ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄ . ԵՐԵՎԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

2

Քաղաքը մարդու դեմքն է: Քաղաքում ապրող մարդկանց դեմքն է: Պարզ ճակատը` գլխավոր հրապարակը, փարթամ մազերը` այգիները, աչքերը` քաղաքի լճերը, քիթը` ամենաբարձր աշտարակը, բերանը` ամենակուլ ձորը, շրթունքները` կամուրջները, այտերը, ականջները, հոնքերը յուրատեսակ թաղամասեր, տարածքներ: Ինչպես մարդու դեմքը, տարիների ընթացքում քաղաքը նույնպես արագորեն փոխվում է:

Նորածին մարդուկը ավելի շատ մկնիկի, իսկ նոր-նոր հիմնավորվող քաղաքը` անտերունչ բնակավայրի է նմանվում: Երեխայի քայլելուն զուգընթաց, քաղաքում էլ գծվում են ճանապարհները: Այդպես էլ երեխան հասուն մարդ, անբնակ տարածքն էլ՝ կայացած քաղաք դառնում: Շնչող, աճող, ինքնակատարելագործվող, խստապահանջ, իր ներքին օրենքներն ու տրամաբանությունն ունեցող քաղաք:

Համայն հայերի մայրաքաղաքը, ինչպես սիրում են հպարտանալ սփյուռքահայերը, բազմաթիվ խնդիրներ ունի: Մեր պատմությամբ, հայի ինքնությամբ հպարտացողներն ու տուրիզմով զբաղվողները, կոչնակ են հնչեցնում ի լուր աշխարհի՝ տեսեք, Երևանը Հռոմից ավելի հին է, եկե՛ք ու համոզվե՛ք: Իսկ այս միտքը որպես գովազդային հնարք օգտագործելուն դեմ մարդիկ հեգնում ու հակադարձում են՝ Երևանում որտե՞ղ կարող եք ցույց տալ Կոլիզեյի հնության որևէ շինություն:

Ոչ միայն 2000-ամյա, այլ նույնիսկ 19-րդ դարի շինություն անգամ հնարավոր չէ գտնել, որովհետև հինը նորով կամ փոքրը մեծով փոխարինելու հիվանդագին աշխատելաոճն ընդունելի է բազմաթիվ գործարարների մոտ, որն ինքնին այդքան ցավալի չէ: Բայց երբ դրա համար պատասխանատու իշխանությունն է աչք փակում նման քաղաքականության վրա, արդեն իսկական ողբերգություն է: Մշակույթի տեսանկյունից ամենաաղաղակող խնդիրը հենց սա է, երբ ճարտարապետությունը մղվում է 10-րդ պլան:

Երևանի քաղաք-պետության վերածմանն ուղղված քայլեր գրեթե բոլորս ենք անում: Ուսման և աշխատանքի հնարավորությունները կենտրոնացնելով Երևանում` մենք կտրվում ենք մնացած քաղաքներից և գյուղերից: Ասում են, որ ժամանակին մետրոպոլիտենի նախագիծը հաստատելու համար Երևանում արհեստականորեն ավելացվել է բնակչության թվաքանակը: Մայրաքաղաքի բնակչության թվաքանակը այժմ էլ է շարունակում աճել, սակայն այս անգամ՝ շրջաններից Երևան տեղափոխվողների հաշվին, իսկ մետրոյի նոր կայարաններ բացելու հույս էլ չկա: Երևանում նաև շնչելու օդ չկա: Կառուցվող բազմաթիվ շենքերին որպես հակակշիռ, չեն ավելանում «կանաչ» տարածքները: Բազմահազար ավտոմեքենաներից դուրս մղվող ծուխը «մարսելու» համար քաղաքը գերագույն ճիգեր է գործադրում: Երևանի ցավոտ վերքերից են ծառահատումները` հօգուտ քար և բետոնի, հոգուտ թիվ ու հաշիվ չունեցող սրճարանների:

Ինչպես արդեն նշեցինք, հիմնական խնդիրներից է նաև Երևանում երթևեկող ավտոմեքենաների թվաքանակը: Ակնհայտորեն Երևանը նախատեսված չէ իր «մաշկի» վրա զգալու այսքան ավտոմեքենայի պատճառած վնասը: Մեքենաների գերառատությունը հանգեցրել է ծայրը չերևացող խցանումների ու նույնով պայմանավորված «պայթյունավտանգ» նյարդային հարաբերությունների: Եթե հանկարծ որևէ նեղ փողոցում, ասենք` Նար-Դոսում փոքրիկ վթար եղավ, մեծ խցանումն անխուսափելի է:

