ԹԱԳԸ  ՄՆԱՑ  ԱՆՍԱՍԱՆ

as

2009 թվականից Ռուսաստանի դրոշի ներքո ելույթ ունեցող ուկրաինացի Սերգեյ Կարյակինին այդպես էլ չհաջողվեց  հաղթել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նոյեմբերի 11-ից 30-ը Նյու Յորքում  անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի ընթացքը  շախմատասերներից շատերին  մոլորության մատնեց: 2013 թվականից աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացած  նորվեգացի 26-ամյա գրոսմայստեր Մագնուս Կարլսենն  ու չեմպիոնական թագի հավակնորդ Սերգեյ Կարյակինը դասական շախմատի 12 պարտիայից հետո  այդպես էլ չկարողացան պարզել հաղթողին: Թեև առաջին 6 պարտիաներն անցան ֆավորիտի՝ Կարլսենի խաղային առավելությամբ (3-րդ և 4-րդ պարտիաներում նա հաղթական դիրք ուներ), սակայն բոլոր մրցամարտերն ավարտվեցին խաղաղ արդյունքով: 8-րդ տուրում,սակայն, Կարյակինը սև խաղաքարերով կարողացավ հաղթանակի հասնել: Անսպասելիությունից շվարած Կարլսենը նույնիսկ հետխաղյա մամլո ասուլիսին չներկայացավ: Թվում էր սառույցը կոտրվել է և հոգեբանական ծանր վիճակում  հայտնված նորվեգացի  շախմատային գիգանտը քառամյա գահակալությունից հետո կհանձնի իր իշխանությունը: 10-րդ տուրում, սակայն, Կարլսենին հաջողվեց  հավասարացնել հաշիվը: Վերջին տուրերն ավարտվեցին ոչ-ոքի: Ընդ որում, վերջին՝ 12-րդ պարտիան մեծագույն հիասթափություն պատճառեց իմաստուն խաղի՝ շախմատային ճակատամարտ ակնկալող երկրպագուներին:

Կարլսենը պաշտպանական անթերի խաղ ցուցադրեց և անցկացրած անշուք պարտիայի համար ներողություն խնդրեց երկրպագուներից: Նորվեգացին խոստովանեց, որ իր համար առավել ընդունելի է տիտղոսը վիճարկել լրացուցիչ կայանալիք արագ շախմատի 4 պարտիաներում, քան դասական շախմատի վերջին պարտիայում:Նոյեմբերի 30-ին՝ Կարլսենի ծննդյան օրը, կայացավ թայ-բրեքը (յուրաքանչյուր պարտիայում կողմերը ստանում են 25-ական րոպե խաղաժամանակ):

Ծրագրված  4 պարտիաներից հետո հաղթելով վերջին երկու պարտիաներում՝ Կարլսենը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Ավելի ուշ նա անդրադարձավ արագ շախմատում  գրանցած իր հաղթանակին: «Իմ առավելությունն այն էր, որ ես առանձնապես չէի պատրաստվել 12-րդ պարտիային, իսկ մրցակիցը չարչարվել էր»: Կարյակինն իր հերթին խոստովանեց, որ թայ-բրեքում իսկապես վատ հանդես եկավ: «Ընդհանուր առմամբ, արագ շախմատի պարտիաները վատ խաղացի, հատկապես երրորդ պարտիան: Հնարավոր է՝ իմ սխալն այն էր, որ շատ երկար էի թայ-բրեքին պատրաստվել: Սկզբնախաղեր էի ուսումնասիրել՝ թե՛ սպիտակների, թե՛ սևերի համար: Մինչդեռ արագ շախմատի դեպքում կարևորը  թարմությունն է»:

Այսպիսով, արդեն 8-րդ տարին անընդմեջ գրոսմայստերների թվով ( 200-ից ավել) բացարձակ առաջատար Ռուսաստանը, չի կարողանում վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը 2008 թվականին Վիշվանաթան Անանդի հետ մրցամարտում զիջել է Վլադիմիր Կրամնիկը: Կարլսենը 2013 թվականին է նվաճել շախմատային բարձունքը, 2014 թվականին պաշտպանել է այն: Երկու դեպքում էլ մրցել է Վիշվանաթան Անանդի հետ՝ հաղթանակ տանելով ժամանակից շուտ: Հաջորդ անգամ Կարլսենը տիտղոսը պաշտպանելու է 2018 թվականին: Երկու տարի անց էլ կայանալու է հավակնորդների հերթական մրցաշարը, որում հաղթող դարձած շախմատիստը ձեռնոց է նետելու Մագնուս Կարլսենին: Որպես այս չեմպիոնական մրցամարտում պարտված շախմատիստ՝ Սերգեյ Կարյակինն արդեն իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի հավակնորդների մրցաշարին: Մնացած 7 մասնակիցները տարբեր ճանապարհներով են ուղեգրեր վաստակելու: Հավակնորդների մրցաշարի ուղեգրի են արժանանալու շախմատի աշխարհի գավաթի վճռական մրցամարտին մասնակցած  2 շախմատիստները, ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի հաղթողը և երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստը, 2017 թվականի ընթացքում ամենաբարձր վարկանիշն ունեցող 2 գրոսմայստերները և մրցաշարի կազմակերպչի կողմից առաջադրված շախմատիստը:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register