ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՍՊԱՆԴ. ՍԵՐՏԱԾ ՈՒ ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ

Picture1

Եկող տարի կլրանա արցախյան հակամարտության երեսուն տարին: Արդեն երրորդ տասնամյակն է՝սառը ու տաք պատերազմներով, դիվանագիտական վայրիվերումներով խնդիրը օրակարգային, բայց և չլուծված է մնում:  Եվ որքան էլ տրամաբանությունից հեռու լինի, Ադրբեջանը կարողանում է արտաքին քարոզչական հարթակներում զոհի կերպար ընդունել ու հակահայկական բանաձևեր բրդել, նույնիսկ ակնհայտ հակառակ իրողության պարագայում: Այս առումով մենք ցավալիորեն զիջում ու զիջում ենք:

Նման օրինակ է Սումգայիթը, հայերիս համար նախճիրի կենտրոն դարձած ադրբեջանական քաղաքը, որտեղ ամբողջ երեք օր հայի արյուն թափվեց և դա խաղաղ շարժման առաջին իսկ օրերին: Արդյունաբերական քաղաքը կառուցած հայերը դարձան Ադրբեջանից առաջին բռնագաղթածները: Նրանց ոչնչացրին, սպանեցին ու ծանակեցին նույն՝ դարասկզբին կիրառված թուրքական յաթաղանի սկզբունքով ու աշխարհն էլի լուռ մնաց:

Դեռ այն ժամանակվա խորհրդային կենտրոնը փորձեց կոծկել կատարվածը. նախ զորքը երրորդ օրը միայն միջամտեց՝ փորձելով կանխել կոտորածը, իսկ մոսկովյան գնահատականով էլ՝ կատարվածն ընդամենը խուլիգանություն էր: Այնինչ դա Բաքվի կողմից  իշխանության մակարդակով մանրակրկիտ ծրագրված սպանդ էր, որին տասնյակ հայեր զոհ գնացին, հազարները կորցրին տարիների վաստակն ու մազապուրծ Հայաստան հասան:

Օրեր շարունակ «Ազատության հրապարակ»-ում խաղաղ ցույցերի դուրս եկած ժողովուրդը փորձեց իր ձանը լսելի դարձնել մոսկվաներին ու աշխարհի մյուս կենտրոններին, սակայն ապարդյուն: Դեռ այդ ժամանակվանից Բաքուն Մոսկվայի աջակցութամբ կարողացավ խնդիրը՝ կազմակերպված պետական խոշոր հանցագործության փոխարեն ներկայացնել որպես առանձին անհատների կողմից իրականացված խուլիգանություն, ինչը շարունակվեց մինչև մեր օրերը:

Ամեն տարի, փետրվարի 26-28-ին մարդկանց մի ստվար խումբ բարձրանում է Ծիծեռնակաբերդ, իրավապաշտպանները կրկին բարձրաձայնում են  այդպես էլ գնահատականի չարժանացած ոճրի մասին, միջազգային հարթակներում հարցին հնչեղություն տալիս  և…այդքանը: Վաղեմության ժամկետ չունեցող ոճիրն այդպես էլ քաղաքական ու իրավական գնահատական չի ստանում, այդպես էլ ոչ ոք պատասխան չի տալիս կատարվածի համար:

Այնինչ հենց Սումգայիթի ողբերգության ուրացումը Ադրբեջանին նոր ոճիրների հնարավորություն տվեց, մարդասպանն ավելի անարգելշարունակեց իր հայատյաց գործը: Ադրբեջանի քարտեզից միմյանց հետևից սկսեց վերանալ հայկական հետքը: Ավելի ճիշտ՝ արյունով ջնջվեց. Սումգայիթին հետևեց Բաքուն, Բաքվին՝ Գանձակը, ամբողջ դաշտային Արցախը, Շահումյանը,  մինչև որ պատերազմի օղակի մեջ առան ամբողջ Արցախը: Մեր հաղթանակը արցախյան պատերազմում ստիպեց ազերիներին վետ քաշվել, սակայն սրանք ալիևյան սազով, նավթ ու խավիարով քարոզչական պատերազմ սկսեցին դիվանագիտական ճակատում, որի արմատներն այդպես էլ մնացին Սումգայիթում:

Անպատիժ հանցանքը նորերն է ծնում: Ռամիլ սաֆարովների ծնունդը հենց դրա վկայությունն ու հավաստումն է: Ադրբեջանի ցինիզմը սահման չի ճանաչոմ նաև մեր օրերում, վկան անցյալտարվա ապրիլյան պատերազմն էր, որին հարյուրից ավելի հայորդի զոհ գնաց, բայց ազերիները կրկին մեծ դաս առան:

Բարեբախտաբար այսօր արդեն եվրոպական դռներից չէ, որ արդարադատություն ենք աղերսում, այլ տեղում ենք պատժում ագրեսորին, մինչև գա հատուցման իրական ժամը:

 

Սյունե Սևադա

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register