ԼՈՒՍԱԾՐԱՐ

Աշխարհն աճապարում է ու գերարագ զարգանում: Ժամանակից հետ չընկնելու համար մարդիկ էլ փորձում են համաքայլ լինել նրա ընթացքին: Կյանքը դյուրին և հարմարավետ դարձնելու տեխնոլոգիական հնարավորությունները բազմապատկվել են, ընտրության հնարավորությունը՝ մեծացել: Եթե համացանցը հասցրել է ներխուժել ձեր տուն, ապա կոմունալ վճարումներ կատարելու համար փոստ կամ բանկ այցելելու անհրաժեշտություն այլևս չկա: Ցանկության դեպքում դրանք կարող եք կատարել բանկային հաշվի միջոցով: Մթերային խանութ կամ ռեստորան գնալու ցանկություն չունե՞ք, ուրեմն՝ պատվիրեք սնունդը, այն կառաքեն մինչև ձեր խոհանոց: Համացանցում կարող եք գտնել ամենատարբեր իրեր ու ծառայություններ:
Մարդկային կենցաղի դյուրացմանը զուգահեռ տեխնոլոգիական նորարարություններն օրավուր նորանոր հորիզոննե են գրավումր: Նորություններին զուգահեռ կարելի է հարցնել՝ ի՞նչ հնություն կա: Օրինակ՝ տպված լուսանկար: Ներկայիս ուսանողների վերջին տպված լուսանկարը հավանաբար նրանց դպրոցական «վինետկայում» է ննջում: Իսկ մեր ծնողները ոչ միայն դպրոցական խմբանկարներ, այլև՝ զինվորական և հարսանեկան ալբոմներ են ունեցել ( բոլոր երեխաների համար առանձին՝ անհատական ալբոմներ, ընկերական շրջապատին նվիրված ալբոմներ) և այլն: Այժմ ալբոմները ստեղծվում են մեկ հպումով՝ սոցիալական ցանցում կամ համակարգչում: Լուսանկարների ահռելի քանակությունը ողողել է համացանցը: Իսկ երբ համակարգիչը վիրուսներից տանջամահ է լինում կամ սոցիալական ցանցում ինչ-որ բան է խափանվում, մենք խորապես ափսոսում ենք մեր «թափած» աշխատանքի համար ու «մխիթարվում», որ գոնե լավագույն լուսանկարները չէինք տպել: Հիմա արդեն, վերը նշված առաքման, գործերը մեկ հպումով դասավորելու հնարավորությունը հասել է նաև լուսանկարչական աշխարհին: Այժմ արդեն հնարավոր է տպել և ստանալ լուսանկարը, դուրս չգալով տանից:
Հայաստանում նման «StartUp»-ի մտահաղացմամբ հանդես է եկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կոմյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ջանիկ Սևոյանը: 2016 թվականի հոկտեբերին Սևոյանն արժանացել է Տեղեկատվական Տեխնոլոգիաների(ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի առաջին կարգի պարգևի: Արդեն 2016 թվականի դեկտեմբերին Սևոյանը գաղափարակից ընկերների հետ երկարատև աշխատանքից հետո գործարկել է «onlinekodak.am» կայքը: Նախագծի ներկայացման վրա Սևոյանից բացի աշխատել են ՀԱՊՀ նախկին ուսանող Լիլի Քոչարը, լուսանկարիչ Սարգիս Մկոյանը: «Ճամփորդի» հետ զրույցում Ջանիկ Սևոյանը պատմել է գաղափարի ծագման, իրագործման, առավելությունների, աշխատանքային նրբությունների և այլնի մասին.
