ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱ

1

«Ճամփորդը» շատ հաճախ է խոսում քաղաքացիական հասարակություն ստեղծելու կարևորության մասին։ Որտեղ ամեն քաղաքացի կիմանա իր օրենքները, իրեն լիիրավ անդամ կզգա, երբ  պետք լինի մասնակցել այս կամ այն սոցիալ-քաղաքական պրոցեսին։ Միայն նման ճանապարհով է հնարավոր ավելի լավ երկիր կառուցել ու ժողովրդի համար ավելի ապահով կյանք ստեղծել, որովհետև եթե հանրությունը չօգնի կառավարությանը՝ ոչինչ դուրս չի գա։

Երեկ կայացավ Երևանի քաղաքապետի 55-րդ արտահերթ ընտրությունը, հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ։ Եվ այս ընտրությունը բացարձակ կարևորություն ունի իր «ֆորմատով», որովհետև առաջին անգամ գրանցվեց ընտրախախտումների անհամեմատ քիչ փորձեր։ Եվ դրանք շատ ավելի «անմեղ էին», քան նախկին տարիներում եղածները։ Անգամ ԶԼՄ ներկայացուցիչներն էին կատակում՝ անիմաստ ենք աշխատում, ձանձրալի ընտրություն է, ոչինչ տեղի չի ունենում, երևի պետք էլ չի լուսաբանել, տուն գնանք։

Երեկ ժողովուրդն ուղղակի ցույց տվեց, որ այլևս չի ուզում վաճառվել ու արժանապատիվ կյանք է ուզում։ Սա նույն այն ժողովրդի մի մասի ընտրությունն է, որին նախկին կառավարության որոշ մասի ներկայացուցիչներ համառաբար փորձել են ներկայացնել ծախու, հիմար, թացը չորից չտարբերող, մուրաբայի համար ապագան ծախող, հինգ հազար դրամի համար չոքերը թուլացՆող, կառավարվող ամբոխ՝ կարճ հիշողությամբ, որին կարելի է հոտի պես էստեղից էնտեղ քշել։ Մինչդեռ նույն այդ ժողովրդի մի մասն ուղղակի «մեղավոր էր» այլընտրանք չտեսնելու մեջ և իրազեկվածության, որոշակի պրոցեսների վերաբերյալ բավարար գիտելիք չունենալու մեջ։ Այս մարդկանց այնքան էին տրորել, որ իրենք իրենց հինգհազարանոցի չափ էին զգում։

Չկար իրավագիտության վրա հիմնված ինքնասիրություն, կենցաղային վատ պայմանները շահագործելով՝ ուղղակի ստորացնում էին մի մասին՝ այլ բառ չկա։

Երբ նույն այդ մարդիկ տեսան սրտամոտ մարդկանց, որոնք հետները քայլել են, շփվել են, երբ տեսան, որ այժմյան պետական ապարատի ամենաբարձր պաշտոնի մարդկանց մասին կարող են ասել՝ էս մեկի հետ նկար ունեմ, իսկ էս մեկին ջուր եմ տվել, էս մեկն էլ անեկդոտ է պատմել ու կոնֆետ հյուրասիրել, երբ տեսան, որ մենակ չեն, որ իրենց դիտարկում են լուրջ ու կարևորում են ամեն մեկի ձայնը, ու ինքն ավելին է, քան մի բանկա ջեմը ու մենք էլ, որ փոքր-ինչ ավելի լայն ու հեռուն ենք նայում, չենք մեղադրում ու վիրավորում իրենց, այլ բացատրում ու համոզում ենք, իրոք իրավիճակ փոխվեց։

Ամեն հաղթանակ՝ փոքր ու մեծ, պիտի ուղղված լինի ամենակարևորին՝ կրթել, բարձրացնել այն մարդկանց, որոնց մի բանկա ջեմ էին սարքել ու հինգհազարանոց։ Անվերջ խոսել իրենց օրենքներից, սովորեցնել ճանաչել սեփական իրավունքը, ճիշտ շարադրել ցանկությունը, պահանջել արժանավայել կյանք ու պահանջից բացի նաև սեփական ցանկությամբ ու հնարավորությամբ կառուցել այդ կյանքը։

Մենք քաղաքացիական երկիր դառնալու ճանապարհին ենք, և սա ամենամեծ հաղթանակն է՝ բոլորիս համար։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register