ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ ՀԱՐՑԱԶՐՈւՅՑԸ

IMG_6858

Լևոն Արոնյան. «Շախմատն իմ վանքն է»

«Ճամփորդը» ներկայացնում է Հանրային ռադիոյի եթերում Մարկ Գրիգորյանի և Լևոն Արոնյանի զրույցի ուշագրավ հատվածները: Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ` այստեղ:

IMG_6844

– Բարձր մակարդակի շախմատային խաղն իր հետ սարսափելի լարվածություն է բերում: Ինչպե՞ս եք հաղթահարում այդ լարվածությունը:

– Շատ հետաքրքիր հարց է: Եթե կարողանայի հաղթահարել, երևի թե սխալներ չէի անի (ծիծաղում է,-խմբ.): Այդ իսկ պատճառով էլ շատ խաղացողներ տարբեր մեթոդներ են կիրառում: Ես հասկացել եմ իմ էությունը. ֆիզիկապես լավ վիճակում՝ ես լարվածությունն ավելի հեշտ եմ հաղթահարում: Ինձ համար շատ կարևոր է մարզավիճակը, ամեն օր փորձում եմ մարզվել:

– Այսինքն, այդ լարվածությանը դիմադրելու, դիմակայելու կամ լարվածության աստիճանը նվազեցնելու համար Դուք փորձում եք լինել ֆիզիկական լավ մարզավիճակո՞ւմ, ինչը,ինչպես հասկացա՝ շախմատային մարզավիճակից պակաս կարևոր չէ:

– Քանի որ այս պահին մեծ փորձ ու գիտելիք ունեմ ու շախմատային շատ սկզբնախաղեր եմ խաղացել, որոնք կարող եմ նորից հանել իմ «պահեստարանից», ինձ համար կարևոր է, որ բացի շախմատից ուժեր ունենամ: Կարելի է ասել, որ ստացվում է, քանի որ փետրվարից՝ ամեն օր պարապում եմ:

IMG_6847

 -Հասկանում եմ, որ Դուք պետք է «սիրահարված» լինեք այդ լարվածությանը: Դժվա՞ր է ապրել առանց այդ լարվածության, կյանքը կորցնո՞ւմ է իր իմաստը:

– Լարվածության հետ էլ է դժվար, առանց լարվածության էլ(ծիծաղում է,-խմբ.): Միշտ հետաքրքիր է՝ կկարողանա՞ս հաղթահարել լարվածությունը, թե՝ ոչ: Միշտ ունենում ենք շրջան, երբ ամեն ինչ ստացվում է, որոշ ժամանակ անց՝ ոչ մի բան չի ստացվում(ժպտում է,-խմբ.): Բարձրակարգ շախմատիստը, մարզիկը պետք է կարողանա փոխվել, քանի որ հակառակորդները հասկանում են՝ ինչ ես փորձում անել և դրա վրա նրանք աշխատում են: Միշտ պետք է կատարելագործես խաղդ:

 – Լարվածության տեսակետից կուզենայի ևս մեկ հարց տալ, որը, համոզված եմ, հետաքրքրում է բազմաթիվ շախմատասերների: Դուք խաղում եք նաև ադրբեջանցի շախմատիստների հետ: Նման դեպքերում  լրացուցիչ լարվածություն զգո՞ւմ եք:

– Իմ շախմատային ճանապարհի սկզբնամասում ադրբեջանցի շախմատիստների հետ խաղը երևի թե բերում էր լրացուցիչ լարվածության, բայց այս պահին լարվածություն չեմ զգում, փորձում եմ հաղթահարել: Երբ շատ ես մտածում, որ անպայման պետք է լավ խաղաս, հաճախ հակառակն է ստացվում:

– Իսկ նույն լարվածությունն իրենք իրենց վրա չե՞ն զգում:

– Ժամանակին կար: Մի պատմություն կպատմեմ, բայց անուններ չեմ տա: 2003, թե 2004 թվականին Եվրոպայի առաջնությունում էի խաղում, և գիշերը մեկ անց կես ինձ զանգահարեց ադրբեջանցի խաղացողներից մեկի հայրը: Նա խնդրեց, որ հաջորդ օրը իմ և իր որդու միջև կայանալիք խաղն ավարտվի ոչ-ոքի, քանի որ նրանց համար դա կարևոր էր: Ես մերժեցի խնդրանքը, քանի որ չեմ սիրում այդպիսի բաներ: Հաջորդ օրը պարտիան շատ վատ գնաց ինձ համար, պարտության եզրին էի, բայց արդյունքում ոչ-ոքի գրանցվեց (ծիծաղում է,-խմբ.):