Մարդիկ այժմ անընդհատ լուսանկարվում են, գրեթե ամենուրեք կարելի է տեսնել լուսանկարվող մարդկանց, որոնք հաճախ թվայնացնում են իրենց կյանքի լավագույն պահերը: Ինչ է լինում նկարների հե՞տ: Դրանք հիմնականում մնում են առցանց տիրույթում կամ համակարգչում, ինչը միշտ չէ , որ ապահով է: Տեխնիկական այս կամ այն խնդրի հետևանքով մարդը կարող է զրկվել սիրելի լուսանկարից: Մյուս կողմից, տպված լուսանկարը տարիներ շարունակ ապահով պահպանվում է:Ուսումնա սիրություն կատարեցինք՝ պարզելու համար, թե ինչու մարդիկ չեն տպում լուսանկարները: Հարցումները ցույց տվեցին, որ շատերը շատ հաճախ լուսանկարը կրիչով պահելու կամ էլեկտրոնային փոստում պահպանելու հետ կապված բարդությունների են հանդիպում: Կամ էլ ուզում են լուսանկարը տպել, բայց պարզվում է, որ հաջորդ օրն է հնարավոր վերցնել այն և պետք է կրկին այցելել»:
Գործարկված ծրագիրը «Browser Application»-ն է: Նորարարության բոլոր հնարավորությունները մեկտեղվել են «onlinekodak.am» կայքէջում, այս կերպ պատվիրատուի համար ներբեռնման և ոչ մի բարդություն չառաջացնելու համար:
Ամեն ինչ տանում է պարզունակության: Մեր ստարտափի դեպքում ևս մատչելիությունը առավելագույնի է հասցված: Կայքի գլխավոր էջում արդեն լուսանկարներ ներբեռնել և դրանց համապատասխան չափը ընտրելու հնարավորություն է տրվում: Այնուհետև՝ անհրաժեշտ է նշել անուն-ազգանունը, այն հասցեն, որտեղ անհրաժեշտ է առաքել լուսանկարները և պատվիրողի հեռախոսահամարը: Ծառայության դիմաց հնարավոր է վճարել ինչպես բանկային քարտով, այնպես էլ բջջային քարտից կատարվող գումարային փոխանցմամբ: Հեշտ, արագ, հարմար, հասանելի, այսպես կարող եմ բնորոշել նկարների տպման առաջին առցանց հավելվածը: Կիրառվող տեխնոլոգիան հրաշալիորեն համապատասխանում է գաղտնիության քաղաքականությանը: Երբ ստանում ենք լուսանկարը, ավտոմատ կերպով համապատասխան սարքը տպում է այն, գցում ծրարի մեջ և ամրացնում, այնուհետև «ՀայՓՈՍՏԻ» միջոցով հասնում պատվիրողին: Ոչ ոք չի տեսնում լուսանկարը: Բացի այդ, պատվիրատուի նկարները պատվիրման պահից 24 ժամ անց մեր կայքից ավտոմատ ջնջվում են»:
Նամականիշների վերածնունդը
Ինչո՞վ է ստարտափը դարձել գրավիչ, իսկ Ջանիկ Սևոյանն էլ արժանացել ՀՀ նախագահի մրցանակին: Ըստ էության այն՝ մարդկանց կողմից փոստային նամակաշրջանառության զարգացման, նամականիշների հավաքածուներ կազմելու, այսպես ասած՝ մոռացվածը վերականգնելու հնարավորություն և նախադրյալներ է ստեղծում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նամակաշրջանառությունը հետին պլան մղվեց: Մարդիկ դադարեցին միմյանց ծրարով նամակ ուղարկել, ինչի հետևանքով էլ մեկ այլ կարևոր բան պակասեց նրանց կյանքից՝ ֆիլատելիան: Նամականիշներ հավաքելու գաղափարը մեր օրերում վերացել է: Մեր ծրագրով նամականիշներ հավաքելու ավանդույթը վերականգնելու ու դա արժևորելու հնարավորություն է ստեղծվում: Պատվիրված լուսանկարը, նամականիշով ծրարում դրված, հասնում է նշված հասցեով: Օրինակ, դուք տպելու համար պատվիրել եք 10×15(սմ) չափսի մեկ լուսանկար,որի արժեքը 100 դրամ է, որից 70-ը՝ նամականիշի գումարն է, 30-ը՝ լուսանկարի: Նամականիշները կարելի է ընտրել: Համակարգը այնպես է աշխատում, որ նույն հասցեից պատվերների դեպքում, հնարավորինս տարբեր նամականիշներով ծրարներ են առաքվելու: Ուշագրավ մեկ այլ դետալի մասին ևս.ծրարներում բացի լուսանկարներից նաև նամականիշի վերաբերյալ տեղեկատվական թերթիկ է լինում»:
Լուսանկարներ համայնքների համար
Այս ստարտափը գյուղական համայնքների բնակիչներին հրաշալի հնարավորություն է ընձեռում: Համայնքներում լուսանկարներ տպելու հնարավորության բացակայության պատճառով, մարդիկ մեկնում են մարզկենտրոն կամ Երևան: Այս դեպքում նրանք կարող են ճամփա չընկնել, լուսանկարները նրանց կառաքվեն «ՀայՓՈՍՏ»-ի միջոցով: Առաքվող լուսանկարը սովորաբար Երևանում հասցեատիրոջն է հասնում հենց հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Մարզերում նույն ծառայության համար պահանջվում է 2-3 աշխատանքային օր:
Գարեգին Ալեքսանյան