ՎԻՐՋԻՆԻԱ ՎՈՒԼՖԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱԿՆԵՐՈՒՄ

wulf

Հոկտեբերի 7-ին 2016 թվականին ստեղծված «Դարակ» հրատարակչությունը  տպավորիչ շնորհանդեսով ներկայացրեց  Վիրջինա Վուլֆի «Ուրվականներով տունը» գիրքը: Հրատարակչությունը զբաղվում է ինչպես թարգմանական, այնպես էլ հայ հեղինակների ստեղծագործությունների հրատարակմամբ: Ինչպես նշեց հրատարակչության հիմնադիր-տնօրեն Արմեն Գասպարյանը, թարգմանական ոլորտում նրանց նպատակն է հայերենով ընթերցողին ներկայացնել համաշխարհային գրականության ոչ միայն դասական դարձած անուններ, այլև նոր հեղինակների ստեղծագործություններ, որոնք կարող են դրական անդրադառնալ գրական գործընթացների վրա: Այս առումով հրատարակչությունը մշտապես երկխոսության մեջ է ընթերցողի հետ: «Դարակն» իր ուղղվածությունն ընտրում է` հաշվի առնելով հայկական գրաշուկայի բացերը: Նախաձեռնություններից առաջինը «Սաֆո» մատենաշարի ստեղծումն է, որում հրատարակում են բացառապես կին հեղինակների: Այս ընտրությունը պայմանավորված է Հայաստանում կնոջ իրավահավասարության խնդիրներով, ինչպես նաև գրաշուկայում արտասահմանցի կին հեղինակների հայերեն թարգմանությունների սակավությամբ: Այս մատենաշարով արդեն հրատարակել են երկու գիրք` Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» և, օրեր առաջ, «Ուրվականներով տունը»: Արմենի հետ  վուլֆական զրույցը վերափոխվեց  գրական դաշտի ու սպասվելիք նորությունների մասին քննարկման:

-Արմեն, գնալով ավելի հաճախ ենք լսում, որ գրքի բիզնեսն իրեն ոչ մի կերպ չի արդարացնում՝ անգամ Հայաստանից դուրս, բայց սա չխանգարեց նոր հրատարակչություն ստեղծել, կարճ ժամանակում արդեն երկու գիրք տպագրել ու անգամ կայուն ապագայի պլան ունենալ: Ռիսկն արդարացնո՞ւմ է իրեն: Առհասարակ, իմաստ ունի՞ Հայաստանում գիրքը որպես բիզնես դիտարկել, թե՞ այն ավելի շատ հոգու սնունդ է՝ դեռևս զուրկ գրպանը սնելուց:

 – Ի սկզբանե հրատարակչությունը հիմնելը նպատակ չի հետապնդել գումար աշխատելու` Ձեր իսկ նշած պատճառներով: Մյուս կողմից պարզ է նաև, որ հեռանկար չունի այն աշխատանքը, որը չի վարձատրվում: Հաշվի առնելով այս իրողությունները` մենք որոշեցինք ուղղորդված աշխատանք անել և ուրախացնել ընթերցողին, ինչը ռազմավարական առումով իր պտուղները պետք է տա: Եվ այն կապը, որ մենք ստեղծեցինք ընթերցողի և հեղինակի միջև, դարձավ մեր հաջողությանը նպաստող հանգամանքը:

 – Վիրջինիա Վուլֆից եք սկսել, համոզված եմ, որ ընտրությունը պատահական չէ:

– «Սաֆո» մատենաշարը կոնկրետ հարցադրումներ ունի և այդ հարցադրումների համար ոչ միայն ամենաճիշտ ընտրությունը Վիրջինիա Վուլֆն էր, այլ մատենաշարի հենց առաջին գիրքը` «Սեփական սենյակը», որին հաջորդեց արդեն «Ուրվականներով տունը» պատմվածաշարը, որը եկավ գեղարվեստական իրացմամբ արդեն ներկայացնելու այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում էին «Սեփական սենյակում»: Հաշվի է առնված նաև այն հանգամանքը, որ Վիրջինիա Վուլֆը, լինելով 20-րդ դարի կարկառուն դեմքերից, դեռևս հայերեն առանձին գրքով չէր ներկայացվել:

– Մի քանի օր առաջ նորանշանակ մշակույթի նախարարը շեշտեց, որ փոփոխություններ պետք է արվեն ու շեշտադրեց հենց գրքերի ոլորտը: Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց պետք է սկսել փոփոխություններն ու դեպի ո՞ւր գնալ:

 – Շատ ողջունելի է նորանշանակ նախարարի մոտեցումը: Կարծում եմ, որ մշակույթի ոլորտի վայրիվերումների և արժեքների թյուրըմբռնումը առաջին հերթին պայմանավորված է քիչ ընթերցելով, ինչն իր հերթին պայմանվորված է գրահրատարակչական ոլորտի տարերայնությամբ: Պետք է տարանջատվեն տպարան և հրատարակչություն հասկացությունները, և հրատարակչությունները պետք է լծվեն բացառապես ստեղծագործական աշխատանքի, ինչը կբերի ընթերցանության զարգացմանը, քանի որ ընթերցողը կտեսնի, որ իր համար ջանում են:

– Մշակույթի նախարարությանը թողնենք իր ճանապարհը շարունակի, իսկ ո՞րն է հենց Ձեր հրատարակչության ուղին: Ո՞ր գրքերի համար տեղ ազատենք մեր գրադարակներում ու ե՞րբ սպասենք նրանց:

– Ինչպես սկսել ենք, այդպես էլ շարունակելու ենք: Յուրաքանչյուր գիրք պետք է ունենա իր նպատակը և պատճառաբանված լինի: Շարունակելու ենք «Սաֆո» մատենաշարը լրացնել, ինչպես նաև մանկապատանեկան գրականության և հայ ժամանակակից հեղինակներին ներկայացնել: «Սաֆո» մատենաշարի համար պատրաստում ենք Սիլվիա Փլաթի և Գերթրուդ Սթայնի ստեղծագործությունները: Պատանիների համար կհրատարակենք մինչ օրս հայերեն չթարգմանված Մարկ Տվենի «Խորհրդավոր անծանոթը» վեպը:

 

 Սյունե  Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register