ՏԻՄ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՄ  ԴՈՒՔ  ԵՔ  ՁԵՐ ԵՐՋԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՐԲԻՆԸ

66

Մայիսի 14-ին Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են: Հասկանալու համար, թե որքանով կարևոր են այդ ընտրությունները հանրության համար, փորձենք ծանոթանալ ավագանու հիմնական գործառույթներին:

Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները Երևանի ավագանին և  Երևանի քաղաքապետն են: Երևանի ավագանին ունի 65 անդամ: Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ»:

Սա նշանակում է, որ մայիսի 14-ին գնալով ընտրության, քաղաքացին պիտի ընտրի ավագանու անդամի, հենց որին էլ վերապահված է վերահսկելու Երևանի  քաղաքապետի աշխատանքը: Հստակ վերահսկողություն իրականացնող և սրտացավ ավագանի ունենալու դեպքում մեր քաղաքում կնվազեն ապօրինի ծառահատումները, կկարգավորվի քաղաքային տրանսպորտի աշխատանքը, քաղաքը կձերբազատվի անճաշակ գովազդային ատրիբուտներից, ամռանն աղբի, ձմռանն էլ՝ ձյան կուտակումներից:  Կատարելով ճիշտ ընտրություն, դուք Ձեր ձայնով կնպաստեք քաղաքի զարգացմանը:

Քաղաքապետին ընտրում կամ նրան անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշում է ընդունում Երևանի ավագանին:

Այսինքն, ստանալով Ձեր ձայնը՝ ավագանու ընտրված 65 անդամները հետագայում ձայների մեծամասնությամբ ընտրում են քաղաքապետին:

Ավագանին սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ:

Այսօր դուք ավագանի եք ընտրում, իսկ վաղն արդեն նա  է որոշում, թե որքան հարկ եք դուք վճարելու  այս կամ այն ծառայության դիմաց:

Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի վերաբերյալ Ավագանին  է որոշում ընդունում:

Ավագանու գործունեությունից  և նրա որոշումներից է կախված, թե ինչպես կզարգանան մեր քաղաքի տարբեր վարչական շրջանները: Ամեն ինչ կենտրոնացված կլինի Կենտրոնո՞ւմ, ինչպես հիմա է, թե՞ բարեկարգ խաղահրապարակներ, մանկական կարուսելներով հագեցած այգիներ կստեղծվեն նաև քաղաքի ծայրամասերում, տնտեսության, տուրիզմի զարգացման ուղղությամբ ինչ ծրագրեր կմշակվեն… Եվ այլն:

Երևանի բյուջեի, դրա փոփոխությունների վերաբերյալ որոշում է ընդունում Ավագանին:

Երևանի բյուջեն ձևավորվում է իմ ու ձեր վճարած հարկերից: Այդ գումարները արդյունավետ և նպատակային կծախսվեն թե ոչ, դրանից մեր կյանքի որակը կբարելավվի, թե ոչ՝ կորոշի մեր ընտրած Ավագանին:

Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ  նույնպես որոշում ընդունողը Ավագանին է:

Ինչ կլինի մեր բակի, քաղաքային զբոսայգիների ծառերի հետ, դրանցից որոնք կհատվեն՝  այս կամ այն օբյեկտի կառուցման համար, որ տարածքներում նոր ծառեր կտնկվեն՝ դարձյալ կորոշի Ավագանին: Թթվածինը բավարար կլինի մեր քաղաքում, թե մաքուր օդ շնչելու համար ստիպված կլինենք դուրս գալ քաղաքից, կկարողանանք մի կտոր կանաչ գտնել՝ ընտանեկան հանգիստը կազմակերպելու համար, տարիներ անց կլինի այն ծառը, որի մոտ հյուսվել են առաջին սիրուդ պատմությունները… կորոշի Ավագանին:

Վերը նշվածներից բացի, Ավագանին այլ որոշումներ ևս կարող է կայացնել, որոնք պակաս կարևոր չեն:

Ավագանին որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ: Որոշում է ընդունում Երևանում բաղնիքների, սաունաների, զվարճանքի օբյեկտների տեղակայման վայրերի ցանկի և գործունեության թույլտվությունների լրացուցիչ պայմանների վերաբերյալ: Երևանի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի, դրանց վարձավճարների և օտարման գների չափերի ու պայմանների, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գների վերաբերյալ,
Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանումների վերաբերյալ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից է կախված, թե ինչպիսին կլինի իմ ու ձեր կյանքն առաջիկա 4 տարիների ընթացքում: Քո կյանքի որակը փոխելու համար դու ունես 1 ձայն:

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register