ՍԱՀՄԱՆՈւՄ. ԳԹՈւԹՅԱՆ ՔՈւՅՐ

Մեր այցի ընթացքում տեղեկացանք, որ Մարտունու շրջանի զորամասերից մեկում կին բուժակ է աշխատում: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էրիկ Սարգսյանն ասաց, որ դժվար թե կարողանանք նրան հանդիպել, քանի որ անընդհատ շարժման մեջ է, պտտվում է դիրքից դիրք:
Զորամասից դիրքեր մեկնելիս` ճանապարհին մեզ բախտ վիճակվեց հանդիպել ենթասպա Վեսմիրա Արզումանյանին: Գործունյա կինը հաջորդ դիրք շտապելու պատճառով կտրականապես հրաժարվեց մեզ հետ զրուցելուց: Եվ միայն Արիանայի խնդրանքից հետո համաձայնեց կարճատև զրույցի:
Բժշկական գործը սովորել է Ուզբեկստանում: Արդեն տևական ժամանակ է, ինչ ապրում է Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում:
«Պտտվում ենք սահմանի երկայնքով: Առողջական խնդիրներ ունեցողներին առաջին օգնություն ենք ցուցաբերում, անհրաժեշտության դեպքում տեղափոխում զորամաս կամ Մարտունու հոսպիտալ: Գանգատները տարբեր են լինում, երբեմն զինվորները վերքեր են ունենում, երբեմն նրանց տաքությունը կամ ճնշումն է բարձրանում: Լինում է նաև, որ ատամի ցավ են ունենում: Դիրքերում աշխատում ենք առանց գրաֆիկի, օր ու գիշեր չենք ճանաչում: Ունեմ ընտանիք: 4 երեխա՝ 2 տղա, 2 աղջիկ: Հարզատներս շատ են օգնում, այդ պատճառով էլ կարողանում եմ շատ ժամանակ տրամադրել աշխատանքին: Հարցնում եք դժվար չէ՞ արդյոք կնոջ համար բանակում ծառայելը: Ինձ համար՝ ոչ: Այստեղ ես և՛ մայր եմ, և՛ քույր, և՛ զինվորական»,- նշում է Վեսմիրան:
Արդեն դիրքերում հետաքրքրվում ենք զինվորների առողջական վիճակով, և հարցնում տիկին Վեսմիրայի մասին: Բոլորը հարգանքով և ջերմությամբ են արտահայտվում բուժակի մասին, ընդգծելով նրա հոգատարությունն ու գործին նվիրվածությունը:
Գարեգին Ալեքսանյան