ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ  ՋԻՆԸ

14

Թանկացումների խորշակը հողմ դառնալու միտումներ է դրսևորում: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ պետք է անել՝ դրան դիմակայելու համար: «Ականջալուր» լինելով «դասական» հայկական իմաստնությանը՝ պետք է ամուր ձգել գոտին ու ըմբռնողաբար մոտենալ գործընթացին: Ու մեկ էլ՝ խուճապի չմատնվել…

16

Հայաստանաբնակներն ամեն օր մտնում են իրենց թաղամասերի խանութները՝ հայտնաբերելու համար,  թե այսօր ի՞նչն է թանկացել: Վաճառողը հավկիթը տալուց առաջ կես-տխրությամբ, կես-բարկությամբ նշում է նոր սահմանագիծը: Ամանորից հետո  մարդիկ սահմանվածից ավելի հաճախ են այցելում խանութ: Նրանք այցելում են ոչ թե առևտրի, այլ առավելապես  ապրանքատեսակների գների նոր սանդղակին ծանոթանալու նպատակով: Կյանքն է հարկադրում:

7

«Ճամփորդն» ուսումնասիրել է ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալները` պարզելու  համար, թե որ ապրանքներն են ամենից շատ թանկացել, գնաճի ո՞ր չափն է  հանրության կողմից ի վերջո հանդուրժելի համարվում: ԱՎԾ-ն ներկայացրել է ՀՀ-ում 2017 թվականի հունվար-նոյեմբերին ամիսներին  արձանագրված սպառողական գների ինդեքսը: Սպառողական գների ինդեքսի հաշվարկն իրականացվել է ներառված 452 ապրանք-ծառայություն կտրվածքով: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:

8

Պարզվում է, որ  ԱՎԾ-ի աշխատակիցները ամիսը մեկ անգամ(բոլոր մարզերում, խոշոր քաղաքներում) ֆիքսում են ցանկում առկա բոլոր ապրանքների գները: Բացառություն են կազմում թարմ միրգը, բանջարեղենն ու վառելիքը (բենզին, դիզելային վառելիք), որոնց գնադիտարկումն իրականացվում է ամսական 3 անգամ: Նայելով ցանկին, միանգամից աչք է զարնում  «ամենայուղոտ» տողը` կարագի գնային փոփոխություններն անցած տարում: 2017 թվականի օգոստոսին՝ 2016-ի դեկտեմբերի համեմատ կարագը թանկացել  էր 13.9 տոկոսով: Կարագը շարունակել է թանկանալ սեպտեմբերին` 18.7, հոկտեմբերին` 33.3, իսկ նոյեմբերին` 40.7 %-ով:

9

Համանման պատկեր է նաև խոզի մսի դեպքում. նույն ժամանակահատվածում խոզի մսի գինը բարձրացել է 40.3, ոչխարի ու գառան մսինը` 26.3 տոկոսով, ձուկը թանկացել է 25, դիզվառելիքը` 16.8, բենզինը` 16.4 տոկոսով: Մյուս կողմից, գոյություն ունի գնաճի ընդունելի ցուցանիշ. Կենտրոնական բանկի համար այդ ցուցանիշը 4 տոկոսն է ( 1.5%, այսինքն՝ գնաճի ցանկալի միջակայքը կազմում է 2.5-5.5 տոկոս): Ի դեպ, ինֆլյացիայի մակարդակը կարգավորվում է Կենտրոնական Բանկի կողմից, որը պարտադիր կերպով իրականացնում է կառավարությունից անկախ գործունեություն, քանի որ դա Կառավարության գործառույթների մեջ  դա չի ներառվում: Իդեալական դեպքում գնաճին զուգահեռ պետք է համապատասխանաբար բարձրանար նաև մարդկանց աշխատավարձը: Նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 2.2%, այսինքն` 2.5 տոկոսից ավելի ցածր ։ Ուրեմն, ինչպե՞ս են իրար հակադրվում 2.5 տոկոսը և վերը թվարկված երկնիշ տոկոսները: «Կշռաքարերի» հարց է. որոշ ապրանքներ կամ ծառայություններ էժանացել են և միջին տվյալը մեծ չէ, բայց այն ինչ էժանացել է(օրինակ` կենցաղային տեխնիկան) հիմնականում առաջնային սպառման ապրանք չի հանդիսանում:

13

Պաշտոնական տվյալներով մեր երկրում մարդկանց 29.4 տոկոսն աղքատ է (նրանց ամսական սպառումը 40.000 դրամը չի գերազանցում): Սննդամթերքի թանկացումն,ըստ էության, առաջնահերթ ազդելու է  հենց այս մարդկանց վրա: Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո որոշ ապրանքատեսակներ՝ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետ կապված թանկացել են: Օրինակ` 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազարից դարձել է 40 հազար, իսկ սեղմված գազի 1000 խորանարդ մետրի դեպքում՝ 25 հազար դրամ, ինչը չկար նախկինում: Հունվարի մեկից գազալցակայաններում և բենզալցակայաններում թանկացումներ սկսվեցին, ընդ որում` որոշ տեղերում անհամաչափ: Ո՞րն է նմանատիպ իրավիճակներում պետության դերը:  «168.am» կայքի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանի դիտարկմամբ,օրինակ՝ «Պետության դերը վերահսկելն է, որ խաղի կանոնները չխախտվեն, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողները չչարաշահեն այդ դիրքը, դավադիր համաձայնություններ ձեռք չբերվեն և գերշահույթներ ստանալու համար գները չհիմնավորված ձևով չբարձրացնեն »:

12

Արտահանման ծավալների աճի հիմնական պատճառը  հանքարդյունաբերվող ապրանքների միջազգային գների աճն է,որն իր հերթին առաջացնում է ինֆլյացիա (ԱՄՆ դոլարի բարձր ստացականներ, երկրում ԱՄՆ դոլարի արտարժույթի ծավալների աճ, իջեցնում է ԱՄՆ դոլարի արժեքը, հետևաբար աճում են գները, որպեսզի կոմպենսացնեն տարբերությունը: Սա հանքարդյունաբերվող ապրանք արտահանող ցանկացած երկրի տնտեսության դասական պատասխանն է նման իրավիճակին):

15

Հունվարի 19-ին «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ թանկացումների դեմ երթ տեղի ունեցավ: Հավաքի մասնակիցները պահանջում էին հարկային օրենսգրքի փոփոխություն, դրույքաչափերի իջեցում, թանկացումների չեղարկում: «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «Ոչ մի քաղաքացի չի կարող խնդիր չունենալ թանկացման հետ: Խնդիրը նրանում է, թե նա արդյո՞ք կձևակերպի դա, կբարձրաձայնի այդ մասին»: Քաղաքացիները հավաքվել էին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց: Երթի մեկնարկից առաջ կազմակերպիչներն առաջարկեցին հրելով առաջ տանել «ВАЗ 2101» մակնիշի կանաչ մեքենան` «ջորին», որը  երթի մասնակիցների համոզմամբ՝ լավագույնս է  խորհրդանշում երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը։ Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում «ջորին» աջ թեքվեց և կանգնեց: Երթը շարունակվեց կենտրոնական փողոցներով և ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Հանրությանն այլ բան, քան «եղանակային» փոփոխություններին ակնապիշ հետևելը չի մնում …

Նյութը և լուսանկարները՝ Գարեգին Ալեքսանյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register