ՄԵԿ ՕՐ ԿԱՆԱՆՑ ԳԱՂՈՒԹՈՒՄ

img_7569

Աբովյան քաղաքում  է գտնվում անչափահասների և կանանց համար նախատեսված  Հայաստանի միակ պատժավայրը : Քրեակատարողական այդ հիմնարկում  էլ «Ճամփորդ»-ի թիմը հանդիպեց  տնօրինությանն ու դատապարտյալներին:

Մինչ տնօրեն Մանուկ Միքայելյանի հետ զրույցը, հիմնարկի աշխատակիցները մեզ ծանոթացրին իրենց աշխատավայրին: Կանաչապատ, մաքուր, սակայն ցանկապատված  և փշալարերով կարկատած տարածքը զարդարում էին դատապարտյալներից մեկի՝ Անաստասիայի քանդակներն ու  նկարչական աշխատանքները: Տարածքի  մշտական «ուղեկիցն» են նաև դաստիարակչական  բնույթի պաստառները: Քրեակատարողական հիմնարկն ունի դպրոց, մարզասրահ, տարբեր խմբակների սենյակներ և ակումբ, որտեղ դատապարտյալները տարբեր ներկայացումներ են բեմադրում: Այնուամենայնիվ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը հատկապես դատապարտյալների ապրելակերպի առումով՝ տղամարդկանց բանտերի համեմատ էական տարբերություններ ունի: Այստեղ բանտարկյալներն իրենց պատիժը կրում են 20-25 դատապարտյալի տեղավորող մեծ սենյակներում: Հիմնական շենքում չկան ճաղավանդակներ, կանայք ազատորեն շրջում են սենյակից-սենյակ: Միջանցքներում տեղայակված են հիմնարկի հատուկ հեռախոսները, որոնց միջոցով կանայք զանգահարում են հարազատներին:

img_7528

Տնօրենի վստահեցմամբ, շատ են կանայք, որոնք ամենատարբեր, անգամ ամենաչնչին հարցերով դիմում են քրեակատարողական հիմնարկի հետ  գործակցող ՀԿ-ների: ՔՀ-ում պատիժը կրող  170 կանանց  տարիքը տատանվում է 19-70 տարեկանի միջակայքում: Ինչ վերաբերում է անչափահասներին, ապա Մանուկ Միքայելյանի  վստահեցմամբ՝ ոստիկանական համակարգի գրագետ աշխատանքի շնորհիվ՝ ներկա պահին 18 տարեկանից ցածր բանտարկյալների թիվը կտրուկ նվազել է: Արդեն 2 տարի է, ինչ դատապարտյալների մշտական տեղակայման շենքը փակվել է, իսկ ժամանակավոր տեղակայման շենքում գտնվում  է 10 անչափահաս: Լավ վարքով աչքի ընկնելու և ցանկության դեպքում՝ անչափահասները կարող են անգամ մինչև 21 տարեկան  դառնալը պատիժը կրել «Աբովյան» ՔՀ-ում: Հակառակ ցանկության դեպքում 18 տարեկանը լրացած տղաներին ՔՀ-ն ուղարկում է մեծահասակների բանտ:

«Կանանց շրջանում ամենատարածված հանցագործությունը կավատությունն է, ինչին հաջորդում է խարդախությունը: Շատ են նաև թմրանյութերի ներկրման գործով դատապարտվածները»,- նկատում է Մանուկ Միքայելյանը: Տնօրենի դիտարկմամբ՝ ազատ արձակվածների մոտ 30 տոկոսը 3, 20 տոկոսը՝ 7 տարվա ընթացքում  կրկին վերադառնում է բանտ:

Քրեակատարողական հիմնարկը կանանց բանվորական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Աշխատանքային 8 ժամվա համար դատապարտյալները վարձատրվում են նվազագույն աշխատավարձի չափով: Ազատազրկված կանանց շրջանում շատ են պետությանն ու մասնավոր ընկերություններին խոշոր գումարների պարտքեր ունեցողները, որոնց նկատմամբ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը վարույթ է հարուցել: Այնուամենայնիվ, Հայաստանում օրենքը չի նախատեսում, որ բանտում աշխատելու դեպքում աշխատավարձի որոշ չափը փոխանցվի պարտատերերին: Մանուկ Միքայելյանը նշում է, որ դատապարտյալները կանոնավոր սնվում են հիմնարկի ճաշարանում: Հենց կանայք են որոշում, թե ով է աշխատելու խոհանոցում: Հետևաբար վստահում են նրան և ուտելիքի հարցում խնդիր չի լինում: Մանուկ Միքայելյանը ընդգծում է, որ քրեակատարողական հիմնարկում տեսակցությունների առումով Հայաստանը բացառիկ պայմաններ է ընձեռում բանտարկյալներին: Ամսվա ընթացքում լինում է մեկ կարճատև, իսկ երկու ամիսը մեկ՝ երկարատև տեսակցության հնարավորություն: Հենց վերջինս է իր տեսակով յուրօրինակ, քանի որ դատապարտյալը հնարավորություն է ստանում ՔՀ-ի  մնացած բանտարկյալներից  առանձնացված տարածում 3 օր անցկացնել երեխաների կամ հարազատների հետ: Շատ կանանց համար հենց երկարատև տեսակցության տարբերակն  է հնարավորություն տալիս կարոտն առնել զավակներից: Մեր այցելության պահին տնօրենի մոտ էր գտնվում Հայաստանում Հոլանդիայի դեսպանը: Պարզվում է, որ «Աբովյան» ՔՀ-ում պատիժն է կրում Հոլանդիայի քաղաքացի , ազգությամբ հայ մի կին, որին էլ այցելության էր եկել դեսպանը: Դեսպանին հետաքրքրել էր, թե ինչ պայմաններում է պատիժը կրում իր երկրի հպատակը: Կանանց գաղութում գրեթե միշտ էլ եղել են և այժմ էլ կան օտարազգի բանտարկյալներ: Ներկա պահին  ազատազրկման վայրում պատիժն են կրում  Վրաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Պերուի քաղաքացիներ, որոնք հիմնականում թմրանյութերի տեղափոխման գործով են դատապարտվել: Բանակցությունների դրական ավարտի դեպքում՝  բանտարկյալները տեղափոխվում են իրենց հայրենիք: Վերջերս Իրան է տեղափոխվել թմրանյութերի գործով դատապարտված կանանցից մեկը:

