ԿԱՐԵՎՈՐՆ ԱՆԿԱՐԵՎՈՐԻՑ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

minasyan

Հայաստանի կառավարման համակարգը հայտնվել է լուրջ փոփոխությունների շեմին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նրան փոխարինեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ձևավորվեց նոր կառավարություն:  Նորանշանակ վարչապետը  Ազգային ժողովում սեպտեմբերի 14-ին ունեցած իր առաջին ելույթում փաստելով, որ երկրի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում նաև ընդգծեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցում համակարգային փոփոխությունների  անհրաժեշտությունը: Ինչ խոսք, Հայաստանի 14-րդ կառավարության առջև բազում խնդիրներ են ծառացած, որոնցից շատերն անզեն աչքով անգամ նկատելի են: Խնդիրներ, որոնք տարիներ շարունակ այդպես էլ  չեն լուծվում: «Ճամփորդը» զրուցել է փորձառու տնտեսագետների հետ՝ պարզելու համար, թե որոնք են ներկա պահին Հայաստանի նոր կառավարության առջև ծառացած ամենակարևոր ու առաջնահերթ խնդիրները:   

 Գագիկ Մինասյան – ԱԺ պատգամավոր,  Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ – «Կարելի է շատ երկար պատասխանել, թե որոնք են նոր կառավարության տնտեսական առաջնահերթությունները: Սակայն եթե փորձեմ կարճ պատասխանել, կնշեմ ամենագլխավորը՝ տնտեսական աճը»: Գագիկ Մինասյանը երկար տարիներ քաղաքականությամբ է զբաղվում, 15 տարուց ավելի ՀՀ ԱԺ պատգամավոր է, 90-ականների վերջին եղել է վարչապետի օգնական: Գագիկ Մինասյայից փորձեցինք պարզել, թե որ հարցում են իրար փոխարինած բոլոր վարչապետերը ձախողվել: «Հայաստանում յուրաքանչյուր կառավարության դեպքում  եղել է գերկարևոր խնդիր և տարբեր ժամանակներում այն տարբեր է եղել»,- նշեց պատգամավորը:

Թաթուլ Մանասերյան – Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր- «Ծանր հարց է: Խնդիրները շատ են, չկա ոլորտ, որ անելիք չունենանք: Հայաստանի տնտեսական զարգացման ճանապարհային քարտեզը թեև վաղուց է կազմվել, սակայն մենք համառոտ պատկերացում անգամ չունենք մեր ռեսուրսների իրական վիճակի մասին: Խոսքը թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական, թե՛ հանքարդյունաբերական ռեսուրսներին է վերաբերում: Առաջնահերթ պետք է ճանաչենք մեզ, այլապես ցանկացած ծրագիր կարող է ձախողվել: Կադրային քաղաքականության հարցն է շատ կարևոր: Գիտելիքը պետք է պահանջված լինի: Երիտասարդների մի ստվար հատված գիտելիքը ստանում է՝ չիմանալով, թե որտեղ օգտագործել: Սերնդափոխության անհրաժեշտություն է զգացվում: Ծրագրերի ձախողման դեպքում՝ պատասխանատուները պետք է պատժվեն: Բարեկամական, ազգակցական կապերը պետք է կարևորվեն աշխատանքից դուրս միայն: Ներկայիս կառավարությունը պետք է մտահոգվի այս հարցերով: Բավական դժվար է լինելու, բայց ես լավատես եմ: Տեսնում եմ կամք, աշխատասիրություն: Պետք է գիտակցենք, որ ի վերջո սա մեր կառավարությունն է, առանձին մարմին չէ»:

manaseryan

Վարդան Բոստանջյան – Տնտեսագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր- «Անհրաժեշտ է նպաստավոր պայմաններ ստեղծել փոքր և միջին ձեռնարկատերերի լիարյուն գործունեության համար և այն խթանել ուղղակի կամ անուղղակի ձևերով:Հայաստանի ֆինանսական շուկայում պետք է լինեն էժան փողեր՝ վարկի տեսքով: Այժմ դրանք անասելի թանկ են: Վարկ ձեռք բերող տնտեսվարողները արագորեն սննկանում  են՝ դառնալով անվճարունակ: Կարևորագույն նշանակություն ունի ազատ տնտեսական մրցակցությունը, ինչը մեզ մոտ բացակայում է: Ստեղծվել է մենաշնորհային, օլիգոպոլ դաշտ:Միջին և փոքր բիզնեսով զբաղվողները վերանում են, ինչը ցանկացած երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի համար սարսափելի է: Հետևաբար չենք ունենում միջին խավ:Թե՛ տեղի, թե՛ արտերկրյա ներդրումների ցածր մակարդակի խնդիրը Հայաստանում նույնպես կարևոր է: Ֆինանսական ռեսուրսների ու կապիտալի տեղաբաշխման դեպքում ակնկալվում է, որ շուտով լինելու է շահույթ, բայց ներդրումների համար պետք է լինի գրավիչ միջավայր: Ցանկացած ներդրող պետք է վստահ լինի, որ չի հայտնվելու ռիսկային գոտում: Հայաստանի դեպքում  այդ վստահությունը բացակայում է:Նախկին կառավարությունների օրոք մեր տնտեսական խոցելի պահերը այդպես էլ չեն ախտորոշվել, բացի այդ՝ վարչապետը անհրաժեշտ լիազորություններով օժտված չէր :Համակարգն էր այդպիսին: Այնուամենայնիվ այժմ  հանրության շրջանում փոքր-ինչ հավատ կա (առայժմ), որ նոր կառավարությանը կհաջողվի ամրագրել որոշակի հաջողություններ»:

bostanjan

 

  • Ճամփորդը» շարունակելու է ներկայացնել այլ տնտեսագետների դիտարկումները ևս: Դիտարկումների և կառավարությանն արվելիք կառուցողական առաջարկների համար «Ճամփորդի» հարթակը բաց է:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register