ԿՐԹՈւԹՅՈւՆԸ՝  ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ  ՃԻՐԱՆՆԵՐՈւՄ

11

Օրերս կայացած «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին» նվիրված հանրային բաց քննարկմանը՝ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանից բացի, մասնակցում էին նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը, ուսուցիչ Զինա Ղուկասյանը և «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան»-ի կրթական ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը: Քննարկմանը ներկա էին  նաև` բազմաթիվ ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ: Ազգային ժողովի կողմից  նախագիծը դեռևս չի հաստատվել: Ստորև ներկայացնում ենք կրթական համակարգում առկա կոռուպցիայի մասին քննարկման ընթացքում  հնչած կարծիքները:

Դավիթ Սահակյան. «Կոռուպցիայի դեմ պայքարը կարելի է դիտարկել ՝ որպես որակի բարձրացման նախապայման: Կոռուպցիայի հաղթահարումը, սակայն, ամենևին էլ չի նշանակում, որ մենք կունենանք որակյալ կրթություն: Դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Ասելիքը պարզ դարձնելու համար բերեմ մի օրինակ: Ատամներդ լվանալով կարող ես կարիեսը կանխարգելել, բայց  ատամներդ բուժել, մեկ է՝ չես կարող: Չենք ասում, թե կոռուպցիա չկա: Կոռուպցիա կա և կոռուպցիայի դեմ պայքար է գնում: Կա կառավարության կողմից 2018 թվականի համար ընդունված հակակոռուպցիոն ծրագիր, բացի այդ այլ գործողություններ էլ են իրականացվում: Ուսուցիչը, որ ստանում է 70.000 դրամ աշխատավարձ և անճարությունից է մնացել դպրոցում, որովհետև այլ աշխատանք չի կարող գտնել, ասենք «բոնբոներկա» է վերցնում: Եթե դասասենյակում, դպրոցում, ամենուր տեսախցիկներ դնենք ու  նրան արգելենք նմանատիպ նվերներ վերցնել, ապա  դրանից հետո նա չի սկսի ավելի  լավ դասավանդել»:  Դիտարկմանն ի պատասխան, քննարկման մոդերատոր Գայանե Աբրահամյանը հակադարձեց, թե կոռուպցիան հաճախ շահերի բախումն է, և եթե դպրոցի տնօրենն աշխատանքի է ընդունում վատ մասնագետի` ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա:

Սերոբ Խաչատրյանն  էլ նկատեց, որ կոռուպցիայի դեմ պետք է խոշորամասշտաբ  պայքար ծավալվի, հակառակ դեպքում կարող է ցանկալի արդյունք չգրանցվել.

«Հայաստանում հիմնականում պայքարում են միջին և ցածր մակարդակի կոռուպցիոն  դրսևորումների դեմ: Այսինքն` դպրոցի տնօրեն, գլխավոր մասնագետ, բաժնի պետ… հիմնականում պայքարն այդ մակարդակում է, ինչը հարցի լուծում հանդիսանալ չի կարող: Եթե կոռուպցիայի դեմ  պայքարը տարվի հիշյալ մակարդակում, ապա այդ մարդիկ պարզապես դուրս կգան համակարգից, իսկ խոշոր կոռուպցիան կմնա: Եթե պատկերավոր ասենք` ասես գեր մարդն ընկնի մի քանի նիհար մարդկանց վրա: Լուծումը ո՞րն է: Հարկավոր է գեր մարդուն հանել առաջնահերթ: Մինչև Հայաստանում խոշոր կոռուպցիայի դեմ պայքար չծավալվի, ցածր օղակներում առկա կոռուպցիայի դեմ պայքարը կարող է ոչ մի արդյունքի չբերել, անգամ՝ վնասել: Այո, կան մարդիկ, որ լավ մասնագետ են, բայց քանի որ աշխատավարձը ցածր է, դրա համար են ծաղիկ վերցնում կամ լրացուցիչ պարապում: Հիմա եթե «այս մարդկանց վրա տեսախցկիներ դնենք», որ` ծաղիկն ու լրացուցիչ պարապել չլինի, նրանք համատարած դուրս են գալու կրթական համակարգից, իսկ նրանց փոխարեն գալու են մարդիկ, որոնք փողի կարիք չունեն,  սակայն ունեն այլ` պարզապես տանից դուրս գալու կարիք: Նրանք, գուցեև կաշառք էլ չվերցնեն, ծաղիկ էլ չվերցնեն, լրացուցիչ պարապելու որակներ էլ չունենան, ընդամենը դպրոց գան ժամանցի համար: Այդ իմաստով պետք է զգույշ լինել: Չստացվի, որ պայքարենք, բայց ի վերջո ավելի վատ լինի»:

Արտակ Մանուկյանը շատ սխալ է համարում ծախսը` հանուն ծախսի մոտեցումը. «Ամենահեշտ ձևը դպրոցներ վերանորոգելն է, որովհետև շինարարությունն իր էությամբ կոռուպցիոն  մեծ ռիսկեր է պարունակում: Տեսնում ենք արդյունք, բայց թե ինչ է լինում ընդհանուր առմամբ` կյանքի որակի, կրթության որակի մասով, չենք կարող ասել, քանի որ հստակ գնահատումներ կան»:

Վերոնշյալ նախագծում կա կուռուպցիոն ռիսկերին վերաբերող մեկ կետ. «Կսահմանվեն բարեվարքության սկզբունքներ և վարքականոն, դրանք կկիրառվեն, կմշակվի ու կկիրարկվի վերահսկման ու կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմ»: Հավելենք նաև, որ հաստատման դեպքում նախագիծը ծրագրվում է իրականացնել երեք փուլով. առաջին փուլ` մինչև 2020 թվականը, երկրորդ փուլ` 2020-2025 թթ., երրորդ փուլ` 2026-2030: Նախագծին կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի` «www.e-draft.am/projects/528/about» էջում:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register