IMG_6863

– Հարցազրույցներից մեկում ասել եք. «Երբ խաղում ես նորմալ մարդու, նորմալ շախմատիստի հետ, ապա խաղի ընթացքում նորմալ հարաբերություններ են ձևավորվում: Բայց եթե հակառակորդը փորձում է քեզ հունից հանել, իրեն դրսևորում է ոչ մարզական ձևով, բնականաբար դա իր հետ բերում է «ուղեբեռ», որն էլ իրեն զգացնել է տալիս»: Ինչիպի՞սի հնարքներ են օգտագործել Ձեր դեմ:

– Շատ է եղել: Իսրայելից մի շախմատիստ կա (ոչ առաջատարներից), խաղի ժամանակ թեյ էր խմում և թեյի փաթեթը հանելուց մատներով սեղմում էր, որից հետո քայլ էր անում (ծիծաղում է, –խմբ.): Պարտիայի ժամանակ ինձ մոտեցավ Ալեքսանդր Գրիշչուկը, ում հետ մոտ եմ, և ասաց. «Լևոն, խաղը հավանաբար հաղթելու ես, բայց կարո՞ղ ես մի ձև գտնել և ձեռքը չսեղմել»: Լինում են տարբեր բաներ: Նույնիսկ առաջատար խաղացողների հետ խաղերում եղել է, երբ փորձել են կատարած քայլը հետ վերցնել: Օրինակ՝ Նակամուրան, Կարլսենը: Երկու դեպքում էլ մրցավարին կանչել եմ: Նրանք շարունակում էին հերքել, բայց մրցավարները հաստատեցին իմ ասածը: Նրանք էլ գիտեին, որ նկարահանող սարքեր կան, և ի վերջո խոստովանեցին: Շախմատը շատ արդար խաղ է: Կապ չունի` շուրջբոլորն ինչ է կատարվում, եթե ուժեղ ես՝ կհաղթես: Տեսեք, թե ուրիշ մարզաձևերում որքան մեծ է դատավորի դերը: Շախմատում ռեյտինգն ամենաօբյեկտիվ բանն է, եթե դու լավ ես խաղում, քո ռեյտինգը բարձր է, եթե այդ պահին վատ ես խաղում, հետևաբար ռեյտինգը ցածր է, ինչը շատ դրական է:

– Շախմատը և կոնֆլիկտը: Ձեզ համար շախմատը` խաղը, պարտիան՝ կոնֆլի՞կտ է, թե՞ ոչ:

– Անպայման: Ամեն քայլով խոսում ես հակառակորդիդ հետ: Սկզբից փորձում ես գրավել կենտրոնը, հետո զարգացնել քո խաղաքարերը և դիմացինի խաղի զարգացման մեջ սխալը գտնել: Միաժամանակ  ինքն էլ փորձում է քեզ բացատրել, որ` «չէ, սա սխալ չէր, ես այսպես եմ արել, որ գաս, այս թույլ զինվորը վերցնես, ես էլ այդտեղ քեզ խաբեմ»: Այնպես որ` պարտիան մշտապես մի հանելուկ է, զրույց, որն իր մեջ միշտ էլ կոնֆլիկտ է պարունակում:

– Վերադառնալով Ձեր նախորդ հարցազրույցներին, կարդամ մի հատված. «Մինչև հասարակական կարծիքի կամ անցյալի շախմատիստներից որևէ մեկի հետ, նրանց հասկացությունների հետ կոնֆլիկտի մեջ չմտնես, մեծ շախմատիստ չես կարող դառնալ»: Հասարակական կարծիքի հետ Ձեր կոնֆլիկտը ո՞րն է:

– Երբ ես գրոսմայստեր դարձա, արդեն 19 տարեկան էի: Ինձ շատերն ասացին` «Դե, եթե դեռևս 50 կամ 100 լավագույն շախմատիստների ցանկում չես, մինչև 20 տարեկան չես հասնի, արդեն այդքան հնարավորություններ չես ունենա»: Ես նրանց ապացուցեցի, որ տարիքն այդքան մեծ կապ չունի:

– Իսկ անցյալի շախմատիստներից ո՞ւմ հետ է Ձեր ամենամեծ կոնֆլիկտը:

– Երևի թե Պետրոսյանի: Նա բոլորիս շատ հարազատ է, փոքրուց  փորձում ես խաղալ Պետրոսյանի նման և միշտ մտնում ես կոնֆլիկտի մեջ, քանի որ իր խաղը հասկանալը շատ բարդ է և իր խաղը ներկայում հեշտ է քննադատելը, որովհետև տեմպային չէ, «ադաջիո» է:

– Բայց «ադաջիոյի» հետ մեկտեղ, ճնշող էր: Բալանսը պահելով` անընդհատ փորձում էր ճնշել հակառակորդին:

– Պարզապես այս պահին՝ հակառակորդները շատ քիչ են թողնում դա: Ներկայիս սկզբնախաղերից էլ է կախված: Որոշ դեպքերում 15 քայլ ես անում, մնում են երկու նավակ, ձի և փիղ… արդեն վերջնախաղ ես խաղում:

