ԴՊՐՈՑՆԵՐԸ ՄՈԴԱՅԻԿ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԵՆ

40318584_506740219787901_6200774762046685184_n (1) (1)

Ուսումնական տարին սկսված է, և քանի որ բոլոր ոլորտներում ու նախարարություններում էլ վերջերս մեծ փոփոխություններ են կատարվել, ուսումնական պրոցեսը ևս որոշակի փոփոխություններ է կրել՝ ոչ այնքան ներքին, ինչպես շատ այլ ոլորտներում, այլ ավելի արտաքին՝ բառի ուղիղ իմաստով։

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկեց այլևս չօգտագործել դպրոցական համազգեստ՝ այսպիսով առաջարկելով երեխաներին ավելի ազատ զգալ իրենց, ծնողներին էլ ազատել ավելորդ ծախսերից, քանի որ շատերի համար ամենամյա սև-սպիտակ համազգեստի գնումն իսկապես շոշափելի գումարների կորուստ է։ Իսկ նման կերպ երեխաները կարող են իրենց հագուստով ներկայանալ դպրոց: Եվ ի վերջո՝ կարևոր է ոչ թե հագածը, այլ ստացած գիտելիքը։

Սա հետաքրքիր մոտեցում է, սակայն  ունի մի շարք բացեր, որոնք պետք է հաշվի առնենք։ Եվ բացերը սերտ կապ ունեն քսանմեկերորդ դարի հետ, ավելի կոնկրետ՝ համացանցի, ու ահա՝ ինչպես։

Համացանցն անընդհատ մեզ է հրամցնում այս և այն գեղեցկության «դասական մոդելը»՝ ստիպելով մարդկանց համապատասխանել դրանց։  Դեռահասներն ամենախոցելի խումբն են, որովհետև դեռ չունեն ձևավորված կարծիք, արագ են ընկնում տպավորությունների ու  դիմացինի՝ ավելի վստահ հնչած կարծիքի ազդեցության տակ։ Սա մեծ ազդեցություն է թողնում երեխաների՝ աշխարհն ընկալելու հարցում։ Կմտածեք՝ ի՞նչ կապ ունի «մոդայիկ» համացանցը կրթության, կամ, առավել ևս, համազգեստ կրելու հետ։ Մինչդեռ իսկապես կապ կա։

Շատ երկրներ օգտագործել են ազատ հագուստ կրելու հնարավորությունը, նույն ԱՄՆ-ում սա ընդունված փորձ է։ Բայց հետագայում հետազոտությունները ցույց են տվել, որ  դա այդքան էլ լավ չի ազդել դեռահասների հոգեբանության վրա։ Նախ, աղջիկները սկսում են ավելի քիչ կրել կիսաշրջազգեստներ, օգտագործում են շատ շպար, և ստացվում է, որ դպրոցը դառնում է պոդիում, որտեղ ամեն մեկն ուզում է իրեն ավելի լավ  կողմից ու լույսից ցուցադրել։

Ստացվում է, որ Հայաստանում ևս կարող է նորաձևության մրցավազք սկսել, ինչն էլ ավելի է ճնշելու  երեխաներին։ Որովհետև եթե՝ ֆինանսապես ավելի վատ ապրող երեխան իր սև-սպիտակ հագուստը համեմատում էր մեկ ուրիշի սև-սպիտակ հագուստի հետ, հիմա արդեն նա իր առօրյա հագուստը համեմատելու է մյուսների բրենդային հագուստի հետ, ինչն ավելի շատ է ճնշելու։ Իսկ Հայաստանի նման երկրներում սոցիալական խավերի տարբերությունը շատ ավելի ակնհայտ է, անգամ՝ անզեն աչքով է տեսանելի, կարիք կա՞ արդյոք ավելի սրել այն։ Ազնիվ չի լինի գեղեցիկ ու համեմատաբար ավելի թանկ հագուստ կրողին արգելել դրանք կրել դպրոցում՝ դա ունի, դա է կրում, «մեղավոր չէ», որ ավելի լավ պայմաններում է ապրում։ Բայց ոչ էլ կարող ենք ավելի ցածր խավին «ստիպել» ավելի լավ հագնվել, որպեսզի չազդի նրանց վրա։ Հենց դրա համար էլ փրկության է գալիս սև-սպիտակ հագուստը, որը կօգնի դասարանը չբաժանել ավելի լավ հագնվողների ու ուղղակի հագնվողների մեջ։

Համազգեստ կարգուկանոն է ենթադրում, զսպիչ դեր է տանում։ Այն որոշակիորեն զսպում է սոցիալական տարբեր խավերի ցցուն տարբերությունը,  քանի որ այդ տարբերությունը ցույց տալու քիչ եզրեր են մնում։

Դեռհասաների հոգեբանությունը փխրուն է, պետք է նման դետալները ևս հաշվի առնել, քանի որ մեզ պետք է ինքնաբավ, առողջ ու խելացի սերունդ, ոչ թե դեռահասների խումբ, որը մոռացել է՝ ինչու է եկել դպրոց՝ ամբողջովին միայն արտաքինի վրա կենտրոնանալով։

Սիրով՝ ձեր Արիանա  

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register