ԵՐԵՎԱՆԸ ՍԻՐԵԼՈւ ԼՈւՅՍ Ու ՄՈւԹ ԿՈՂՄԵՐԸ

6

Երևանը սիրելը հե՞շտ է։ Իրականում, այս հարցի պատասխանը դժվար է գտնել, որովհետև մի կողմից՝ սա երազանքների քաղաք չէ՝ եկեք անկեղծ լինենք։ Այն ունի շատ բացթողումներ, թերություններ, որոնք շտկելու համար դեռ շատ ժամանակ կպահանջվի՝ սկսած շենքերի սխալ համադրություններից, մինչև փողոցների անհարմարություններ, շենքերի անհասկանալի ու անհարմար համարակալումներ, մինչև բակերի խաղահրապարակների բացակայություն, ոռոգման ջրի ու կոյուղու խնդիրներ։ Բայց մյուս կողմից էլ մենք սիրում ենք այս քաղաքը, իսկապես սիրում ենք՝ իր բոլոր թերություններով ու անհարմարություններով։ Որովհետև այն ուղղակի հարազատ է մեզ։ Բայց մի հարցում ենք թերանում՝ աչք ենք փակում անհարմարությունների վրա ու  փորձում չնկատել դրանք, լավագույն դեպքում՝ հարմարվում ենք։ Մինչդեռ քաղաքը սիրելը նաև նշանակում է տեսնել խնդիրներն ու աշխատել դրանց հետ։

Օրեր առաջ էր Երևանի 2800 ամյակը, ու դրանից օրեր հետո  մամուլը գրում էր Թումանյան փողոցի շենքերից մեկի ներքևի հարկի ռեստորան լցվող ջրի մասին, որով գերատեսչություններից և ոչ մեկը չէր ցանկանում զբաղվել։

Մոտ երկու օր հարցին լուծում չտրվեց, հետո ռեստորանի տիրոջ անձնական ջանքերով հարցը մի կերպ գլուխ բերեցին, բայց շենքն այդ ընթացքում բավական տուժեց՝ դե պատկերացրեք, հիմքն անընդհատ ջուր է կլանել։

Դրա ֆոնին, օրեր առաջ ամբողջ քաղաքը փայլում էր պայծառ գույներով, ուրախ տրամադրությամբ, ամենուր համերագային ծրագրեր էին, օրն էլ ավարտեցինք  հրավառությամբ։

Հիմա ո՞ր Երևանն է մերը, հանգստյան օրերի՝ երգերով սիրվածն ու զարդարվա՞ծը, թե՞ այս մեկը, որի գլխավոր փողոցներից մեկի շենքի տակ ջուր է լցվում, և ոչ մեկը չի ցանկանում այդ հարցին լուծում տալ։ Ասես երկու իրականության մեջ ապրենք։ Մի տեղ՝ երգում ենք, գովերգում ենք, մյուս կողմից՝ քանդում ենք՝ հենց մեր անտարբերությամբ։ Երևանը սիրելու լուսավոր կողմերն ի հայտ են գալիս միայն տոնական օրերին, իսկ այ սիրո մութ կողմն առօրյայում է՝ քաղաքի չարած ու չօգնած հարցերում, վնասի մեջ։

Բառերով սիրելը հեշտ է, հատկապես տարիքով այդքան մեծ քաղաքը։ Ինչ կա, սիրուն բառեր կասենք, կանցնի-կգնա։ Բայց պիտի մանր հարցերում ուշադիր լինենք։ Որովհետև սերը նախևառաջ հոգատարություն է նշանակում։ Իսկ մենք հոգատա՞ր ենք մեր քաղաքի նկատմամբ։

Եթե անկեղծ՝ ոչ միշտ։ Եվ մի քանի օր քաղաքին սիրուն զգեստներ հագցնելով չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել։ Այո, քաղաքում շատ խնդիրներ կան, այո, դրանք մեկ օրում լուծելի չեն։ Բայց նաև՝ այո, մենք պատրաստ ենք սիրել քաղաքը՝ ոչ միայն իր ծննդյան օրով, և ոչ միայն ուղղակի երգեր նվիրելով։ Պետք է աշխատել մեր քաղաքի համար, ու այն դարձնել ավելի լավը։ Նախ՝ անտարբերությունը կոտրելով։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register