– Երբ ծանոթանում էի Ձեր պարտիաների վերլուծությանը, փորձագետները որոշ դեպքերում նշում էին` «ահա, այստեղ Արոնյանը սխալվեց, պետք էր այլ քայլ անել», բայց միևնույնն է` այդ պարտիաներում Դուք հաղթել եք: Խաղի ընթացքում լինո՞ւմ է, որ գիտեիք` ահա, գուցե այս քայլով ավելի արագ կհասնեիք հաղթանակի, բայց Դուք աշխատում եք Ձեր հակառակորդի հոգեբանության վրա: Լինո՞ւմ է, որ խաղում եք Ձեր հակառակորդի հետ, ինչպես կատուն` մկան հետ:

– Ոչ, ես երբեք չեմ սիրել այդ խաղաոճը: Շատ խաղացողներ սիրում են նման ձևով գործել, որ հակառակորդը հույսեր ունենա, բայց ես միշտ էլ կարծել եմ, որ մենք պետք է «գայլերի» պես լինենք: Երբ հակառակորդը թույլ է, իրեն պետք է անպայման «ուտես» ու որքան հնարավոր է՝ արագ:

IMG_6876

– Իսկ եթե «գայլը»  Ձեր հակառակո՞րդն է:

– Ա՜հ (հոգոց է հանում, – խմբ.), դա դժվար պահ է: Փորձում ենք գայլերի հետ չհանդիպել (ծիծաղում է,- խմբ.):

-Հարցազրույցից մի քանի օր առաջ մենք ֆեյսբուքում առաջարկեցինք հարցեր ուղղել Ձեզ: Օլեսյա  Վարդանյանը Թբիլիսիից հարցնում է. Վլադիմիր Նաբոկովի «Լուժինի պաշտպանությունը» վեպում՝ հերոսը պարտությունից հետո ծանր հիվանդություն է տանում: Նա չէր հիշում քաղաքները, որտեղ եղել է, որովհետև նրա բոլոր ճանապարհորդությունները կապված են եղել շախմատի հետ: Դա իրո՞ք այդպես է: Երևի դժվա՞ր է բացատրվել, այսպես ասած` արտաշախմատային աշխարհի հետ:

– Այդպիսի շախմատիստներ կան, բայց ես այդպիսին չեմ: Ես շախմատի ֆանատ դարձել եմ արդեն բավական լուրջ տարիքում` 26-27 տարեկանում: Հաճույք էի ստանում, շատ էի սիրում շախմատը, բայց այդ մտքով չէի ապրում: Այդ տարիքում շախմատն ասես դարձավ իմ վանքը:

 – Լուսինե Գրիգորյանը Ստոկհոլմից հարցնում է. ինչո՞ւ տղամարդկանց շախմատային առաջնություններին կանայք չեն մասնակցում:

– Այդ թեմայի մասին ես շատ եմ խոսել: Իմ կարծիքով` կանայք կարող են և պետք է խաղան տղամարդկանց հետ, բայց դա պետք է սկսվի ամենափոքր տարիքից: Շատ երկրներում դա իրականացնելը դժվար է: Մեզ մոտ էլ դեռևս պահպանվում է այս ընկալումը. «Դե, աղջիկ է, ոչինչ, անպայման չէ, որ հաջողության հասնի, ինքը պետք է ընտանիքի մայր լինի, դա ավելի կարևոր է»: Իսկ շախմատում այդպիսի հաջողակ մայրեր քիչ կան:

Հարցազրույցի վերջում Մարկ Գրիգորյանը միացնում է 1963 թվականին՝ շախմատի աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հանրային ռադիոյի եթերից  մեր հայրենակիցներին ուղղված Տիգրան Պետրոսյանի ուղերձի  ձայնագրությունը,որում ասվում է.

«Թանկագին հայրենակիցներ, շատ դժվար է ինձ համար այս րոպեին ասել, թե ինչքան երջանիկ եմ, որ կարողացա նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը շախմատի գծով: Դժվար է ինձ համար գտնել խոսքեր, որոնցով ես կարող եմ հայտնել իմ շնորհակալությունը իմ հայրենակիցներին, որոնք երկու ամսվա ընթացքում աջակցում էին ինձ այդ դժվար պայքարում: Ես հաշվում եմ, որ իմ հաղթանակը, մեր` բոլորիս հաղթանակն է: Եթե չլիներ ձեր աջակցությունը, ձեր օգնությունը, ես, իհարկե, չէի կարողանա հասնել այդ հաղթանակին»:

Մարկ Գրիգորյանը հույս է հայտնում, որ շատ շուտով Արոնյանը նույնպես նման բովանդակությամբ ճառով հանդես կգա հանրային ռադիոյի եթերից:

Լուսանկարները և տեքստը՝ Գարևգին Ալեքսանյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register