուսումնական տարին: Որպես նախկին ուսանող և «Մեդիալաբ»-ի նախաձեռնող, ի՞նչ խորհուրդ կտայիք երիտասարդներին, որոնք նոր են սկսել կրթություն ստանալ:

– Մի խորհուրդ ունեմ: Կրթությունը երբեք չի ավարտվում: Սովորաբար, երբ ասում ենք կրթություն, հասկանում ենք համալսարանական բարձրագույն կրթություն, որը տևում է 4 տարի կամ՝ «Մեդիալաբ»-ի դեպքում՝ կես տարի:Շրջանավարտը ստանում է որակավորում, ինչը փաստում է, որ նա ինչ-որ բանի մասնագետ է: Իմ միակ խորհուրդն է, որ ուսանողները չհավատան դրան: Չհամարեն, որ ինչ-որ ժամանակ հետո, ինչ-որ կրթություն ստանալով, ինչ-որ բանի մասնագետ են և կրթությունն այդքանով ավարտվում է: Երբեք չպետք է դադարել սովորելուց, այն էլ՝ ներկայիս աշխարհում, երբ ամեն ինչ շատ արագ փոխվում է:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register