ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԻՄԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Ariana-007

ՀԱՄԱՏԱՐԱԾ ԴԻՄԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

«Առանց տեսլականի՝ մարդիկ կմեռնեն», ասում է Սողոմոն Իմաստունը: Ապագայի վերաբերյալ պարզորոշ տեսլական և էական երևույթների հանդեպ միանշանակ ու հստակ վերաբերմունք չունեցող առաջնորդները ժողովրդի համար ամենաիսկական աղետ ու պատուհաս են:
Նույնը վերաբերում է նաև քաղաքական կուսակցություններին: Խորհրդարանական ընտրություններին թեև 2 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, բայց ապագայի վերաբերյալ մեր քաղաքական կուսակցությունների տեսլականներն այդպես էլ հասու չեն դառնում ժողովրդին: Ավելի տագնապալի է նկատելը, թե ինչպես են ընտրությունների նախաշեմին իրենց «սկզբունքային» հռչակած քաղաքական միավորների ներկայացուցիչները փոխում թիմերն ու ճամբարները, իրենց ռազմավարությունները, այնպես, ինչպես առանցք չունեցող անկայուն մարդը կարող է փոխել, օրինակ, իր զուգընկերոջը:

Այս փոփոխություններն ու քայլերն ինձ շախմատային պարտիա են հիշեցնում: Ես միանգամայն վստահ եմ, քաղաքական քամելիոններից որ մեկին էլ հարցնեք քաղաքականության, հարկային բարեփոխումների, կրթության, առողջապահության, ազգային պաշտպանության, բյուջեի, միջազգային հարաբերությունների վերաբերյալ ունեցած դիրքորոշման մասին, չեն կարողանա հստակ, խելացի փաստարկներով հիմնավորված պատասխան տալ: «Մենք կոռուպցիայի դեմ ենք, հանուն բոլոր բիզնեսների, հանուն բանակի»… Ահա այն առավելագույնը, ինչ նրանք կարող են ասել՝ իրենց կցկտուր խոսքն, իհարկե, համեմելով տվյալ իրավիճակին անհարիր միանգամայն անպիտան գեղեցիկ մակդիրներով: Մինչդեռ սթափ գիտակցություն ունեցող ցանկացած մարդ, դեմ է վերոնշյալ գործելաոճին. որտե՞ղ է էական ասելիքը, այն ասելիքը, որը հասարակ մարդուն քաղաքական գործիչ է դարձնում՝ ոչ թե նրա կողմից բարձրաձայնված չարչրկված ճշմարտությունների, այլ լրջմիտ վերլուծությունների ու առաջարկվելիք կոնկրետ քայլերի շնորհիվ:
Ես առավել տագնապալի եմ դիտարկում քաղաքական պատշաճ դիսկուրսի պակասը Հայաստանում: Քաղաքական գործիչներն ու միավորները ընդամենը վերադասավորվում են, հանգրվանում նոր դաշինքներում՝ ժողովրդին նրա իսկ ապագայի վերաբերյալ էլի ոչ մի իրական կամ խելացի դիրքորոշում չառաջարկելով: Կարծես կռահելու խաղ լինի, թե որ դաշինքն է ընտրությունների օրը ավելի շատ ձայներ հավաքելու, գուցե անգամ՝ ոչ ազնիվ մեթոդներ կիրառելով:
Ես չեմ ասում, որ Հայաստանը պետք է կրկնօրինակի Արևմուտքի կամ Եվրոպայի փորձը: Սակայն հստակ է մի բան, որ Միացյալ Թագավորությունում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և իմ հայրենի Ավստրալիայում, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ունի իր հստակ քաղաքական դիրքորոշումը: Եվ երբ քաղաքական այս կամ այն գործիչը միանում է որևէ կուսակցության, նշանակում է՝ ընդհանուր առմամբ որոշակի