ԳՐԻԳՈՐ ՋԱԲՈԹՅԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՔԱՅԱԴՈւՍՏՐԵՐԸ

3

Նա երիտասարդ է, հմայիչ, տաղանդավոր և պահնաջված: Նորաձևության աշխարհում նա համարվում է հարսանեկան զգեստների անթագակիր արքա: Լիբանանում ծնված հայազգի դիզայներ Գրիգոր Ջաբոթյանի ստեղծած երեկոյան և հարսանեկան զգեստները գնահատվում են 18.000-100.000 ԱՄՆ դոլար: Դրանց բացառիկության գաղտնիքը նրանում է, որ իր աշխատանքներում Ջաբոթյանն օգտագործում է անկրկնելի հայկական զարդանախշեր, տառեր, տարազի էլեմենտներ: Իր հավաքածուներից մեկը նա անվանեց «Ախթամար»՝ ի պատիվ նշանավոր հայկական լեգենդի: Հավաքածուն ֆանտաստիկ հաջողություն ունեցավ և ամբողջությամբ վաճառվեց ներկայացման հենց առաջին օրը: Քննադատների կարծիքով՝ պոդիումով քայլում էին յուրօրինակ հայկական արքայադուստրեր: Գրիգորը հիշում է, որ մանուկ ժամանակ տատիկը հաճախ էր պատմում գեղցկուհու և նրա դժբախտ սիրո մասին, քանի որ դա իր սիրելի լեգենդներից մեկն էր: Այդ պատճառով հասուն տարիքում նա որոշեց ստեղծել «Ախթամար» հավաքածուն՝ իբրև հարգանքի տուրք մանկական հիշողությունների և սեփական պատմական անցյալի:

1

23 տարեկանում իր նորաձևության տունն ունեցող Ջաբոթյանն աշխարհին հայտնի դարձավ 2008թ-ին, երբ նրա առաջին հավաքածուն ցուցադրվեց Դուբայի նորաձևության շաբաթում: Արժանանալով քննադատների և նորաձեւության մասնագետների համակրանքին՝ Ջաբոթյանը ճանաչվեց ամենաերիտասարդ դիզայները Մերձավոր Արևելքում:

30-ամյա դիզայների նախնիներն Արևմտյան Հայաստանից Լիբանան են տեղափոխվել Մեծ եղեռնի տարիներին՝ փրկվելով թուրքական սպանդից: Լիբանանում այժմ ապրում է Ջաբոթյանների 3-րդ սերունդը: Գրիգորն, ինչպես և ընտանիքի մյուս անդամները, դեռ մանկուց հետաքրքրված էր արվեստով: Նրա ճաշակի ձևավորման հարցումն մեծ ազդեցություն է ունենում ոսկերիչ-դիզայներ հայրը:

2

«Ինձ համար դիզայնն ամեն ինչ է: Ես փոքրուց սիրում էի հետեւել՝ ինչպես է հայրս աշխատում իր արվեստանոցում: Նրա էսքիզներից ես «գողանում էի» ոգեշնչումն ու իմ զգեստների մեջ դրան նոր կյանք տալիս»,- ասում է Գրիգորը:

18 տարեկանում Ջաբոթյանը յուրացնում է դիզայնի և արվեստի նրբությունները, ապա աշխատանքի անցնում աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբի մոտ: Հենց այդ ժամանակ էլ Գրիգորի մտքով անցնում է ստեղծել սեփական բրենդը:

2005թ-ին նա ընկերոջ հետ ստեղծում է իր նորաձեւության տունը, որը, սակայն, հաջողություն չի ունենում: Չնայած օրական 22 ժամ աշխատանքին՝ երիտասարդները պարզապես ժամանակ և միջոցներ չեն ունենում ստեղծելու անհրաժեշտ հավաքածուն:

3

«Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի և շուտ բռնկվող, ցանկացած անհաջողություն ես ընդունում էի որպես պարտություն: Հիմա եմ հասկանում, որ շատ հարցերում ես ճիշտ չէի»,- ասում է դիզայները:

Ընկերոջ հետ վիճելուց հետո Գրիգորը մնում է ձեռնունայն: Նորաձևության աշխարհ վերադառնալու համար նրան հսկայական միջոցներ էին պետք: Այդ հարցում նրան օգնում է հայրը:

«Հորս ոսկերչական բիզնեսը մեծ ճանաչում ուներ Բեյրութում: Նրա և մեր հարազատների շնորհիվ մենք ստեղծեցինք զգեստներ՝ զարդարված թանկարժեք քարերով»,- ասում է Ջաբոթյանը:

Սկզբնական շրջանում ասեղնագործությանը մեծ կարևորություն չտվող դիզայները ժամանակի ընթացքում հասկանում է՝ ասեղնագործության և թանկարժեք քարերի համադրման շնորհիվ հնարավոր է շատ ավելի գեղեցիկ զգեստներ ստանալ: Նրա հաճախորդների թվում են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Հորդանանի արքայադուստր Ռանիան, Քեմբրիջի հերցոգուհի Քեթրին Միդլթոնը, հոլիվուդյան բազմաթիվ աստղեր:

4

«Մենք ստեղծում ենք զգեստներ, որոնք չեն կրկնվում: Դա, իհարկե, ավելի շատ ժամանակ և ջանք է պահանջում, քանի որ մեր ոչ բոլոր հաճախորդներն ունեն մոդելային կառուցվածք: Բայց մեր նորաձևության տունը հենց դրա համար է ստեղծված, որ ընդգծի առավելությունները և թաքցնի թերությունները»,- ասում է նա:

Այժմ Գրիգորը տարեկան 2 հավաքածու է ստեղծում, յուրաքանչյուրը՝ 10-15 զգեստով: Հիմնականում սպիտակի և դրա երանգներով աշխատող դիզայները երբեմն զարմացնում է՝ ստեղծելով վառ գույնի զգեստներ: Դրանցից մեկը 2014թ-ին ստեղծված «Ախթամար» հավաքածուն է:

«Երբեք չկա մեկ ոգեշնչում կամ մուսա: Երբեք չկա մեկ գույն և մեկ ձև: Դա միշտ նոր՝ տարբերվող ոգեշնչում է, որն սկսվում է ինչ-որ տեղ և ավարտվում՝ ինձ հասցնելով այնտեղ, որտեղ ես երբևէ չեմ եղել»,- ասում է դիզայները:

 

Տաթևիկ Սարգսյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register