1988. ՍԵՐՏԱԾ ՈՒ ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ

as

Լրագրող մորս արխիվը քրքրելիս տարիներ առաջ ձեռագիր մի հոդված ընկավ ձեռքս ու մնաց մոտս: Այս օրերին այն կրկին կարդացի: Ուսանող մայրս գրել էր երկրաշարժին հաջորդած դժոխային օրերի մասին, երբ ամբողջ երկիրն էր ցավից մի բուռ դարձել: Ու այդ պատմության առանցքում որբացած երկու փոքրիկ եղբայրների ճակատագիրն էր, որոնց տասնինը տարեկանում ընկերուհու հետ նա է խնամել ու կապվել հետներն այնքան, որ լրջորեն մտածում էր որդեգրման մասին՝ մինչև որ հայտնվեցին փոքրիկների տատիկն ու մորաքույրը:

Ամեն անգամ երբ մեր տանը խոսք է լինում երկրաշարժի մասին, մայրս միշտ հիշում է տղաներին, ափսոսում, որ պատերազմի տարիներին կապը նրանց հարազատների հետ կորցրել է և շատ կցանկանար իմանալ՝ այսօր արդեն երեսունն անց այդ տղաները կարողացե՞լ են հաղթահարել դաժան փորձությունը, ամո՞ւր են կանգնած սեփական ոտքերին: Չնայած վստահ էր, որովհետև շատ խելացի մանուկներ էին:

Ամենազոր համացանցով որոնեցի և փնտրածս անուն-ազգանունով մարդուն շատ արագ գտա. Եղբայրները արտերկրում են, կայացած, փայլուն կրթությամբ: Մենք հանգստացած շունչ քաշեցինք՝ մի քիչ էլ մեղքի զգացումով, որ ստիպել ենք տխուր հիշողությունները վերապրել…

Սպիտակի երկրաշարժից 28 տարի է անցել ու աղետի գոտու պիտակը դեռ չի վերացել այդ տարածաշրջանում, գյումրեցիներն այդպես էլ չեն կարողանում հանգստացած շունչ քաշել: Մի ամբողջ տարածաշրջան դեռ ոտքի չի կանգնել, դեռ տնակներում ապրող ընտանիքներ կան, քաղաքներում ու գյուղերում բաց վերքի պես՝ ավերակներ:

Իհարկե, շատ բան է արվել, հազարավոր շենքեր ու ենթակառուցվածքներ են կառուցվել, վերականգնվել, սակայն աղետի հետևանքներն ամբողջովին վերացված չեն, և տարածաշրջանը զարգացման գոտու վերածելու ծրագրերը դեռևս իրական չեն:

Տարիների ու տասնամյակների հեռվից չի դադարում հնչել դատապարտող հարցադրումը. Ինչո՞ւ այդքան շատ զոհեր ու ավեր ունեցանք: Չէ՞ որ երկրաշարժը բնության տարերքներից մեկն է, որին եթե մարդը չի կարողանում  անգամ լիարժեք դիմագրավել, ապա գոնե նվազագույն կորուստներով պետք է դուրս գա: Այո, Հայաստանը սեյսմիկ ակտիվ գոտում է գտնվում, պատմության ընթացքում տեսել ենք ավերիչ երկրաշարժեր, սակայն քսաներորդ դարի վերջին նման կորուստների ծավալը լուրջ հարցադրումներ առաջացրեց, առավելևս լուրջ հետևությունների հանգեցրեց:

Ցավի առաջին իսկ ալիքի հաղթահարումից հետո մասնագետները սկսեցին խոսել անորակ շինարարության մասին, սովետական շինարարությունից գողացված ցեմենտ ու ամրանների մասին: Ակնհայտ էր, որ լուցկու տուփերի պես փլված շենքերն իսկապես անբարեխիղճ կառուցապատողի գործն էին: Ավագ ընկերներիցս մեկը պատմում է, որ Սպիտակ քաղաքում ավելի հին շենքերն են կանգուն մնացել և նայելով ավերված ու կանգուն թաղերին,  բնակիչներն արդեն գիտեին, թե որը որ շինարարի, կամ թե տնաքանդի ձեռքի գործն է:

Խոսվում է նաև այն մասին, որ ընդհանրապես խորհրդային շրջանում սեյսմակայուն շինարարություն ասվածը չի եղել: Նույնիսկ դառնորեն կատակում են՝ դե, Սովետի ժամանակ ոչ մի վատ բան չէր լինում: Իրականում ինչ անուն ուզում էին դնել, թող դնեին, կառուցողը պիտի ամուր ու հուսալի կառուցեր, սեփական տան պես: Քաղաքաշինության նախարարությունը պիտի հատուկ կոչ ունենա՝ ցեմենտ ուտելը վնասակար է առողջության համար: Տարիներ առաջ կերած ցեմենտը հազարավոր կյանքեր արժեցավ…Տպավորություն է, որ Սովետը մնաց Գյումրու փլատակների տակ:

Նոր Հայաստան, նոր իրականություն:

Գյումրիում ու Սպիտակում այլևս հսկա բարձրահարկեր չեն կառուցում, փորձում են բավարարվել միջին հարկերով:

Սեյսմակայուն շինարարության մասին այսօր շատ է խոսվում: Ի տարբերություն նախորդ շրջանի, այսօր Հայաստանն ունի զարգացած սեյսմիկ ազգային ծառայություն, որը ևս կարևորում է սեյսմակայուն կառուցապատումը: Երևանում օր-օրի նոր ու սլացիկ բարձրահարկեր են ավելանում: Դրանց բնակարանների վաճառքը գովազդողները շտապում են հավաստիացնել, որ շենքերն ամուր են, նոր տեխնոլոգիաներով են  կառուցված և այլն: Սակայն, ինչքանո՞վ են նորակառույցները վստահելի: Չէ՞ որ երբեմնի Սովետից անկախ Հաաստան են թափանցել կոռուպցիոն շատ երևույթներ, ցեմենտ ուտելը՝ ևս:

Կարծում եմ, շահութաբեր բիզնես համարվող շինարարությունում որակի հսկողությունը պետք է չափազանց խիստ լինի, Երևանն էլ է սեյսմիկ ակտիվ գոտում: Սարսափել պետք չէ,  պետք է ուղղակի պատրաստ լինել:

Աշխարհը սեյսմակայուն շինարարության լավ օրինակներ ունի. Ճապոնիայում միջին և ավելի հզորության երկրաշարժեր են լինում շատ հաճախ, սակայն գրեթե զոհեր չեն լինում: Հաճախակի ցնցվող Չինաստանում ևս երկրաշարժերից շատ զոհեր չեն լինում:

Իհարկե, Հայաստանում կիրառվում են սեյսմակայուն շինարարության որոշ տեխնոլոգիաներ, սակայն դեռևս վաղ է խոսել ամբողջականի մասին: Ասում են՝ թանկ են, սակայն ամենաթանկը մարդու կյանքն է:

Նոր կառուցվող շենքերից բացի կարևոր է նաև խորհրդային ժառանգության շենքերի ամրացումը, որը նույնպես փողի հարց է, սակայն նպատակ ու խնդիր դնելու դեպքում կարելի է քայլ առ քայլ դրան էլ գնալ: Օրինակ, սկսել դպրոցներից ու մանկապարտեզներից, կրթական մյուս հաստատություններից:

Կան փորձություններ, որոնց շրջանցելն անհնար է, մնում է դիմագրավելը: Երկրաշարժը դրանցից մեկն է:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register