ԵՐԲ ԳՐՔԵՐԸ ԿՐՈւՄ ԵՆ

hm1

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ թիթեռնիկասեր ընկերներիցս մեկի համար փողկապ-թիթեռ պատրաստեցի։ Առաջին անգամի համար անսպասելիորեն լավ էր ստացվել։ Ես դեռ 2-րդ կուրսի ուսանող էի»,- ժպտալով նշում է Հռիփսիմե Սմբատյանը՝ «Ձեռագործ խաղաղություն» հենդմեյդ կայք-կազմակերպության էջի ստեղծման սկիզբը հիշելիս: Արդեն երեք տարի է, ինչ նրա թեթև, բայց՝ տաղանդավոր ձեռքերի շնորհիվ մարդիկ սկսել են գրքերը ոչ միայն կարդալ, այլև կրել: Հռիփսիմեն գրքատիպ վզնոցներ է պատրաստում: Բացի դրանից նաև բազմատեսակ «բլոկնոտների», պայուսակների ու այլ զարդերի հեղինակ է: «Ճամփորդի» հետ զրույցում Հռիփսիմեն անդրադարձավ  աշխատանքի մանրամասներին:

 – Սեփական ձեռքերով իրեր ստեղծելը միշտ էլ լավ գաղափար է, բայց լի է իր դժվարություններով: Որո՞նք են եղել քո հաղթահարած պատնեշները:

– Դժվարություններ միշտ էլ եղել են ու դեռ կան, բայց թերևս միայն մեկի մասին կխոսեմ։ Բավականին տհաճ էր բացահայտելը , որ կան մարդիկ, որոնք առանց իրենց հաշիվ տալու անարդար ճանապարհով ուրիշի գաղափարները գողանում ու վերագրում են իրենց։ Կարևոր է հասկանալ, որ սա դասական առևտուր չի ու ոչ էլ կապիտալիստական մրցակցություն։ Ձեռագործ վարպետները սրանով են գումար աշխատում, բայց վաճառքի հանվող աշխատանքերը մինչև վերջնական տեսք ստանալը մի ամբողջ կյանք են ապրում իրենց արարողի ձեռքերում։ Սա շատ նուրբ կետ է ու կարևոր ինձ համար։

-Հենդմեյդը հոբբի՞ է, թե՞ աշխատանք: Հնարավո՞ր է լավ գումար աշխատել, թե՞ ավելի շատ ստեղծագործական, բայց մեծ գումարներ չհետապնդող հաճելի զբաղմունք է:

hm

– Իմ դեպքում ձեռագործությունը միայն հոբբի է։ Բայց սրանով հնարավոր է գումար աշխատել՝ եթե սեփական ստեղծագործական մտածելակերպ ունես, ու իհարկե նաև, ստեղծագործ մատներ։ Ինչպես արդեն նշեցի, կան ձեռագործ վարպետներ, որ այս աշխատանքով են գումար վաստակում։

-Հռիփսիմե, քո հիմնական թիրախը սոցցանցերն են, ստեղծածդ այնտեղ ես ներկայացնում, հնարավորություն ունեցե՞լ ես վիրտուալ աշխարհից դուրս ներկայացնելու քո գործը, ինչպիսի՞ն են եղել արձագանքները:

– Առաջին անգամ ցուցահանդեսի մասնակցեցի 2 տարի առաջ։ Հրաշալի էր։ Այն նուրբ դետալային ապրումները, որն ունենում եմ ամեն անգամ ցուցահանդես-վաճառքներին մասնակցելիս, ոչնչի հետ չարժի փոխել։ Բայց բիզնես տեսանկյունից նախընտրում եմ համացանցը (ոչ միայն սոցցանցերը)։ Ցուցահանդեսներին հիմնականում ներկա են լինում մարդիկ, որոնք կարևորում են ձեռքի աշխատանքը։ Նման մարդկանց լսելը միշտ ոգեշնչում է։

– Եթե ընդհանուր հայացք նետենք, որքանո՞վ է հայաստանյան ձեռագործ իրականությունը ուժեղ կամ թույլ մեր հարևան երկրներից, մեզ մրցակից համարո՞ւմ ես այլ երկրների ձեռագործությամբ զբաղվով շնորհալի մարդկանց, թե՞ ոչ:

– Մենք շնորհալի վարպետներ շատ ունենք։ Այ, մի օր համեցեք մի որևէ ցուցահանդես-վաճառքի ու կհամոզվեք։ Ուղղակի ապշեցնող աշխատաքներ կան։ Երբեմն հանդիպում են էնպիսինները, որ դժվարանում ես հավատալ՝ արդյոք դա մահկանացուի ձեռքերով է պատրաստվել։ Բայց եթե սրան որպես բիզես նայենք, դեռ շատ աշխատելու տեղ  ունենք։ Շատ- շատ։

– Շատ հայտնի են քո գրքատիպ վզնոցները, ոչ պակաս հայտնի են նաև ձեռքերովդ սարքած յուրօրինակ  նոթատետրերը: Հետագայում ցանկություն կա՞ ընդլայնելու էջիդ գործունեությունը, ե՞րբ սպասենք նորությունների:

 – Անչափ ուրախ եմ, որ հենց գրքույկներով ու նոթատետրերով եմ առանձնանում։ Իմ «ես»-ից  ամենաշատը հենց սրանց մեջ կա։ Ընդլայնելու ցանկություն իհարկե կա, բայց, ցավոք, ոչ մոտ ապագայում։ Նորությունների միշտ սպասեք։ Հենց հիմա էլ նոր գաղափարներիս վրա եմ աշխատում։ Քանի որ աշխատանքիս ստեղծագործական մասը միշտ շատ ժամանակ է պահանջում, դրա համար թվում է՝ դադար եմ տվել։ Բայց դա ձեզ միայն թվում է:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register