ՄԵՆՔ՝ ՄԵՐ ԴԵՄ

5

Մենք՝ հայերս, անկրկնելի հակասական ժողովուրդ ենք, հաճախ՝ ծայրահեղությունից ծայրահեղություն: Աշխարհի երևի թե եզակի երկրներից ենք՝ միատարր բնակչությամբ: Սա մեզ առավելություններ, նաև՝ խնդիրներ է բերում, քանի որ մենք ներսում հանդուրժողականության, ինտեգրման տեղ չենք ունենում մշակութային այլ շերտերի ու դրանց կրողների հետ: Գրեթե: Մեր ազգային առանձնահատկություններից է նաև այն, որ հայերով բոլորս գեներալ ենք, զինվոր լինել չենք ուզում: Իսկ ավելի լուրջ՝ թիմային չենք, այլ՝ անհատական: Այս ամենով հանդերձ, ոչ ոք չի ժխտի, որ տաղանդավոր ու ստեղծող ժողովուրդ ենք, անկրկնելի ջերմ ու սրտացավ: Սակայն մեզ հաճախ միավորողը ցավն է լինում և ոչ պայքարը կամ ձգտումը՝  հանուն ավելի լավ կյանքի:

Իսկ ինչն է խաթարում մեր միասնությունը, տարանջատում ու կոտրում մեզ: Շատ առօրեական ու հայկական մի գիծ՝ ինքնապառակտումն ու ինքնաոչնչացումը: Եվ ինչպես է այն դրսևորվում. ըստ իս, ամենատարրական կենցաղային մակարդակով՝ ծովից ծով Հայաստանից մնացած մի բուռ երկրի աշխարհագրական տարանջատմամբ: Երբ ընդամենը երեսուն գումարած տասնհինգ հազար քառակուսի կմ-ի վրա և անգամ Սփյուռքում մենք ավելի ենք նեղացնում մեր սահմանները՝ երևանցուն առանձնացնելով գյումրեցուց, ղարաբաղցուց, լոռեցուն սյունեցուց և նեղանալով, չվախենամ ասել, նաև նեղմտանալով, հասնում ենք արդեն միջգյուղական ու միջթաղային բաժանումների: Բակի տաղավարի մակարդակով զրույցներում  «ճշտով» փաստում ենք, որ դե երրորդ մասցին ինչ երևանցի, առավոտվա սուրճի մրուրի ամբողջ դառնությունը թափում ենք ղարաբաղցիների գլխին, նրանց մեղադրում մեր բոլոր խնդիրների մեջ, նույնիսկ՝ նեղ անձնական: Դե այդպես հեշտ է, այդպես միշտ կարելի է նախահարձակ լինել և հայտարարել, որ այ, եթե բոլոր ղարաբաղցիները գնան Երևանից իրենց Ղարաբաղը, Երևանում բոլորը միանգամից կերջանկանան:

Մի քանի օր առաջ հերթական հակաարցախյան և չվախենամ ասել՝ պրոթուրքական հիստերիան հեղեղեց սոցցանցն ու ավերածությունների սպառնալիք ստեղծեց: Կրկնակի ցավալին այն էր, որ դրանք հրահրողը, հարթակից բարձրախոսով հնչեցնողն ու ֆեսբուքում ծաղկեցնողը հասուն տարիքի, մտավորական համարվող կանայք էին, որոնք վերջին հայհոյանքներով, ծեծելու սպառնալիքով նետվում էին բոլոր նրանց վրա, ովքեր հանդգնում էին սույն տիկնանց սթափության կոչել:

Իրականում սա մեզանում բուն դրած տխուր վերքի հերթական բորբոքումն էր. վերք, որ ամեն անգամ մեր առանց այն էլ փոքր  երկրի սահմանները շագրենի կաշվի պես հավաքում, կծկում է ու դուռը երեսին շրխկացնելու պես մեզ կես ճանապարհին թողնում:

Երբ ապարանցու, գյումրեցու, երևանցու ու արցախցու մասին համով անեկդոտներ ենք շրջանառում, մեր հումորը բարի ու վարակիչ է, սակայն, չարն ենք դառնում եսակենտրոն նեղմտությունից:

Մոռանում ենք, որ Երևանն այսօր Երևան է դարձել բոլոր հայերի շնչով, որ Երևանը աշխարհի բոլոր հայերինն է ու մեզնից յուրաքանչյուրինը: Որ Երևանին գույն, համուհոտ են բերում մեր մի բուռ երկրի ամեն անկյունից: Իսկ մայրաքաղաքը կրկին գավառ ու գյուղաքաղաք են փորձում դարձնել քաղքենիները, որոնք մի քանի պորտով Երևանում ծնված լինելն արդեն  իսկ արիստոկրատություն են համարում:

Մենք հայ ենք ու հայաստանցի ու մեր ծննդավայրը ոչինչ չի փոխում այս ամենի մեջ, ընդամենը մեր բաժին համուհոտն է ավելացնում: Այս թվացյալ փոքր տարանջատումն իրականում մեզ պառակտման ու ինքնաոչնչացման է տանում: Եթե չկծկվենք մենք մեր ներսում, այլ հոգու ամբողջ կարողությամբ կարողանանք սիրել մեզ՝ ամբողջության մեջ, մեր սահմանները կընդլայնվեն մեր ներսում, մեր շուրջը:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register