«ԳՈՒԴԲԱՅ ԼԵՆԻՆ». ԱՆԳԼԵՐԵՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ  ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  ՄԵԹՈԴՆԵՐԸ  

8

ՄԱԿ-ի որոշմամբ  ապրիլի 23-ը անգլերենի և կազմակերպության աշխատանքային այլ  լեզուների միջազգային օրն է, որը 2010 թվականից տոնում են ամբողջ աշխարհում: Օրվա խորհուրդը մեկն է՝ պահպանել լեզուների նկատմամբ հետաքրքրությունը և մարդկանց բազմալեզու դարձնել:

Հայաստանը ևս լեզվատոնից անմասն չի մնացել: Հատկապես  «մասնագիտական» շրջանում օրվան սիրով են սպասում: «Ճամփորդ»-ի զրույցը «Horizon» լեզվի կենտրոնի անգլերենի մասնագետ Մարինե Անտոնյանի հետ՝ մեթոդաբանության, նոր լեզու ուսումնասիրելու դժվարությունների մասին  է:

 Օտար լեզու սովորելիս հիմնական դժվարությունը՝ նոր բառերը, քերականությունն ու շարադասության նրբությունները հիշելու մեջ է: Սովորողներին հատկապես խանգարում է համեմատությունը մայրենի լեզվի հետ: Սա ավելի բնորոշ է մեծահասակներին, փոքրերի լեզվամտածողությունն ավելի ճկուն է: Այդ իսկ պատճառով էլ շատ ավելի նախընտրելի է՝ արհեստական բարդություններից խուսափելու համար օտար լեզուն ուսումնասիրել փոքր տարիքում: Բայց սովորելու համար երբեք էլ ուշ չէ: Ուղղակի, լեզվի մասնագետի հետ միասին պետք է փոխել օտար լեզու ուսումնասիրողի «կրթական»  հոգեբանությունն ու այդպիսով կարելի է հաջողության հասնել»,- նշում է Մարինեն:

Ամեն լեզու ունի իր կառուցվածքը: Փաստորեն, տարածված սխալ է  օտար լեզուն անընդհատ մայրենիով թարգմանելն ու վերարտադրելը: Մասնագետը համոզված է. ուսումնական ընթացքն  այդ կերպ ավելի բարդ կդառնա, ուղեղն անիմաստ ծանրաբեռնելու կարիք չկա: «Խնդիրներ են առաջանում նաև  լեզվի արտաբերման ժամանակ, բայց այս առումով հայոց լեզուն լեզվին ճկունություն է տալիս: Ի տարբերություն հարևանների, այլ լեզուներով հայերս բավականին լավ ենք խոսում: Եվ առհասարակ, Հայաստանում օտար լեզվի լավ մասնագետները շատ են, մեր կենտրոնում նույնպես կարողանում ենք լավ արդյունքներ գրանցել ու սեփական փորձով էլ համոզվել, որ ցանկության առկայության դեպքում, տարիքը խոչընդոտ լինել չի կարող: Գուցե փոքր-ինչ ավելի բարդ տրվի, որովհետև, հատկապես Խորհրդային միությունում ապրածներն ավելի են կառչած, օրինակ, ռուսերենին, բայց ճիշտ աշխատանքի շնորհիվ դա նույնպես հղկվում է ու անգլերենը դառնում է նույնքան սիրելի»:

Այժմ էլ լեզու սովորելու հարցում նորարարությունները շատ են, եթե  նախկին հինգ-վեց տարիներին գրախանութներում անգլերենի նոր դասագրքերը հայտնվում էին, լավագույն դեպքում, տարին մեկ, ապա հիմա  եռամսյակը մեկ կարելի է միանգամից մի քանի նոր գրքի հետ ծանոթանալ: Մարինե Անտոնյանը կողմ է հին ու նոր գրքերը համատեղելուն. «Գոյություն ունի լեզվի քերականական հիմք, որը երբեք չի փոխվում, հազվադեպ ինչ-ինչ դետալներ են ավելանում կամ պակասում: Բայց, օրինակ, բառապաշարը փոփոխության  ենթարկվում է, դրա համար պետք է աշխատել այնպիսի գրքերով, որոնք թույլ կտան  ուսանողին հանգիստ շփվել օտարազգիների հետ՝ հասկանալով անգամ առօրյա-խոսակցական զրույցը»:

Դե իսկ  երկու ամսում իդեալական անգլերեն սովորեցնել խոստացողներին Մարինեն հորդորում է չհավատալ. ամեն ինչ սուբյեկտիվ է՝  կախված ուսանողի ընդունակություններից: Մի քանի ամսում կարելի է լավ արդյունք  գրանցել, բայց օտար լեզուն պահանջում է ժամանակ, սեր և հետևողականություն:

«Ճամփորդի» թիմով վստահ ենք, որ աշխատասիրությունը հաղթահարում է ցանկացած բարդություն, և եթե ձեզ թվում է, թե արդեն ուշ է՝ նոր լեզու սովորելու համար, հիշեք, որ Շարլ Ազնավուրը 90-նն անց տարիքում սկսել է անգլերեն սովորել:

 

Մի քանի խորհուրդ լեզու սովորողներին՝ Մարինե Անտոնյանի կողմից

 

  • Սիրելիների լուսանկարները ժամանակավորապես փոխեք անգլերենի նոր բառերով. գրասեղանի, սառնարանի, հայելիների մոտ փակցված բառերը կարելի է հընթացս էլ սովորել:
  • Խուսափեք օտար լեզուն անընդհատ մայրենիով թարգմանել ու նմանեցնել փորձելուց:
  • Դանդաղ, բայց հաստատուն. մեկ օրում հիսուն բառ սովորելն ու հինգ ժամանակաձև սերտելն իրատեսական չէ, աշխատանքը բաժանեք մասերի:
  • Լսեք ուսումնասիրվելիք լեզվով հաղորդումներ, երաժշտություն, կարդացեք գրքեր ու հոդվածներ, դիտեք լուսագրերով ֆիլմեր ու հեռուստասերիալներ: Որոշ ժամանակ անց կզգաք, որ տեքստերը սկսում եք ընկալել:
  • Տեքստերի հետ աշխատելիս փորձեք չդիմել անգլերեն-հայերեն բառարաններին, ձեռքի տակ ունեցեք ամբողջովին անգլալեզու բառարաններ, որտեղ բառը ոչ թե թարգմանված է, այլ նույն լեզվով բացատրված է, այս դեպքում արդյունքը շատ ավելի օգտավետ կլինի:
  • Անգիր արեք: Ուղղակի անգիր արեք բանաստեղծություններ, ասացվածքներ, երկխոսություններ, իհարկե, մասնագետներիի հետ դրանց գրագիտությունը նախապես ստուգելուց հետո:
  • Համբերություն, համբերություն, համբերություն: Մի՛ սեղմեք ձեզ ժամկետներով:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register