ՊԱՏԳԱՄ՝ STREETART-Ի ՄԻՋՈՑՈՎ

streetart

Հայրենասիրությունը խոսքերով չի լինում, բառերով հայրենիք չեն սիրում: Հայրենասիրությունն ամենօրյա պարզ քայլերի արվեստն է՝ սկսած փողոցում չնետված ծխախոտի գլանակից, վերջացրած սահմանին մղվող կենաց պայքար ու ինքազոհություն՝ հանուն ազգային անվտանգության:

– Ցավոք, մեզանում խոսքերով հայրենասիրությունն ավելի տարածված է: Մենք ասում ենք, որ սիրում ենք Երևանը, բայց ամեն մեկս մեր հերթին կեղտոտում ենք այն: Ասում ենք, որ հայրենասեր ենք, բայց մեզնից շատերը խուսափում են ծառայությունից… Ես ուզում եմ, որ հակառակը լինի, որ ավելի շատ գործով ցույց տանք մեր սերը Հայաստանի նկատմամբ,- ասում է 21-ամյա գեղանկարիչ Արթուր Ավագյանը:Արթուրը երևանյան փողոցներում արված ապրիլյան պատերազմի հերոսներ Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի և ընթացքի մեջ  Բենիամին Եղոյանի դիմանկարների հեղինակն է: Ասում է ՝ մերօրյա հերոսներին StreetArt-ի միջոցով անմահացնելու գաղափարը  դեռ ապրիլյան իրադարձությունների օրերին է ծագել: Համապատասխան թույլտվություն և աջակցություն ստանալու ակնկալիքով  տարբեր կառույցների է դիմել: ԵՊՀ մարտական պատրաստվածության ակումբը մեծ ոգևորությամբ է ընդունել նախաձեռնությունը: Հենց նրանց հետ համագործակցության արդյունքում էլ կյանքի է կոչվել ապրիլյան հերոսներին StreetArt-ի միջոցով պատկերելու գաղափարը:

-Հաճախ են հարցնում՝ ինչպես ենք ընտրել այս երեք հերոսներին: Իրականում  մենք ոչ թե կոնկրետ անհատների ենք ընտրել, այլ հավաքական կերպարների՝ շարքային զինծառայողի, սպայի և պայմանագրային զինծառայողի. նրանք մարմնավորում են մեր բոլոր հերոսներին, որովհետև հերոսությունն անուն-ազգանուն չունի, նրանք բոլորը հերոսներ են,- ասում է Արթուրը: Ապրիլյան պատերազմի հերոսների դիմանկարները ԵՊՀ-ին հարակից փողոցների պատերին են: Արթուրն ասում է, որ նկարելու ընթացքում հաճախ են անցորդներ մոտենում: Հնչեցված կարծիքները հիմնականում դրական են, թեպետ քննադատություններ էլ են լինում:

– Ասում են՝ ինչու եք փողոցում նկարել, ինչու հերոսների նկարներն արվեստին հատուկ վայրերում չեն… Ըստ իս, StreetArt-ը շատ ավելի ազդեցիկ միջոց է, ամեն օր այստեղով հարյուրավոր երիտասարդներ են անցնում, որոնց մեջ այս նկարները տեսնելուց հետո մի բան փոխվում է դեպի լավը,- ասում է Արթուրը:

Դիմանկարներն արված են տաք գույներով: Նկարիչը մերժել է սև ու սպիտակով պատկերելու առաջարկը ու որոշել՝ հերոսներին պետք է վառ գույներով պատկերել՝ ինչպիսին նրանց արարքն է:

– Անգույնը գերեզմանաքարերին է բնորոշ: Իսկ գույների միջոցով դու կարող ես տրամադրություն ու խառնվածք փոխանցել, որ տեսնողը ոչ թե ափսոսանք զգա, այլ հպարտություն,- ասում է նկարների հեղինակը:Դիմանկարների կողքին գրառումներ էլ կան՝  «Նա մինչև վերջ չլքեց իր դիրքը, մի լքիր հայրենիքդ» , «Նրա առաքելությունն էր պաշտպանել, քո առաքելություն է սովորել»… Գրառումներ, որոնք ստիպում են երկար մտածել:

 

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register