ՍՏԱՄԲՈւԼԻ ՀԱՅ ԱՉՔԸ

4

Արա Գյուլերի հետ տարիներ առաջ հանդիպելու առիթ ունեցանք․ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն աշխարհահռչակ լուսանկարչին հրավիրել էր համալսարան։ Մեր ֆակուլտետից բացի այլ ֆակուլտետների ուսանողներ ևս ներկա էին,  Չարենցի մեծ լսարանի դուռը փակել չէր լինում՝ այդքան շատ էին  նրան լսել ցանկացողները։

Առաջին-երկրորդ կուրսում էինք, և եթե անկեղծ՝ հստակ չէինք պատկերացնում՝ ինչ մեծության մարդ է մեր դիմաց։ Դե, գիտեինք, հայտնի նկարիչ է, արմատներով հայ է՝ Թուրքիայից, ունի «Ստամբուլի աչք» անունը, նկարել է հայտնի մարդկանց՝ Դալի, Սարոյան, Խաչատուրյան․․․Շարքն անվերջ է։ Այսքանը գիտեինք, բայց կարծես՝  տեղեկատվությունն ուղղակի անգիր արած լինեինք,  չէինք ընկալել։

Երբ մտավ լսարան, առաջին տպավորությամբ թվաց, թե հայտնի՝ «Գտնված երազ» մուլտֆիլմի պապիկը լինի՝ սպիտակ մազերով, փոքրամարմին, աշխույժ աչքերով ու ժպտերես  Արա Գյուլերն իր էներգիայով ստիպեց ամբողջ լսարանին լռել ու լսել իր մեղմ,  ցածր ձայնը։ Վարակիչ էր խոսում լուսանկարչությունից, ասում էր, որ ինքն իրեն նախ լրագրող է համարում, հետո նոր՝  լուսանկարիչ․ այս միտքը նաև Թուրքիայում տված հարցազրույցներից մեկում էր կրկնել։ Ասում է՝ լուսանկարչի կողքին եթե ռումբ պայթի՝ կփախնի, իսկ լրագրողը մնում-լուսաբանում է, հետաքրքրվում է պատճառով ու հետևանքով։Միակ դեպքն էր, երբ տեսանք նրան, մինչ այսօր լուսանկար ունեմ արած՝ ինքը՝ լսարանում նստած, վերևի շարքերից եմ նկարել։ Խամրած լուսանկար է, բայց շատ հոգեհարազատ։

Արա Գյուլերը բացահայտեց բոլորիվ ուրիշ ու նոր Ստամբուլ, իր լուսանկարները դիտելիս չես կարողանում չսիրել քաղաքը, և «Ստամբուլի աչքը» անունն իսկապես արդարացված է՝ ամենատես ու սուր աչք էր, մինչև վերջին շունչը լուսանկարչությանը սիրահարված։

Դե իսկ  դիմանկարների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Տպավորություն է, թե դրանք շնչում են՝ սա է պրոֆեսիոնալիզմը։

5

Ապրեց գեղեցիկ, բազմաշերտ կյանք, իր աչքերին կարելի է երանի տալ՝ երևելի մարդկանց հետ է հանդիպել, զրուցել, լուսանկարել նրանց։ Ով գիտե, գուցե հիմա՝ իր մահվանից հետո լուսանկարների մի մասը Հայաստա՞ն տեղափոխեն։ Հրաշալի կլինի Երևանում, կամ գուցե երկրի մեկ այլ հատվածում Արա Գյուլերի անկյուն ունենալ՝ իր պատմություններով, դիտարկումներով ու, իհարկե, լուսանկարներով։

Մեր ազգում իսկապես տաղանդավոր մարդիկ կան, և ինչ հրաշալի է, որ նրանք երկար են ապրել, հասցրել են հնարավորինս շատ աշխատել ու մեզ մեծ  կարողություն թողնել։ Մեզ էլ մնում է դրանք ճիշտ օգտագործել ու  փայփայել, Ստամբուլի հայ աչքի լուսանկարները պահել աչքի լույսի պես:

Սյունե Սևադա  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register