սկզբունքների, արժեհամակարգի կողմն է բռնում և դրանց կրողն է: Նրանք չեն կարող պարզապես միանալ տարբեր կուսակցությունների և անջատվել՝ ինչպես այստեղ են անում, քանի որ քաղաքական դիրքորոշումը մարդկային տեսակի, ապագայի պատկերացումների արտահայտությունն է, որը հնարավոր չէ այդքան արագ փոխել: Եթե փոխեն, ժողովուրդը նրանց անլուրջ կընկալի, կպիտակի իբրև քամելեոն ու արդարացիորեն կմեղադրի սկզբունքային չլինելու մեջ: Իհարկե նրանք կարող են որոշակիորեն շեղվել կուսակցության որդեգրած դիրքորոշումից, ինչպես օրինակ ԱՄՆ-ում հանրապետականը գուցե սատարի ցածր հարկերի ռեժիմը, ինչը այդ կուսակցության տիպիկ դիրքրոշումն է: Սակայն նրանք կարող են կողմնակից լինել միասեռականների ամուսնությանը՝ չնայած ամերիկյան հանրապետականները նման հարցերում սովորաբար ավելի պահպանողական են:
Դուք հավանաբար կարող եք կռահել, որ աջակողմյան քաղաքական ուժերը կսատարեն ընդհանուր առմամբ ավելի մեծ պաշտպանության բյուջեն ու տնտեսական և բիզնես ոլորտներում ավելի քիչ կարգավորում ունենալը և շատ հավանական է, որ մարդ իր աջակցությունը կտա առավել մասնավորեցված առողջապահական և կրթական համակարգին՝ նախընտրելով ավելի քիչ կենտրոնացված կառավարման ձևը: Ձախակողմյան լիբերալներին դիտարկելիս քիչ թե շատ գլխի ընկնելով կարող ենք ասել, որ նրանք սոցիալապես ավելի պրոգրեսիվ կլինեն, կնախընտրեն ավելի բարձր հարկային ռեժիմ ունենալը, որպեսզի պետությունը հետագայում հնարավորություն ունենա լավագույնս հարստության վերաբաշխում կատարել (միգուցե թիրախավորելով ծերերին, ուսանողներին և գործազուրկներին): Հավանական է, որ նրանք կնախընտրեն կրճատել ազգային պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը և հենվել առողջապահության և կրթության համակարգերի վրա՝ յուրաքանչյուր դեպքում նախընտրելով կենտրոնացվածությունն ու պետական միջամտությունը: Իհարկե, բոլոր այս սահմանումները քաղաքական աջերի և ձախերի ընդհանրացումներն են, սակայն կուսակցությանը միանալը սովորաբար սահմանում է ընդհանրական քաղաքական դիրքորոշումները՝ վերը նշվածի, անգամ որոշ փիլիսոփայական հարցերի վերաբերյալ, որոնք միշտ էլ կարևոր են տնտեսության համար: Խոսքը վերաբերում է այնպիսի հարցերի, ինչպիսին ասենք՝ օտար երկրների գործերին խառնվել-չխառնվելն է: Արդյոք դա մեր բարոյական պարտականությո՞ւնն է, թե՞ ոչ, արդյոք մեր երկիրը պետք է ավելի չեզոք լինի այլ երկրներում տեղի ունեցողի նկատմամբ:
Չպետք է նաև մոռանանք, որ Հայաստանի նման երկրների համար խիստ կարևոր է այլ երկրների աջակցությունը, որոնք մեզ ձեռք են մեկնել՝ սատարելով տարբեր հարցերում, այլ ոչ թե արհամարհել են ու ասել, թե դա իրենց խնդիրը չէ: Երկրները միմյանց հետ փոխշաղկապված են ու առանց դրա՝ ուղղակի անհնար է:
Պակաս կարևոր չէ նաև՝ որքանով պետությունը պետք է միջամտի անհատի անձնական գորրծերին փիլիսոփայական հարցի պատասխանը: Սովորաբար քաղաքական գործիչը մյուս բոլոր հարցերի հետ այս հարցին էլ կպատասխանի իր հստակ դիրքորոշմամբ:

