ՓՈՔՐԵՐԻ ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ

2

Թամանյանական Երևանը ի սկզբանե կոմպլեքսային քաղաք էր, որտեղ շատ կարևոր տեղ էին զբաղեցնում հանգստյան գոտիները՝ ոչ միայն մեծահասակների, այլև մանուկների ակտիվ զվարճանքի համար: Հենց այն ժամանակներին էլ ավելի զարգացավ «բակ» հասկացությունը:

Եթե բնակարանները համարվում էին անձնական տարածք, ապա բակերը դիտարկվում էին որպես կիսաանձնական հարթակ: Այստեղ շենքի երեխաները զվարճանում էին, ծերունիները իրենց հանգիստն էին վայելում, նարդի խաղում:

Սովետի փլուզումից հետո ականատես դարձանք, թե ինչպես գրեթե բոլոր երևանյան բակերը համալրվեցին անվերջ ավտոտնակներով: Հայտնի փաստ է, որ ծերունիներին և երեխաներին դժվար է իրենց բնակավայրից հեռու տեղեր գնալ, իսկ բակերը լուծում էին հանգստի խնդիրը: Այսօր շատ ծնողների համար դժվար է երեխաներին թողնել դուրս խաղալու՝ ահռելի քանակի մեքենաների վտանգ կա, և տպավորություն է ստեղծվում, որ երեխաները, կարծես, ֆուտբոլ են խաղում ավտոկայանատեղերում: Մի խոսքով, Երևանը վերջին տարիների ընթացքում դարձավ միջին տարիքի քաղաքացիների քաղաք, որտեղ գրեթե անտեսվում են փոքրիկների կարիքները:

Վերջերս տարբեր բակերում կառուցված խաղահրապարակները ինչ-որ չափով լուծեցին երեխաների տարածքի խնդիրը, սակայն նրանց որակը այն չէ, կան ծնողներ, որոնք թույլ չեն տալիս երեխաներին խաղալ այնտեղ, նույնիսկ երեխաները նախընտրում են գտնել իրենց համար ուրիշ վայրեր: Դրան գումարենք այն, որ հիմնականում այդ տարածքները շատ փոքր են և էլի շրջապատված են մեքենաների աղմուկով: Երեխաներին պետք են մեծ ազատ տարածքներ, որտեղ նրանք լիովին հանգիստ կլինեն:

Երևանում շատ մանկական վայրեր կան՝ տարբեր սպորտային կենտրոններից և սրահներից սկսած, վերջացրած հատուկ զարգացման, երաժշտական և տարբեր մասնագիտացված դպրոցներով: Սակայն դրանք փակ և վճարովի տարածքներ են, և կազմում են բուն ուրբանիստական միջավայրի մի մաս: Այսօր կանաչ տարածքների պակաս ունենք, որտեղ երեխաները կխաղան քաղաքային աղմուկից հեռու, կզբաղվեն սպորտով կամ ծնողների հետ պիկնիկ կկազմակերպեն:

Ինչպես հուշում է միջազգային փորձը, հանգստյան լավագույն միջավայրը այն է, որտեղ թե մեծահասակները, թե երեխաները կարող են իրենց հետաքրքրող զբաղմունքով զբաղվել: Այսօր հիմնական այդպիսի վայրերը կապված են «ուտել-խմելու» հետ:

Եթե ամփոփեմ, ապա կարող եմ ասել, որ Երևանում այժմ չկա այն, ինչ անգլերենով անվանում են «spatial justice»՝ տարածքային արդարություն:

Մենք բակերում կառուցում ենք խաղադաշտեր, որոնցից շատ քչերն են օգտվում, իսկ այն տարածքները, որոնք ավելի արդյունավետ կարող են ծառայել մեզ, անտեսում ենք կամ օգտագործում ուրիշ նպատակներով:

Աղբյուրը՝ imyerevan.com 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register