ՄԱՆԵ  ԹԱՆԴԻԼՅԱՆ. «ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ՀԱՍԱՆԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ»

mane

 Խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված,  ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ զրույցը՝  նոր խորհրդարանում կանանց ներկայացվածության և առաջիկա ծրագրերի ու  հիմնական անելիքների մասին է:

– Ընտրությունների այսպիսի ելքը Ձեզ համար որքանո՞վ էր կանխատեսելի՝ կապված հատկապես  խորհրդարան անցած ուժերի միջև ձայների բաշխման հետ: Ինչո՞վ էր պայմանվորված նման արդյունքը:– Ամբողջ քարոզարշավի ընթացքում բոլորը զբաղված էին կանխատեսումներով: Մինչդեռ նույն այդ ընթացքում «ԵԼՔ»-ը զբաղված է եղել աշխատանքով, ամեն օր, ամեն ժամ ու րոպե ավելացրել ենք մեր համակիրների թիվը: Դրան մենք հասել ենք  ամենասուղ ռեսուրսների պայմաններում:  Ավելին կլինեի՞ն արդյունքները, եթե համատարած վարչական լծակներ և ընտրակաշառք չօգտագործվեր: Անշուշտ: Սակայն կարևոր է արձանագրել, որ մարդիկ, անկախ  դրդապատճառներից, փաստացի քվեն տվել են ՀՀԿ-ին, ու մինչև մենք իրականության աչքերի մեջ չնայենք, մենք իրավիճակն անկարող կլինենք փոխել: Իսկ մենք եկել ենք փոխելու: Ակնհայտ է նաև, որ շատ գործ կա անելու …

– Ի՞նչ հիմնական ուղղություններով է լինելու Ձեր  գործունեությունը ԱԺ-ում:– Իմ ուշադրության կենտրոնում են լինելու պարտադիր կուտակայինի չեղարկումը, հասանելի բարձրագույն կրթության հնարավորության ստեղծումը, զինվորների առաջին անհրաժեշտության պարագաների ապահովությունը: Ես նաև հարկային համակարգը վերափոխելու և հարկային գործակալի ինստիտուտից հրաժարվելու լոբբինգ եմ անելու Եվ, ամենակարևորը, լինելու եմ հասարակության ձայնը ԱԺ-ում:

– Շատ պատգամավորներ մեր երկրում կարծես կտրված են հասարակությունից: Ի՞նչ նոր մշակույթ կբերի այս առումով «Ելք»-ը:– Քարոզարշավի ամբողջ ընթացքում ես քաղաքացիներին ասել եմ, որ լինելու եմ հասանելի պատգամավոր, և ընտրվելու պարագայում գործելու են կապի բոլոր միջոցներ: Ու ոչ թե որովհետև ես այդքան «լավն» եմ, այլ որովհետև ինձ անհրաժեշտ է անընդհատ կապի մեջ լինել քաղաքացիների հետ, պահել Հետադարձ կապ իրենց հետ, որպեսզի շարունակաբար հաղորդակից լինեմ խնդիրներին, բարձրաձայնեմ դրանք, և հենց մեր քաղաքացիների միջոցով էլ միասին հասնենք լուծումների: Առանց քաղաքացիների մասնակցության որևէ բանի հասնելը շատ ավելի դժվար է, իսկ մենք եկել ենք փոփոխություն բերելու: Փոփոխություն իրականացնողները պետք է լինեն քաղաքացիները, դա պետք է լինի նրանց ուղղակի ցանկությամբ և մասնակցությամբ, իսկ ես պատրաստ եմ լինել նրանց կողքին յուրաքանչյուր հարցում:

– Ինչպե՞ ս եք գնահատում կանանց ներկայացվածությունը (քանակական ու որակական առումով) նոր խորհրդարանում:– Մեկ բառով՝ անբավարար, գոնե քանակի առումով: Ինչ վերաբերում է որակին, ապա դա հարաբերական չափանիշ է: Օբեկտիվ լինելու համար պետք է նախ և առաջ սահմանել, թե որն է համարվում որակ: Ինչևէ, իմ առաքելություններից մեկն էլ համարում եմ կին քաղաքական գործիչների նոր որակական նշաձող սահմանելը՝ բովանդակային, պատասխանատու, հաշվետու, ակտիվ, արդիական և հետևողական գործիչ, ով ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ընտրված պատգամավոր լինելու պատվին:

– Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել քաղաքացիական ու  քաղաքական գործընթացներում  կանանց  ներգրավելու համար:– Իմ քաղաքացիական և քաղաքական պատմությունը նրանց համար կդառնա ոգեշնչման աղբյուր, իսկ նրանց հետ իմ ակտիվ աշխատանքը՝ հանդիպումներ, քննարկումներ, համատեղ ծրագրեր, կդառնան նրանց ներգրավվման համար իրական հնարավորությունների պլատֆորմ:

– Ինչո՞վ են նման ու տարբեր Մանե Թանդիլյան մարդը, ընտանիքի մայրն ու պատգամավորը:– Եթե հարցն ուղղված լիներ երրորդ մարդու, ով ճանաչեր ինձ որպես մայր, մարդ և պատգամավոր ու արտահայտվեր այս կապակցությամբ, ենթադրում եմ, որ կլիներ կարծիք, թե շատ տարբեր եմ: Իրականում, ես միշտ նույնն եմ, ուղղակի ոլորտներն են տարբեր, հետևաբար, տարբեր հատկանիշներ են դրսևորվում: Իսկ ես միշտ նույնն եմ՝ պատասխանատու, հետևողական, հեռատես, ջանասեր, նվիրված, արդարամիտ, պահանջկոտ…

– Ինչ ուղերձ ունի  Ձեր խորհուրդը՝ կանանց ու տղամարդկանց:-Հարգանքով վերաբերվեք մեկմեկու՝ չթերագնահատելով որևէ մեկի դերն ու նշանակությունը, և միայն այդ կերպ մենք կունենանք լիարժեք և երջանիկ մարդկանց պետություն, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ…

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register