Բացի բացարձակ սևից և սպիտակից, աջերից ու ձախերից՝ սովորաբար կան նաև այլ դիրքորոշումներ ևս, որոնք, օրինակ,ցանկանում են ծերացող աշխատանքային ռեսուրսների վրա ներդրում կատարել՝ վերապատրաստելով նրանց, որպեսզի վերջիններս իրենց աշխատանքը կորցնելու փոխարեն կարողանան հարմարվել ժամանակակից տեխնոլոգիաներին: Հնարավոր է, կողմերից մեկն արտահայտի իր դիրքորոշումը՝ կանաչ տեխնոլոգիաների զարգացման մեջ ներդրումներ անելու վերաբերյալ՝ առաջարկելով ինդուստրիալ զարգացումից ավելի՝ մտածել շրջակա միջավայրի մասին: Ինչպես կարելի է նկատել՝ կան շատ ոլորտներ և հարցեր, որոնց վերաբերյալ քաղաքական գործիչները պարտավոր են իմանալ, որոնց մասին նրանք պետք է կարծիք ունենան և դիրքորոշում արտահայտեն:
Սակայն Հայաստանում կարծես թե այսպես չէ: Կարծես կուսակցությունները և դրանց ստեղծումը ընդամենը թանկարժեք մանկապարտեզային խաղ է, երբ ուսուցիչը տարեվերջին է միայն երեխաների խմբերից որևէ մեկին ընտրում՝ որպես լավագույն: Կամ էլ տպավորություն է, թե սա «ներանձնային» խաղ է, և կուսակցությունները հաշվետու չեն մարդկանց, հենց դրա համար էլ առանց ավելորդ լարման վերջիններս փոխում են խաղի կանոնները՝ ինչպես իրենց սիրտը կուզի: Բայց պետք չէ մոռանալ, որ ցանկացած քաղաքական ուժի թիրախը ոչ թե այդ ուժն է, այլ ժողովուրդն ու նրա բարեկեցությունը, որը կարող է նվիրել այդ ուժը՝ ճիշտ ու հետևողական քայլերի շնորհիվ:
Եվ ես կարծում եմ, որ կուսակցությունը առանց տեսլականի՝ մեր ապագայի վտանգներից է: Ավելի լավ է ունենալ միանշանակ կարծիք և քաղաքական դիրքորոշում, քան ալիքի նման օվկիանոսային անհունում այս ու այն կողմ օրորվել քամուց, ինչը հիվանդագին է և վտանգավոր: Եկեք փնտրենք առաջնորդների, որոնք ունեն տեսլական, անգամ եթե մենք դրա հետ համամիտ չենք: Որոշակի տեսլական ունեցող առաջնորդն ավելի նախընտրելի է, քան թույլ բիզնեսմենը (գործարքներ կնքողը), ով շաբաթվա ամեն նոր օր միանում է քաղաքական նոր կուսակցությունների կամ անձանց:
Հայկական իրականության մեջ կես-կատակ կես-լուրջ չեմ կարող չմտածել. եթե ես հնարավորություն ունենայի քվեարկել Հայաստանի ընտրություններում, ու՞մ օգտին կքվեարկեի: Սոցիալական տեսանկյունից ես պրոգրեսիվ, սակայն տնտեսական քաղաքականության տեսանկյունից՝ պահպանողական մարդ եմ: Իմ քաղաքական հայացքներն ավելի շատ հարում են աջերին: Այո, ես պահպանողական եմ, սակայն ոչ ամեն ինչում: Ես հավատում եմ տեխնոլոգիաներին և աշխատուժի կատարելագործմանն ու վերապատրաստմանը: Ես հավատացած եմ, որ Հայաստանը կարիք չունի նայելու զուտ Արևելքին կամ Արևմուտքին: Պետք է ուշադրություն դարձնել երկուսին էլ, չժխտելով Ռուսաստանի հետ իր հատուկ հարաբերությունները: Ես գլխավորապես՝ ցածր, ֆիքսված դրույքաչափով հարկերի կողմնակիցն եմ. որքան պարզ, այնքան ավելի լավ: Ես հասկանում եմ, որ բյուջեի սղությամբ պայմանավորված՝ սրա հետևանքով կրթությունն ու առողջապահությունը կարող են տուժել: Նաև հասկանում եմ, որ հարստության վերաբաշխումը կարիքավորների և գործազուրկների միջև սահմանափակ չափով կիրագործվի: Սակայն ես այն համոզմանն եմ, որ մարդկային ռեսուրսների ներուժի շարունակական զարգացումը կարող է փակել այս դեֆիցիտը: Ցածր հարկերն ու պետական միջամտության ցածր մակարդակը կխթանեն բիզնեսի աճը, ինչը կնպաստի համընդհանուր զարգացմանը՝ յուրաքանչյուրի կենսական ստանդարտների լավացմանը: Դուք կարող եք չհամաձայնվել ինձ հետ և հնարավոր է ես պարզապես սա ասում եմ, քանի որ հոդված եմ գրում ու դրանք իրագործելու «վտանգ» չկա:
Սակայն առնվազն իմ ֆինանսական և քաղաքական դիրքորոշումները հստակ են: Վերադառնալով իմ առաջադրած հարցին, ցավով պետք է նշեմ, որ պատասխան չունեմ, քանի որ մեր կուսակցությունները հստակ դիրքորոշումների պակաս ունեն: Քաղաքականության «մրցույթի» փոխարեն, սա անհատականությունների «մրցույթ» է:
Մնում եմ այն կարծիքին, որ մենք պետք է տեղեկանանք էական նշանակության որոշ հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշման մասին: Եթե նրանք չկարողանան պատասխանել դրանց, ապա հարցրեք ինքներդ ձեզ, թե այդ դեպքում հանուն ինչի է նրանց կուսակցությունը գործում: Ցավում եմ, սակայն նրանք՝ անգամ այդ հարցին չեն կարողանա պատասխանել:
Զգույշ եղե՛ք, հատկապես այս նոր ու հանկարծակի կազմված դաշինքներից: Քանզի ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ ծնված այս դաշինքները հուսահատության և անհեռատեսության մարմնավորումներ են, տեսլականի պակասի նախանշաններ: Իրական քաղաքականությունը տեսլականի և երկարատև ժամանակահատվածում ձևավորված գաղափարների, քաղաքական դիրքորոշումների զարգացման արդյունքն է, և ոչ թե մեկ գիշերվա ընթացքում արված հուսահատ քայլ:

Սիրով՝ ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register