Այս խնդրի «երկվորյակ քույրը»՝ հասարակական տրանսպորտի, մեղմ ասած, տխուր վիճակն է: «7 հարց» խորագրի (տե՛ս «Ճամփորդ»-ի 8-րդ էջը,- հեղ. ), երկրորդ հարցին պատասխանողներից շատերը նշում են, որ եթե վաղը ստանձնեին Երևանի քաղաքապետի պաշտոնը, միանգամից կհարաժարվեին «Գազել»-ներից, որոնք կարծես հանրային նվաստացման վայր դարձած լինեն: Եթե ունենայինք արժանապատիվ տրանսպորտ, գուցե այսքան մարդ չնախընտրեր թեկուզ և դժվարությամբ, բայց ավտմեքենա ունենալ: Իրավիճակը գուցե և այլ լիներ, եթե շարունակվեր մետրոյի նոր կայարանների շինարարությունը:
Երևանը տարեցտարի կորցնում է փողոցների և մայթերի համաչափությունը: Այն տպավորությունն է, որ ցանկացած մեկն, ունենալով ավազ, ցեմենտ և ջուր, կարող է հենց այս պահին բետոնի պատրաստություն տեսնել և նոր աստիճաններ կառուցել` մայթի հաշվին կամ ավտոտնակի տարածքը մեծացնել:

Երբ մանկասայլակով դուրս ես գալիս զբոսանքի, հասկանում ես, թե որքան դժվար է Երևանում ապրող հաշմանդամների համար: Էլ չենք ասում, որ կան ընդամենը մեկ մայթ ունեցող բազմաթիվ փողոցներ, մյուս մայթը գրավել են բնակիչները: Ապօրինի կամ չգիտես ինչպես թույլտվություն ստացած կառուցապատում իրականացնողների կարելի է հանդիպել հանրային այգիներում և դրանց հարող տարածքներում: Հիշեք 2012 թվականի փետրվար-մայիս ամիսները, երբ հարյուրավոր քաղաքացիներ պայքարեցին Մաշտոցի պուրակի համար և հաղթեցին, երբ Պարթև Մարգարյանի անվան ծննդատան հենց դիմացի այգին մտադիր էին դարձնելու «բուտիկների այգի»:

Հանրահայտ երգի բառերը վերհիշելով` մտածում ես, որ իսկապես Երևանը միայն քար ու շենք չէ, որ մարդիկ ու մարդկային գիտակցությունն ավելի կարևոր են: Կա տեսություն, ըստ որի, եթե հանրային վայրում աղբ ես գցում, ասենք` փոքր շիշ, այդ վայրում որոշ ժամանակ անց աղբի քանակն ավելանում է: Մարդը, տեսնելով, որ որևէ մեկը խոզություն է արել, մտածո՞ւմ է` «Լավ, ես ինչ պակաս խոզն եմ»: «Դե, կմաքրեն էլի, իրենց գործն էլ էդ է» մտածելակերպով՝ երբեք մաքուր քաղաք չենք ունենա:
Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, և մեզանից յուրաքանչյուրը կարող է ներդրում ունենալ դրանց լուծման հարցում: «Ճամփորդը» Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս առաջ վերհիշեց ամենաակնհայտ խնդիրները` հույս ունենալով, որ քաղաքային իշխանությանը հավակնող ուժերը կունենան դրանց արդյունավետ լուծման տարբերակներ: Մայիսի 14-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցելու է երեք քաղաքական ուժ` «ԵԼՔ» դաշինքը (առաջին երեք համարները` Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Խաժակյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (Զարուհի Փոստանջյան, Մնացական Պարակշիև, Սոնա Աղեկյան) և Հայաստանի հանրապետական կուսակցությունը(Տարոն Մարգարյան, Սմբատ Լպուտյան, Հովիկ Մուսայելյան): Առաջիկա համարներում մանրամասն ներկայացնելու ենք այս ուժերի նախընտրական ծրագիրը, ինչպես նաև առաջին համարներում ընդգրկված անձանց:
Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register