ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ՀԱՍՈւՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆԸ

1

Հայաստանում քաղաքական նոր շրջան է սկսվում, որ շատերն անվանում են  հեղափոխության վերջին փուլ: Քաղաքագետները դեռ կփորփրեն, կհամադրեն, կվերլուծեն ու հանրությանը տարբեր սոուսներով մեկնաբանություններ կտան, իսկ քաղաքական շրջափուլերի գլխապտույտ զարգացումերից այսուայնկողմ քաղաքացիական  հասարակության ձևավորումն է մնում օրակարգում, ավելի ճիշտ՝ հասունացումը: Արդեն կես տարուց ավելի հասարակական օրակարգը հագեցած է սրընթաց իրադարձություններով, կտրուկ շրջադարձերով և այլ ցնցումներով: Մենք կամա թե ակամա քաղաքականացվում ենք բոլորս,  կրավորական կեցվածքով մարդ դժվար է հիմա գտնել մեր երկրում: Եվ մի անմեռ հույս է արթնանում, որ քաղաքական խիտ օրակարգը կնպաստի մեր երկրում  քաղաքացիական հասունացմանը: Քաղաքացիական հասարակության շարժիչ ուժը գիտակից անհատն է, որ իրեն պատասխանատու է զգում երկրի օրվա ու վաղվա  համար՝ սեփական պարտավորությունների և իրավունքների դաշտից սկսած:

Իհարկե,  հեղափոխության հաղթանակը հենց հասարակության քաղաքացիական գիտակցության հաղթանակն էր, սակայն երբ սկսվել է հեղափոխության հռչակած գաղափարների իրականացման փուլը,  կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը նաև այդ փուլի կրողը,  պատասխանատուն ու միաժամանակ պահանջատերը դառնա:

Սոցիալական ցանցերն ու ընդհանրապես համացանցը երկակի դեր ունեն այս առումով. մի կողմից տեղեկատվության գերհասանելիություն ունենք, գերառատություն, մյուս կողմից այդ ամենը մարսելու բարդություն: Սրանից է , որ քաղաքական ու քաղաքացիական ֆաստֆուդը արագ ու տաք-տաք է մատուցվում և ցանցային ակտիվիստները շտապում են կտրուկ որակումներով ողողել հանրային ընկալումները:

Քաղաքացիական գիտակցությունը հիվանդ է այնտեղ, որտեղ փորձում են ստեղնաշարի մի հարվածով ու մի քլիքով մեխեր խփել օդում, փորձում են սիրելի հերոսին ու առաջնորդին մրոտել քծնանքով,  շողոքորթությամբ: Նույն իրավիճակի ու վարքագծի համար մեկին սև, մյուսին սպիտակ  կոչել: Այնինչ առողջ ու անաչառ գիտակցությունը հրապարակում միշտ սթափ, կարող միտք ու քայլ կպահեն օրվա և վաղվա  համար:

Միքանի օրից քաղաքական պայքարն ավելի կթեժանա. խորհրդարանական  ընտրությանը մեր հասարակությունը կգնա իրոք գիտակցված քվեով, բայց ուզում եմ նաև հուսալ, որ ամեն նոր իրավիճակ ու լուծում, հանրային կյանքի նոր աստիճան մեզ նոր հարթակ կլինի՝ աճի, վստահության, առաջընթացի: Մեր գիտակցության շարժիչ ուժը մեր անհատական  կարողության գիտակցումն է՝ իմ ձայնը,  իմ քվեն, իմ ընտրությունը, իմ  գործը ,  իմ քայլը, իմ իրավունքն ու պատասխանատվությունը: Ամենազորեղ իշխանության կրողը քաղաքացիական գիտակցությամբ հասարակությունն է, տեր լինենք մեր ուժին, ուժեղ լինենք:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register