ԿՈւՌՔԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ

kurq

Հասարակությունը ձևավորվում է անհատներից, ամբողջական դառնում հատիկներից ու միասնական ներկայանում աշխարհին: Սակայն իրականում հասարակության այցեքարտը մարդն է, անհատն իր ողջ էությամբ, անգամ՝ աննկատ գոյությամբ: Հասարակությունն ինքն է իր միջից ընտրում առաջատարների, անգամ ինքնառաջադրվողներին ինքն է անցագիր տալիս, կամ՝ մերժում: Բնության օրենք է՝ առաջնորդ է պետք հոտին, երամին, երամակին, ոհմակին ու անգամ՝ մարդկային հասարակությանը:

Ժամանակն ինքն է ծնում իր առաջնորդին, հերոսացնում՝ եթե պետք է: Այստեղ գալիս է կանգ առնելու ժամանակը. առաջնորդից, հերոսից այն կողմ վտանգավոր է անհատին կուռքի վերածելը: Անգամ Աստվածաշունչն է մարդուն ետ պահում երկրային կուռքերից ու փորձում հասկացնել՝ առաջնորդը կուռք չէ և չպետք է լինի: Ինչու է այս խնդիրն այսօր արդիական. առաջին հերթին ինքնապաշտպանության համար. երբ մարդն իր կյանքը, գործերը թողնում է կուռքի հույսին՝  ի պատասխան իր կույր պաշտամունքի, նա պարտվում է չարաչար: Հաճախ ծույլ մարդիկ են կուռքեր հորինում, որ իրենք կյանքից արձակուրդ գնան ու թողնեն՝ կուռքն իրենց տանի, բերի, ասի, պահանջի ու այդպես շարունակ: Այս խնդիրն արծարծում եմ անհատի համար, սակայն ամբողջական հասարակություններ են տուժել կուռքերի պաշտամունքից: Սովետի անմար հիշատակին՝ մեծն Ստալինի պաշտամունքն էր, որ բռնակալ դարձավ: Հենց սա է հաջորդ մեծ վտանգը, որ պաշտվող արարածը լիդերից շատ արագ վերածվում է բռնակալի ու սկսում գերագույն հաճույք ստանալ բռնությունից, ուժով իշխելուց:

Թվում է՝ քսանմեկերորդ դարում այս խնդիրը պետք է, որ դուրս գա օրակարգից, սակայն ոչ, հասարակությունը դեռ իր միջից շարունակում է առաջ մղել մարդկանց, որոնք առաջնորդ չդառնալով, փորձում են միանգամից կուռք լինել. հեշտ է, հարմար ու գրեթե անվճար, եթե շուրջը թույլ, անկամ ու անբան մարդիկ են:

Ադպիսի մարդիկ սիրում են փշրանքներ ստանալ, իրենց հարվածողի ձեռքը համբուրել ու խոնարհվել: Ինչու՞ …Տեսակին այդպես է հարմար: Կարելի է լռել ու հանգիստ թողնել նմաններին՝  իրենց կուռքերի հետ, սակայն, ոչ, վտանգը շարունակական է, քանի որ նմանները կարող են վերարտադրել իրենց նմաններին ու սա կարող է համարվել բնական ու անխուսափելի վերարտադրություն:

Հասարակությունից՝ առաջնորդ ճանապարհը հասկանալի և ընդունելի է, վտանգավոր է առաջնորդից կուռքի տանող զարտուղին. գայթակղություն, որին չեն դիմանում իշխանության անհագ տենչ ունեցողները: Եվ նրանց համար դարձյալ ցուցում կա ամենավերևից՝  զգույշ սլացեք վերև, հիշեք, որ հետո ավելի արագ կգահավիժեք ներքև, որովհետև հենց կուռքին է, որ չեն ներում ոչինչ մարդկային, անգամ սեփական տկարությունը և շատ արագ ուրիշ կուռք են փնտրում:

Իսկ առաջնորդը կազմակերպիչ և պատասխանատու տեսակն է, որին վստահում են և որին հետևում են, որի հետ խորհրդակցում են և որն ինքը ինքնագլուխ որոշումների փոխարեն՝  քննարկում է և համատեղ որոշումների գնում:

Վտանգավոր է մարդը, որ  ձգտում է գլխին կուռք ունենալ, սա կամավոր ստրկության բանաձևն է ՝ տարրական ու պարզ, սակայն բարդ հետևանքներով: Մարդու, որպես անհատականության աճը պիտի բացառի սա ու հակառակը, ամեն մարդ պիտի ձգտի աճել ու առաջ գնալ, անհատապես ու թիմով և ով գիտի, գուցե հենց դուք եք առաջնորդը:

Ժամանակակից աշխարհն ամեն ինչ ունի մարդու անհատական զարգացման համար. այն մարդը, ում համար շարունակական կրթությունը,  գիրքն ու համացանցը ժամանց չեն, առաջ է գնում և իր առաջ բացահայտում սեփական հնարավորություններն ու գիտելիքի ուժը: Նման մարդը երբեք կուռք չի դառնա և երբեք կուռք չի ստեղծի իր համար: Տա Աստված, որ 2017 թվականը դառնա կռապաշտության մերժման, բայցև՝ խելամտությանն ապավինելու տարի:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register