img_7542

«Ճամփորդի» թիմը տեսակցությունների սենյակում հանդիպեց երկու դատապարտյալի: Նրանք տրամագծորեն տարբեր ուղիներ են անցել: 33-ամյա Լիանան(անունը փոխված է,-խմբ.), դատապարտվել է մի քանի անգամ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Վրաստանում: 45-ամյա Նարինեն առաջին անգամ է գտնվում անազատության մեջ: Լիանան գողության պատճառով է հայտնվել բանտում: Միայնակ մայր է, ամուսինը մահացել է: Ունի 2 զավակ՝ աղջիկ և տղա: Արդեն 1,5 տարի բանտում է, 1 տարուց ազատ կարձակվի: Բանտում ազատ ժամանակ կտորից ձեռքի աշխատանքներ է պատրաստում: Ազատության մեջ Լիանայի համար դժվար է եղել աշխատանք գտնելը: Դժվար է եղել, քանի որ փաստաթղթերում նշված է եղել, որ նա նախկին բանտարկյալ է: Ստացվում է փակ շրջան:

«Անցկացրածս տարիների արդյունքում ավելի հասուն, ավելի զգույշ ու հաշվենկատ եմ դարձել: Բանտի ներսում բոլորս կին ենք, գրեթե բոլորը հայ են: Ունենք տատիկներ: Ինչ խոսք, լինում են առօրյա խնդիրներ: Կուզեի, որ այստեղ աշխատանքն ավելի շատ լիներ, ինչպես նաև հանձնաժողովը իրապես գործեր, ավելի մեղմ վերաբերվեր: Ինքս շատ եմ դատապարտվել, այդ պատճառով հույս չունեմ, որ վաղաժամ կազատվեմ, բայց կան կանայք, որ առաջին անգամ են բանտում և օրինակելի վարքով են աչքի ընկնում: Դրսում գտնվողներին խորհուրդ կտայի գնահատել ազատությունը: Այստեղ արթնանալով հասկանում ես, որ 4 պատ տեսնելուց բացի՝ հարազատներին հանդիպելու,նրանց հետ շփվելու հնարավորություն չունես: Խորհուրդ կտայի՝ թեկուզ ապրեն դժվար պայմաններում, բայց լինեն ազատ»:

Նարինեն Աբովյան քաղաքից է: Ունի հասուն երեխաներ: Դատվել է խարդախության հոդվածով: Արդեն 2 տարուց ավել բանտում է, մնացել է 1 տարի, 6 ամիս: Ազատ ժամանակ հիմնականում գրքեր է կարդում: Նարինեն հույս ունի, որ վաղաժամկետ կազատվի քրեակատարողական հիմնարկից: Մտադիր է աշխատանք գտնել և զերծ մնալ անօրինական քայլերից: «Մինչ այժմ չեմ հարմարվել բանտին: Ժամանակ էր անհրաժեշտ, որ դատապարտյալները ճանաչեին ինձ: Մոտ մեկ տարի պահանջվեց: Այստեղ պայմանները լավ են, գոհ եմ: Վերանորոգել են շենքը: Մաքրությունը, հիգիենան բարձր մակարդակի են, ինչի շնորհիվ էլ պահպանվում է կարգուկանոնը: Ինչ կասեմ ազատության մեջ գտնվողներին: Շատերը մատների արանքով են նայում կյանքին, բայց կյանքը ակնթարթորեն փոխվում է, չսպասված իրադարձություններ են տեղի ունենում: Երբ հայտնվում ես այստեղ՝ ուրիշ ձև ես սկսում ընկալել կյանքը, ավելի լրջանում ես»:

img_7571

Տնօրենի խորհրդով՝ լայնածավալ զրույց չենք ունենում անչափահասների հետ: Նրա դիտարկմամբ՝ անչափահասների հետ  ավելի բարդ է, քանի որ նրանք հոգեբանորեն հաճախ լիովին կայացած չեն, և նույնիսկ մեկ անզգույշ խոսքը կարող է մեծ ազդեցություն թողնել նրանց վրա: Անչափահասները հատկապես սրտնեղում են հարազատների պատճառով, երբ վերջիններս չեն այցելում նրանց: Մենք շատ կարճ զրուցեցինք Կարապետի և Սեդրակի հետ: 17-ամյա Կարապետը հույս ունի, որառաջիկայում վաղաժամկետ ազատ կարձակվի, իսկ Սեդրակը դեռ չէր ստացել իր պատժաչափը: Երկուսն էլ են գողության պատճառով են հայտնվել քրեակատարողական հիմնարկում: Պատրաստվում էին ազատ արձակվելուց հետո աշխատել ավտոտեխսպասարկման ոլորտում:

 

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register