ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԱՄԱՆՈՐԸ

siria

Ամանորի սեղանի շուրջ Դավիթն իր չորս երեխաների հետ մենակ մնաց միայն առաջին կես ժամը: Այնուհետև եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, միմյանց ետևից՝ հարևանները՝ նույն Ձմեռ պապի «գործով»: Չորս զույգ աչուկների փայլից կարծես սենյակն ավելի լուսավորվեց ու երեխաներն արագ պոկվելով սեղանից, սկսեցին նվերները բացելով հիացմունքի ճիչեր արձակել: Հոր աչքերը խոնավացել էին ու նա, կուլ տալով արցունքը, նայում էր պատին կախված կնոջ նկարին: Այսպես ինձ նկարագրեց Հայաստանում առաջին Ամանորն անցկացրած մեր սփյուռքահայ ծանոթներից մեկը, որը խնդրեց փոխել իր անունը:

Ապրում էին Սիրիայում. Դավիթը մի փոքիկ արհեստանոց ուներ, սակայն լավ էր վաստակում, լավ արհեստավոր էր: Կինը մանկահասակ երեխաներին էր խնամում: Տունուտեղ ունեին, մեծերն արդեն հայկական դպրոց էին գնում, երբ սկսվեց պատերազմը: Սկզբում միլիոնավոր սիրիացիների պես կարծում էին, թե կավարտվի շուտով, սակայն պատերազմի իրական դեմքը տեսան, երբ մի օր Դավիթի կինը՝ Մարիամը, ռմբակոծության զոհ գնաց: Դրանից օրեր անց Դավիթը չորս անչափահաս երեխայի հետ մարդասիրական չվերթով հայտնվեց Հայաստանում: Ձեռքի գումարը բավականացրեց միայն մեկ սենյականոց բնակարանի երեք ամսվավարձին: Իսկ հետո՞:

Նորեկներին առաջինը նկատեց դիմացի բնակարանի միայնակ կինը, երեխաների խոսքից հասկանալով, որ սիրիահայ են,  մի մեծ կապոցով թակեց նրանց դուռը, իսկ երբ իմացավ ընտանիքի վիճակը, իր խնամակալությունն ավելի մեծացրեց, այն դեպքում, երբ չնչին վարձատրությամբ պետական ծառայության էր: Երեխաներից մեկը հաշմանդամ է, և Դավիթը չէր կարող նրան թողնել մյուսների խնամքին: Շատ արագ երեխաները դարձան մուտքի բնակիչների հոգեզավակները. օգնում էին, ով ՝ ինչով կարող էր, սակայն այնպես, որ դրանից չճնշվեր Դավիթը:

Եվ նման Ամանորը տնանկ երեխաների համար հենց այս ամենի շարունակությունն էր:

Դավիթի ընտանիքը հազարներից մեկն էր, որ ապաստան էր գտել Հայաստանում: Նրանք բոլորը փայլուն գիտեին, որ հրաժեշտ են տալիս ոչ միայն իրենց տանն ու ունեցվածքին, այլև բարեկեցիկ կյանքին: Գիտեին, որ հայրենիքում կյանքը դժվար է, սակայն գիտեին, որ հարազատ միջավայր են գալիս:

Մի մասը հարմարվեց, մնաց, մի մասն էլ չդիմանալով անսովոր դժվարություններին՝ հեռացավ եվրոպական ու ամերիկյան ափեր:

Սա ընդամենը մի պատմություն է, և ստացվում է, որ Ամանորը տոնական են դարձրել «տեղացի» հայերը: Ամանորի գիշերն էլ հենց  «Հանրապետության» հրապարակում թվով շատ սիրիահայեր կային, բայց նրանց աչքերում ուրախություն չկար,ինչը զգացվում է անգամ լուսանկարներում: Մտամոլոր էին, խառնված, բայց  հույսով լի: Սիրիահայերի Ամանորը հաստատ լավագույնը չէր՝ որքան էլ տոնածառը գեղեցիկ լիներ, որքան էլ սեղանին համեղ ուտեստներ լինեին, որքան էլ պապական արմատներին մոտ են: Նախորդ տարին բարդ է եղել, և բարդության արձագանքը դեռ զրնգում է այս տարվա ականջների մեջ:

Մայրաքաղաք Երևանի կենտրոնում, մետրոյի գետնանցումում Հալեպի շուկա է գործում: Կողք-կողքի փոքրիկ կրպակներում արևելյան համեմունքներ են ու անուշեղեն, հագուստ, կոշիկ, արդուզարդի պարագաներ, սննդի կետեր: Երևանցիներն արդեն գիտեն, որ սիրիահայերն իրենց հետ նոր մշակույթ ու որակ են բերել և սիրով են օգտվում նրանց ծառայություններից:

Եվ պատահական չէ, որ տոնական սեղանների շուրջ շատ սիրիահայեր գոհունակություն են հայտնել Աստծուն, որ սպանդից փրկվել ու ապահով տեղում են, իսկ տնտեսական դժվարությունները համբերատար կիսում են տեղացի հայրենակիցների հետ:

Որ արյան ու հողի կանչն իրական է, համոզվում ենք նման պատմություններով:  Ամանորի կախարդական գիշերը մայր հայրենիքում ապաստանած սիրիահայերի միամիտ ու նվիրական երազանքը մեկն է՝ պահելով, որ խաղաղություն լինի ու վերանան պատերազմները:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register