ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԵՎ

henrikh

Սպորտն աշխարհում վաղուց արդեն իր բուն նշանակությամբ չի ընկալվում, և քաղաքականության հետ հաճախ ձեռք-ձեռքի տված է քայլում, երբեմն նաև՝ առաջ ընկնում: Այսքանով հանդերձ, նկատելի է, որ հատկապես նշանավոր մարզիկները, սպորտային աշխարհի հայտնի դեմքերը խուսափում են ակտիվ քաղաքականությունից: Սակայն հենց նրանց հայտնիությունն է պատճառ դառնում, որ նրանք հայտնվեն քաղաքական թիրախներում: Հաճախ նրանց մի «անշառ» մեկնաբանությունն անգամ կարող է լուրջ քաղաքական բանավեճերի նյութ դառնալ, քննարկվել ու շահարկվել:

Այդ որոգայթում հայտնվեց նաև մեր սիրելի Հենրիխ Մխիթարյանը: Բրիտանական BBC-ի ակնարկում՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագն ու «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ակումբի կիսապաշտպանը պարզ ու անկեղծ խոսքով հարցազրուց է տալիս, որի ընթացքում ի թիվս այլ բաների, խոսում է նաև իր մանկության ծանր տարիների մասին, իսկ դրանք հենց պատերազմական տարիներն էին:

BBC-իի ներկայացմամբ, հարցազրույցի ընթացքում աշխարհի ամենահայտնի հայերից մեկն ասել է. «Հայաստանում մեծանալն այն տարիներին շատ դժվար էր, քանի որ մենք շատ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ, պատերազմ էր, ինչի հետևանքով շատ վատ պայմաններ էին ստեղծվել»: Հենրիխի խոսքն ուղեկցող տեսաշարը մռալ կադրեր է պարունակել այն ժամանակվա մեր իրականությունից,  ինչի պատճառով էլ Հայաստանում ոմանք շտապել են պիտակավորել Միկիին: Անգամ երկրի համար պատասխանատու մարդիկ: Օրինակ, Արմեն Դարբինյանն ասել է.«,Հայաստանը ներկայացվեց և ցուցադրվեց որպես ծանր պայմաններում ապրող, Ադրբեջանի հետ պատերազմող երկիր։ Հասկանում եմ մեր հրաշք տղայի մղումը՝ մեկ անգամ ևս բարձրաձայնելմեր արդար պայքարի մասին, բայց տեղը չէր։ Սա մեր կռիվն է, մեր պատերազմը, աշխարհը պետք չէ դրան խառնել, աշխարհին դա ոչ միայն հետաքրքիր չէ, նաև վանող է։ Պատերազմող տարածքներից աշխարհը սովորաբար գերադասում է հեռու մնալ»։ Բայց մեր տղան խոսել է հենց պատերազմական տարիների մասին ու նաև ասել, որ ցանկանում է մեր երկրի համար կարևոր ֆիգուր դառնալ, օրինակ ծառայել: Որտե՞ղ տեսաք երկրի նվաստացումը. չէ՞ որպատերազմը մեր ընտրությունը չէր:

Երևի թե Հենոյի խոսքի պարզությունը ֆեյսբուքահայերի սրտով չէր. պաթոսի և ոչ մի գրամ, բայց տղան առանց դրա ուղղակի կենսագրություն ու հայի անուն է կերտում աշխարհի աչքի առաջ, ու դա շատ ավելի խոսուն է, քան ճռճռան ու բոցաշունչ հայտարարությունները:

Այն, որ Ադրբեջանն էր լրբացել, հասկանալի ու ծիծաղելի էր: Հարևան երկրում անգամ տրամաբանեցին, որ Հենրիխը բանակում ծառայելով էլ իրենց դեմ է պատերազմել: Սրան Հենոն հաստատ դեմ չէր լինի, բայց ախր այդ ժամանակ նա դեռ մանկապարտեզ էր գնում:

Ասածս ինչ է. մեր տաղանդավոր ու հայտնի հայրենակիցը դրսում շատ կարևոր գործ է անում, 6 լեզուների տիրապետող մարզիկն աշխարհին նաև տեսակ, կերպար ու ազգ է ներկայացնում: Եկեք ուղղակի վայելենք մեր ազգակից լինելու հաճելի փաստն ու բազմոցից պոկվելով մենք էլ զբաղվենք կոնկրետ գործով. թե չէ ֆեյսբուքի գրոհայինների ահից երբեմն մարդ վախենում է ՝ հանկարծ մի քայլ չանի, որ սխալ լինի: Քայլ անենք, քայլենք, գործենք, արդյունք տանք ու արդյունավետ լինենք, սխալ էլ անենք, թե չէ տնական դիվանագիտությունն արդեն տնաքանդություն է դառնում:

Մեր հարգարժան նախկին պաշտոնյան իրավամբ ասել է նաև.«Հատկապես մեր հաջողակ հայերի համար օրենք պիտի լինի՝ ներկայացնել երկիրը որպես Հաջողության տարածք՝ վայր, որտեղ հրաշքներ են հնարավոր՝ այստեղ ապրող մարդկանց ոգով և ձեռամբ»:

Իհարկե, սա ճիշտ է, սակայն ճիշտ պահի և ճիշտ առիթով, թե չէ 90-ականների մասին խոսելիս մեր հրաշքն անհավասար պատերազմում մեր փայլուն Հաղթանակն է, որի շարունակությունը պարզապես լավ երկիր կառուցելը պիտի լինի, իսկական երկիր, առանց սիրուն ու պլպլան բառերի, միս ու արյունով, բարեկեցիկ ու երջանիկ մարդկանցով: Եկեք աշխատենք, նման երկիր մեզ ոչ-ոք չի նվիրելու:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register