ԱԶՆԱՎՈւՐ՝ ՉՄԵՌՆԵԼ, ԱՅԼ ԱՊՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ. ՍՅՈւՆԵ ՍԵՎԱԴԱ

3

Հայերս կյանք ենք տալիս հայրենիքի համար՝ անվերջ ու անընդհատ։ Երբեմն մոռանալով, որ հայրենիքին ապրեցնել է պետք,  հայրենիքը մարդկանցով է հայրենիք, ցանկացած հողակտոր առանց մարդկային կյանքի՝ որքան էլ սիրելի հողակտոր լինի՝ կդառնա ուղղակի անապատ, որովհետև մարդիկ են պետք՝ այն սիրելու համար։

Հայրենիքի համար պետք է նաև ապրել։ Անհրաժեշտ է ապրել։ Մեռնելու չափ հավասար հայրենիքի համար ապրել է պետք, ու Ազնավուրը եզակիներից էր, որը հասկացել էր սա։ Ոչ մի հարցազրույցում պաթետիկ տեքստերով չհամեմեց Հայաստանի նկատմամբ սերը, ուղղակի լուռ արեց այն, ինչ կարող էր անել, ուղղակի ապրեց Հայաստանի համար։ Որ Հայաստանի անունն ավելի հաճախ հնչի, բարձր հնչի, սիրելի հնչի։ Երգեց, պատմեց, ցույց տվեց։ Եկավ, տեսավ, օգնեց։ Արեց հնարավորը, ապրեց փառավոր կյանք, հեռացավ քնի մեջ՝ երանելի մահ՝ երանելի կյանքից հետո։
Ազնավուրի մասին շատերը կգրեն այս օրերին։ Հիշողություններով կկիսվեն մտերիմներն ու մեծն շանսոնյեին ճանաչողները, երաժշտությունը սիրողները կկիսվեն  ամենասիրելի երգերով:

Կապ չունի՝ որքանով էր երաժշտությունը սիրելի այս կամ այն մարդու համար։ Մեծն հայի նկատմամբ անտարբեր մնալ հնարավոր չէր, կարելի էր չերկրպագել նրա երաժշտությանը, բայց երկրպագել իր մարդ տեսակին։ Շարլն իսկապես, համառ ու նպատակասլաց մարդու հրաշալի օրինակ էր, և օրինակ բոլոր հայերին, որ  մենք պետք է վերջապես սովորենք ապրել այս նույն հայրենիքի համար՝ թեկուզ մշտապես պատրաստ լինելով կյանքներս նրան տալ, բայց մեկ է՝ ապրել, համառորեն ապրել, ապրել վառ ու հիշվող, որպեսզի Հայաստանի անունը հնչի։

Ազնավուրը կարողանում էր Հայաստանի անունը հնչեցնել, ու քայլող օրինակ էր ցանկացածիս համար՝ ապրել, ապրել լավ, բոլոր ցավերը հաղթահարելով, մոռանալով դժվարությունները, ու փայլել, շողալ՝  չնայելով ոչ մի խնդրի։ Դրա համար է նաև, որ բոլորն անկեղծորեն ցավում են հիմա։

Տպավորություն էր, որ Շարլը չի մահանա, չէ՞ որ խոստացել էր հարյուրամյակին համերգ տալ Հանրապետության հրապարակում։ Եվ որքան էլ այս մահը սպասելի էր թվում՝ «ֆիզիկական» առումով, «հոգևոր» առումով բոլորս անակնկալի եկանք, Ֆրանկոֆոնիայի օրերին նրան էինք սպասում, անգամ կարծում էինք, թե Zaz-ի հետ հաստատ դուետ են պատրաստել մեզ համար, անուն էլ էին մտածել՝ Զազնավուր։

Ազնավուրն իսկապես, անմահ է, շնորհիվ իր երաժշտության, իր ապրած կյանքի, իր ծառայած օրինակի։ Մնում է ասել՝ շնորհակալություն, սիրելի-սիրելի Ազնավուր։ Ուղղակի շնորհակալություն կյանքի ու գործունեության համար։

Հ․գ․ Կարդացեք իր՝ «Ազնավուրն Ազնավուրի մասին» գիրքը։ Կճանաչեք ու կբացահայտեք Ազնավուրին։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register