ՀՈՍՊԻՏԱԼԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ

hospital

Սովորական պայմաններում զինվորական հոսպիտալներում հայտնվող զինվորները, եթե հիվանդությունն ու ստացած վնասվածքները լուրջ չեն, ծառայության համեմատ յուրատեսակ «արձակուրդում» են հայտնվում: Հոսպիտալում չկա առավոտյան մարզանք, չկան շարային, ֆիզիկական և կրակային պարապմունքներ: Ճաշարան գնալիս էլ հարկավոր չէ երգել, վերակարգ ընդունել ու, ասենք, օրապահ կանգնել: Այստեղ չկա մարտական հերթափոխ, բացակայում են նաև դիրքերն ու մոտակայքում դարանակալած հակառակորդը:

Ստեփանակերտի հոսպիտալում հայտնված զինվորները, սակայն, այս օրերին չեն «հանգստանում»: Նրանք ամեն րոպե փորձում են լուրեր իմանալ, տեղեկանալ առաջնագծում գտնվող իրենց ընկերներից: Հոսպիտալի բուժանձնակազմը վերջին ամսվա ընթացքում աշխատել է գերլարված:

«Ճամփորդ»- ի թիմը Արցախ ժամանելուն պես այցելեց հոսպիտալ: Մեր այցը հոսպիտալի միջանցքներում որոշակի ակտիվություն առաջացրեց: Զինվորներն ուզում էին իմանալ, թե ո՞վ է արտասահմանցի այդ կինը, մենք որտեղից ենք: Նրանց հետաքրքրասիրությունը փորձում ենք բավարարել` մեր թերթի համարները բաժանելով: Առաջնագծում վիրավորված զինվորների հետ զրուցելուց առաջ բժիշկ Ազիրյանը զգուշացնում է, որ զինվորների դեղորայքային բուժում ստանալու ժամն է, և որ մենք` նրանց հետ շփվելու շատ ժամանակ չունենք: Մենք էլ մեր հերթին նշում ենք, որ արդեն մեկ ամիս անդադար կարդում ու գրում ենք զինվորների մասին, իսկ այսօր հնարավորություն է ներկայացել զրուցելու նրանց՝ ժամանակի իրական հերոսների հետ:

Hospital-Gevorg-Sasun

Նորաթուխ հայրը

Հիվանդասենյակում զինվորներից բացի բուժում է ստանում դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գևորգ Գևորգյանը: 22-ամյա սպան արդեն 5 տարի ծառայում է զինված ուժերում, ծնունդով Աբովյան քաղաքից է: Թալիշի ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մարտական հերթապահության ժամանակ ազդրից վիրավորվել է:

«Քառօրյա պատերազմից հետո շատ բան է փոխվել: Պատասխանատվության զգացումը բազմապատկվել է, միմյանց նկատմամբ ավելի հոգատար ենք դարձել: Մեր տրամադրվածությունը մարտական է: Գիտեք, կյանքում ոչ մեկին չի կարելի թերագնահատել, առավել ևս՝ հակառակորդին: Թեև ժամանակը ցույց տվեց, որ նրանց վարքագծում մեկ է` շատ բան չի փոխվել: Բայց այս անգամ նրանք ավելի խելացի էին գործում: Մարտական գործողությունների ամենաթեժ պահին մի կողմից մտածում էի անձնակազմի անվտանգության, մյուս կողմից՝ հակառակորդին ոչնչացնելու, առաջխաղացումը կասեցնելու մասին: Հստակ և արագ որոշումներ կայացնելը հրամանատարի առաջնային պարտականությունն է: Հրամանատարը պետք է կարողանա իր անձնակազմին մարտի դաշտից առանց կորստի դուրս բերել: Հենց դա է ամենաբարդ խնդիրը: Մինչ երեկ իմ դասակից որևէ մեկը չէր վիրավորվել: Հիմա միայն ես և Սասունն ենք (ցույց է տալիս հարևան մահճակալին պառկած զինվորին) բացակայում դիրքից: Չնայած այս պահին տղաներից հեռու եմ, բայց փորձում եմ անընդհատ կապ պահպանել, զրուցել նրանց հետ: Առաջնագծում կանգնած տղաները միմյանց քաջալերում են, թև ու թիկունք կանգնում միմյանց: Ծնողներես տեղյակ են, որ վիրավորվել եմ, բայց ես խնդրել եմ, որ կնոջս այդ մասին չասեն: Ընդամենը 5 օր առաջ մենք մեր առաջնեկին` Մանեին ենք ունեցել: Ես չէի ուզենա, որ կինս այս պահին լարված լիներ: Չեմ թաքցնում, թեև դժվար է, բայց մտածում եմ թեկուզ մի քանի օրով երեխայիս տեսնելու, շուտափույթ ապաքինվելու և դասակիս կողքին լինելու մասին:

Ծառայության վերջին ամիսը

Ուղիղ խոսող տղա է ծովագյուղցի Սասուն Ղազարյանը : Զրույցի ողջ ընթացքում դասակի հրամանատարն է կողքին, իսկ վերջնամասում հայրն է գալիս տեսակցության, բայց նա անկաշկանդ ասում է այն, ինչ մտածում է: Հարցնում ենք՝ ինչո՞վ ես զբաղվել մինչ ծառայությունը, ասում է ՝ զվարճացել եմ: Ծառայությունից հետո մտադիր է ոսկերիչի արհեստ ձեռք բերել և գործի անցնել: Մինչ զորացրվելը Սասունին ընդամենը մեկ ամիս է մնացել: Մարտական դիրքի ճանապարհին ոտքի հրազենային վնասվածք է ստացել: Ենթարկվել են անակնկալ հարձակման: Բարեբախտաբար վնասվածքը լուրջ չէ և շուտով շարքային Ղազարյանը կրկին կհայտնվի շարքերում: «Լարված օրերին մտածում էի, որ անհրաժեշտ է առաջ գնալ, հետ բերել կորցրածը: Մյուս կողմից շատ եմ ուզում, որ ընկերներիս ոչ մի բան չպատահի: Ապրիլ ամսին շատ բան փոխվեց: Փոխվեց նաև մեր մտածողությունն ու աշխարհայացքը: Ընկերության, կյանքի, միմյանց օգնության հասնելու մասին: Այս օրերին շատ ենք միմյանց հետ շփվել, կիսվել մտքերով: Տղաները մարտական են տրամադրված, բոլորի «դուխը» տեղն է»,- նշում է Սասունը: Անփորձանք ծառայություն ենք մաղթում տղաներին և զորամասում ծառայողներին և դիրքապահներին հանդիպելու մտադրությամբ ուղևորվում առաջնագիծ:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register