ՀԱՆՐԱՅԻՆԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

ari

Հայաստանում պայծառ աշուն է, քաղաքական ուժերի համար՝ թեժ ու նախընտրական: Մի քանի ամսից երկիրը նոր խորհրդարան կընտրի, որն էլ նորացված Սահմանադրության համաձայն քաղաքական նոր մշակույթով կառաջնորդվի, երկիրն էլ կիսանախագահականից կանցնի խորհրդարանական կառավարման: Մոտենում են ընտրությունները, ենթադրաբար՝ «Ճամփորդն» էլ չի կարող գործընթացների անտարբեր դիտորդը լինել:

Մեր թերթի գոյության ընթացքում ընթերցողի հետ մշտապես անկեղծ ենք եղել և հստակ ներկայացրել մեր դիրքորոշումը հասարակությանը հուզող հարցերի նկատմամբ: Եվ այսօր, երբ մեր 41-երորդ հանդիպումն է, կարող ենք ավելի վստահ ասել, որ արդեն մեծ ենք  ու կարող ենք խոսել քաղաքականության մասին՝ առանց քաղաքականության մասին բարձրաձայնելու: Քառասունմեկում  հանրային քաղաքականության մասին ենք խոսում:

Իսկ ինչպես խոսել քաղաքականության մասին՝ առանց նրանից խոսելու: «Ճամփորդը» գտել է այդ ձևը. մեզ առաջնահերթ չեն հետաքրքրում մարդկանց քաղաքական հայացքները,  առանձին գործիչներ, առանձին քաղաքական կերպարներ, դեպքեր ու դեմքեր: Մեզ հետաքրքրողը հանրային քաղաքականությունն է, որի մեջ տարրալուծված, մարսված ու ձևավորված են քաղաքական տանիքի տակ հանդես եկող ամեն անձ ու իրադարձություն: Այս տրամաբանությամբ ետին պլան են մղվում նույն կարգախոսները տարբեր կերպ արտասանող լիդերները, տարբեր անուններով նույն գաղափարախոսությանը հարող ուժերը, նրանց ծրագրերն ու քայլերը: Մեզ հետաքրքրում են ամբողջական երևույթները. բոլոր այն կարգավորումները, գործիքները, որոնցով իրականացվում է հանրային քաղաքականությունը:

Հանրային քաղաքականությունը հենց հասարակության թելադրած օրակարգն է, որին պիտի ականջալուր լինեն քաղաքական ուժերը, եթե ցանկանում են հաջողել: Մենք պիտի քննարկենք բոլոր այն օրենքներն ու դրանցից բխող քայլերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդկանց վրա:

Ինչ են բերում իրենց հետ օրենսդրական բարեփոխումները, ինչ  տնտեսական հետևանքներ են առաջ գալիս, որ օրենքներն են արժանի հասարակական քննարկման ու հանրային կամարտահայտության կարիք ունեն: Այս հռետորական հարցադրումները  խորքային շերտեր ունեն և մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին բացահայտել դրանք:

Մենք միշտ քննարկման մեջ ենք լինելու, մենք այդ ճանապարհով ենք գնալու ու տեղ հասնելու. դա մեր աշխատաոճն է, մենք ձգտում ենք բազմակարծության: Պետք է շարունակենք խոսել այն ամենի մասին, ինչ կատարվում է մեր շուրջը, ինչն ազդում է մեզ վրա, ինչից մենք ենք շահողն ու տուժողը:

Պիտի քննարկենք, խոսենք, երկխոսությունն այլընտրանք չունի: Հին խոսք կա՝  «ճշմարտությունը ծնվում է բանավեճում»: «Ճամփորդը» այս գործընթացի մի մասը կդառնա՝ այն իրականացնելով առողջ ձևով:  Քաղաքականությունը տարբերվում է հանրային   քաղաքականությունից, որովհետև առաջինը վերաբերում է լիդերներին, դեմքերին, իսկ մենք հասարակության մասին ու համար ենք: Հիմա մեր քաղաքական բանավեճը շատ ցածր մակարդակի է, հաճախ միմյանց  մեղադրելուց այն կողմ՝ սանդղակը չի հասնում ավելի քաղաքակիրթ հարթակի: Մենք բարձրացնում ենք մեզ՝ միայն ուրիշներին նսեմացնելով, ինչն ակնհայտ սխալ է: Իրականում մենք ոչ թե անհատի, այլ գաղափարների, մոտիվացիայի կողմնակից ու  կրող ենք ցանկանում լինել ու այդ մտածելակերպով վարակել նաև դիմացիններին:

Ինչպես խոսել ու գործել հանրային քաղաքականության ասպարեզում՝ խելամիտ ու արդյունավետ ճանապարհով, եկեք փորձենք:

 

Սիրով ձեր՝ Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register