ԹՌԻՉՔԻ ՏԱԳՆԱՊԸ ՄԵՂՄՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

IMG_0673

«Զվարթնոց» օդանավակայանի մշակութային կյանքն աշխուժացել է: Մեկնման սպասասրահում՝ Մինաս Ավետիսյանի հսկա որմնանկարից քիչ հեռու, պարբերաբար կազմակերպվում են հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների տարաբնույթ ցուցահանդեսներ: Փետրվարի 8-ից սպասասրահի այցելուներին իրենց աշխատանքներն են ներկայացնում Արամ և Կարեն Մովսիսյանները: Եղբայրների ստեղծագործական ոճերը միմյանցից  էապես տարբերվում են, ինչը ցուցահանդեսին հավելյալ հետաքրքրություն է հաղորդում:

Արվեստը ներխուժել է խիստ գործնական և իրենց անելիքը ծրագրած մարդկանց կենսատարածք: Հատկապես ճանապարհման պատրաստվող մարդկանց համար նկարները կարող են լարված մթնոլորտը փոքր-ինչ լիցքաթափելու լավ միջոց հանդիսանալ:

«Զվարթնոց» օդանավականայում ցուցահանդեսներ սկսել են կազմակերպվել անցած տարվա օգոստոսից, երբ օդանավակայանի հանրային տարածքում սկսել է գործել «Artam» պատկերասրահը: «Ճամփորդի» հետ զրույցում այս մասին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի գեղանկարչական ցուցահանդեսների համադրող Արմինե Թումանյանը: «Արվեստի այս անկյունը ստեղծվել է «Զվարթնոց» օդանավակայանի առաջարկով: Ամեն ամիս տարբեր ցուցահանդեսներ ենք ունենում: Նկարչին կամ լուսանկարչին պետք է հանրությունը ճանաչի, ու ամենևին էլ պարտադիր չէ, որ մարդն անպայման քաղաքային պատկերասրահներ այցելի: Այստեղ այլընտրանքային տարածք է, լավ հնարավորություն՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հանրությանը: Նկատի ունենալով որ փետրվարը տարբեր տոների ամիս է,մենք փնտրում էինք երիտասարդ նկարիչների, որոնց աշխատանքները մարդկանց ուրախություն և ժպիտ կպարգևեին: Կարևոր է, որ հատկապես մառախլապատ այս օրերին  լավ տրամադրություն փոխանցվի մարդկանց: Այս առումով Արամի և Կարենի գեղանկարները հրաշալիորեն համապատասխանում են «հանրային պահանջին»:

Սա Արամ Մովսիսյանի առաջին ցուցահանդեսն է, թեև նա սկսել է ստեղծագործել 2011 թվականից: Նրա դիտարկմամբ, այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում  իմանալու իր նկարների մասին մարդկանց կարծիքը: Արամ Մովսիսյանի աշխատանքներում հիմնականում ներկայացված են կերպարներ,որոնք  ասես վերցված լինեն հեքիաթներից կամ մանկական նկարազարդ գրքերից:

Ավագ եղբայրը՝ Կարենը,որպես նկարիչ ավելի փորձառու է, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Նա նշում է, որ նկարչի համար միշտ էլ հաճելի է, երբ իր աշխատանքները ցուցադրում են և առիթ է լինում շփվելու հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ: «Առաջին հայացքից կարող է թվալ, որ աշխատանքները դեկորատիվ են, բայց ամեն մի ստեղծագործության հիմքում մտավոր մեծ աշխատանք կա»,- խոստովանում է արվեստագետը:                                                                                    Կարենի աշխատանքներում առկա են բազմիմաստ բազմաթիվ նշաններ, որոնք ամեն մարդ կարող է յուրովի ընկալել: Արվեստագետն իր աշխատանքները բնորոշում է որպես մոգական սիմվոլիզմ:                                                                                                             Եղբայրների աշխատանքները ցուցադրվելու և վաճառվելու են մինչև մարտի 8-ը:

 

Էջը պատրաստեց՝ Գարեգին Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register